«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2011-10-20 | #188, 2011-10-21 | #189, 2011-10-22


ԲՈՒՀԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԲԱՐԵԿԱՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԿԱՊԵՐԸ

Ինքնորոշված երկրների համալսարանների միությունը հիմնադրվել է շուրջ չորս տարի առաջ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում: Միությունում ընդգրկված են Աբխազիայի, Մերձդնեստրի, Հարավային Օսիայի եւ Արցախի պետական համալսարանները:

Ամեն տարի հիշյալ բուհերի պաշտոնական ներկայացուցիչները հավաքվում ենՙ միասին քննարկելու միության գործունեությանը վերաբերող խնդիրներ: Օրերս նրանք (ի բացառյալ Հարավային Օսիայի ներկայացուցչի) կրկին հավաքվել էին, այս անգամ` Ստեփանակերտում:

Հյուրերը նախ մասնակցեցին Արցախի պետհամալսարանում ստեղծված համագործակցության կենտրոնի բացման արարողությանը: Այնուհետեւ տեղի ունեցավ միության անդամ բուհերի համատեղ նիստ: Ողջունելով հյուրերինՙ նիստին ներկա ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը կարեւորեց միության նշանակությունը, նշելով, որ ԻԵՀՄ-ն, կրթագիտական ծրագրեր իրականացնելուց զատ, միաժամանակ օժանդակում է բարեկամ ժողովուրդների կապերի ամրապնդմանը, բնականաբար նպաստելով այդ երկրների միջազգային ճանաչման գործընթացին:

Չորս համալսարաններում ընդգրկված են ավելի քան 30 հազար դասախոսներ ու ուսանողներ, որոնք համագործակցում են տարբեր ուղղություններով: Նման փոխգործակցությունը վկայություն է, որ փոքր ժողովուրդները նույնպես օժտված են նույն իրավունքներով ու արժանապատվությամբ, ինչպես մեծ երկրների ժողովուրդները, իր ելույթում նշել է Մերձդնեստրի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Բերիլը : Բանախոսի տեղեկատվությամբ, Մերձդնեստրի համալսարանը, որն արդեն 80 տարեկան է, սերտ կապեր ունի ԱՊՀ եւ եվրոպական մի շարք երկրների խոշոր բուհերի հետ:

Աբխազիայի պետական համալսարանի ռեկտոր Ալեքո Գվարամիան անդրադարձավ ինքնորոշման ուղին բռնած իրենց երկրների տեւական պայքարին, ասելով, որ անկախության համար նահատակվածների հիշատակը պիտի միշտ վառ մնա ապրողների սրտերում: Հղում անելով Արցախի անկախությունը ճանաչելու մասին Եվրոխորհրդարանի 32 պատգամավորների կոչին` նա համոզմունք հայտնեց, որ մոտ ապագայում ղարաբաղցիների ազգային իղձն էլ իրականություն կդառնա, ինչպես արդեն իրականություն է դարձել աբխազների ու օսերի երազանքը:

Արցախի պետհամալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանի ելույթը նվիրված էր բուհի դերին` պետականաշինության գործընթացում: Նիստում հրապարակվեց ԱրՊՀ գիտխորհրդի որոշումը` Մերձդնեստրի համալսարանի ռեկտոր Ս. Բերիլին, Աբխազիայի համալսարանի ռեկտոր Ա. Գվարամիային եւ Հարավային Օսիայի համալսարանի ռեկտոր Թ. Կոկոեւին Արցախի մայր բուհի պատվավոր դոկտորի կոչում շնորհելու մասին:

Ինքնորոշված երկրների համալսարանների միության ներկայացուցիչներին ընդունել է նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա ողջունել է միջբուհական կառույցի փոխգործակցությունը, նշելով, որ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամ են աջակցելու նրանց ծրագրերին:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4