«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2011-10-20 | #188, 2011-10-21 | #189, 2011-10-22


ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԱՆԱԿՈՒՄ ՄՏԱՀՈԳԻՉ Է

Պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի մեկնաբանությամբ` կա բանակի հանդեպ հասարակական անվստահությունը հաղթահարելու խնդիր, քանի որ այն վտանգավոր է բանակի եւ հասարակության համար: «Բանակում տիրող իրավիճակը փոխելու պահանջը ոչ միայն հասարակական է, այլեւ բանակի ներքին պահանջ, սակայն դա մի տեսակ անտեսվում է, ինչն էլ բերում է որոշակի ձեւախեղումների` իրավիճակի գնահատման, հաղթահարման, բանակ-հասարակություն համագործակցության ապահովման տեսանկյունից: Եթե ունենք այս ելակետային սխալը, ապա ստացվում է, որ բանակն ու հասարակությունը հայտնվում են հակադիր դիրքերում»: Հարությունյանը վստահեցնում է, որ տարեցտարի բանակում նվազում են մահացության դեպքերը: «Անցյալ տարի, ըստ պաշտոնական հաղորդագրության, բանակում մահացել է 54 զինվոր, տարեվերջին կհրապարակվի այս տարվա մահացությունների թիվը: Դուք հնարավորություն կունենաք համեմատելու, սակայն թիվն իսկապես նվազել է»: Հարությունյանը հավելում է, որ իրավիճակը բանակում մտահոգիչ է: «Առավել մտահոգիչ են բռնության հողի վրա մահացության եւ ինքնասպանության դեպքերը»:

Նա համոզված է, որ պատասխանատու մարմինները քայլեր են ձեռնարկում, որպեսզի նոր տեղի ունեցող դեպքերի քննություններն անաչառ լինեն:

Նրա գնահատմամբ` բանակի ամենալուրջ պրոբլեմը միջանձնային հարաբերությունները, ներքին կոնֆլիկտների զարգացման խնդիրները կանխատեսելն ու կարգավորելն է: Որպես խնդրի լուծում նա առաջարկում է բանակի մասնագիտական ներուժի բարձրացում ու մասնագիտական կառույցների ստեղծում: «Իրավիճակից ելնելու համար առաջարկել ենք մինչեւ 35 տարեկան հոգեբանների երկամյա զորակոչ: Բացի այդ, պետք է ներդնել սոցիալական աշխատողների ինստիտուտ, որն ուշադրության կենտրոնում կպահի բանակում հարմարվողականության, կոլեկտիվի ձեւավորման խնդիրներն ու միջանձնային հարցերը»: Հարությունյանն ասաց, որ իրենց խորհուրդը բաց է եւ պատրաստ է համագործակցության: «Կան կազմակերպություններ, որոնք մեզ հետ համագործակցում են, կան, որ հրաժարվում են»: Թե ովքեր են հրաժարվում եւ որ կազմակերպություններն են պատճառ դառնում, որ բանակն ու հասարակությունը տարբեր կողմերում են հայտնվել Հարությունյանը չպատասխանեց, հավելելով, որ բոլորն էլ նրանց գիտեն:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4