Հայաստանում այսօր ապրում է 172.000 հաշմանդամ: Նրանց հիմնական խնդիրներն են տեղաշարժման մատչելիությունն ու աշխատանքի տեղավորումը: Այս խնդիրների վերաբերյալ երեկ «Մարիոթ» հյուրանոցում կայացել է քննարկում հասարակական տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ: «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի ներկայացմամբՙ արդեն մի քանի տարի պետական տարբեր ատյաններում հաշմանդամների մատչելիության ապահովման վերաբերյալ քննարկումներ են կազմակերպվել, օրենքներ ներկայացվել: Օրենսդրական դաշտը բավարար է, սակայն օրենքները չեն գործում: Հաշմանդամություն ունեցող անձինք ահազանգում են` այսօր քաղաքի կենտրոնում կառուցվող շենքերը թեքահարթակներ չունեն եւ դժվարաշարժ մարդիկ հնարավորություն չունեն, անարգել տեղաշարժվել:
Ալավերդյանը տեսահոլովակ է նկարահանել ու պատկերել մայրաքաղաքի բոլոր կարեւոր կառույցները: Նրանց 90 տոկոսը թեքահարթակ չունի: «Միայն այն կառույցներում կգտնեք թեքահարթակ, որը միջազգային ինչ-որ կազմակերպության կառույց է կամ միջազգային բրենդի ներկայացուցիչ»:
Հաշմադամների իրավունքները խախտվում են նաեւ տրանսպորտից օգտվելիս: Հաշմանդամները կատակով ու ցավով ասում են, որ տրանսպորտն իրենց համար ստեղծված չէ: «Ավտոբուսների նոր խմբաքանակը, որը շուտով ներկրվելու է Երեւան, լինելու է սովորական»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի փոխանցմամբՙ մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծ, որը անդրադառնալու է նաեւ նորակառույց եւ վերակառույցվող շենքերի` հաշմանդամներին հարմարեցված լինելու խնդրին:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար երեկ ստորագրվեց հուշագիր Հաշմանդամների իրավունքների պաշտպանների համապետական ցանց ստեղծելու վերաբերյալ:
Հ. Հ.