«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2011-10-20 | #188, 2011-10-21 | #189, 2011-10-22


ԼԵՌԸ ՄՈՒԿ ԾՆԵՑ, ԿԱՄ ՀՀԿ-Ն ԵՎ ԲՀԿ-Ն ՄԱԳԱՂԱԹԱՅԻՆ ԹԻՄԵՐ ՉԵՆ

Ինչպես եւ կանխատեսել էինք` լեռը մուկ էր ծնելու, այսինքնՙ ՀՀԿ-ԲՀԿ ինտրիգը հերթական անգամ կուտ էր գնալու, քանի որ տակը առանձնապես մի բան չկար էլ` ինտրիգն արհեստական տաքացնողներ էին եղել, սարքել մի լեռան բոյի, որից ընդամենը մուկ ծնվեց, քանի որ ՀՀԿ գործադիրի նիստի երեկվա սպասումից դեռ առաջ, ցերեկը ե՛ւ ԲՀԿ-ական աղբյուրներն էին «սուխոյ ատկազ» անում, թե իրենց որեւէ վերջնագիր է առաջարկվել, ե՛ւ թե ՀՀԿ-ամերձ աղբյուրներն էին մի քիչ տատամսած ուսեր թոթվում: Մինչեւ որ Գալուստ Գրիգորիչը վերջապես պարզություն մտցրեց ջրերում, թե ՀՀԿ-ն վերջնագրով խոսելու որեւէ խնդիր չունի, այդ ընդդիմախոսներն են «չասեմ վախից, բայց ամեն դեպքում փորձում ճեղքեր գտնել ՀՀԿ-ում»: Իսկ ԲՀԿ-ն, ըստ Գ. Սահակյանի, որպես երկրորդ կուսակցություն բավականին հզոր քաղաքական ուժ է, որի հետ ՀՀԿ-ն ռազմավարություն է իրականացրել.«Իսկ այն, ինչ կա, ուղղակի սենսացիաների փորձ է»: ՀՀԿ-ն ուղղակի քննարկում-վերլուծում է ներքաղաքական զարգացումները, իսկ մնացածը մամուլի տրամաբանության եւ երեւակայության արդյունք է, մի խոսքով: Իսկ թե նոր հուշագիր ստորագրելու լուրն էլ երեւակայության արդյո՞ւնք է` ըստ Գ. Սահակյանի, իրենք չեն հասել դրան, որ մագաղաթային թիմեր են դառնում ու պետք է իրար հետ հուշագրերով խոսեն: Վերջին հուշագիրն էլ, ըստ ՀՀԿ փոխնախագահի, ընտրական ռազմավարությանն է վերաբերում, դրան ոչ ավելացնելու բան կա այս պահին, ոչ էլ այդ մասին մտածում են: Գալուստ Սահակյանի կարծիքով իսկական նախընտրական պայքարը կթեժանա նոյեմբերի վերջին կայանալիք ՀՀԿ համագումարից հետո միայն:

Երեկոյան, այնուամենայնիվ, սկսվեց ՀՀԿ գործադիրի երկար սպասված նիստը:

ՀՀԿ գործադիրի նիստը, ըստ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի, տեւեց ընդամենը 10 րոպե եւ ներքաղաքական խնդիրներին անդրադարձ չարեց: Ընդամենը քննարկվել է հոկտեմբերի 30-ին տեղի ունենալիք տնտեսական համաժողովի օրակարգը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4