Ասում է Նորայր Ադալյանը
Ավ. Իսահակյանի անվան գրադարանում նշեցին արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, հրապարակախոս Նորայր Ադալյանի ծննդյան 75-ամյակը: 60-ականներին գրական անդաստանում հստակ ձեւավորվեց երիտասարդ գրողն իր ուրույն ոճով, երեւույթների ճիշտ ընկալման ու ներկայացման ձեւով: Դուք ասացիք. «Կապույտը կարոտի գույնն է» եւ կարոտեցիք մեր մեծ հայրենիքը: Հարցրիք. «Ի՞նչ է ուզում հայ ոգին այսօր», «Ի՞նչ ազգության է հայ մտավորականը» եւ նայեցիք մտավոր ու հոգեւոր զարգացումների ուղղությամբ: Գրեցիք. «Ազգայինը մայրենի երկիրն է, թռիչքադաշտ դեպի երկինք»: Խոստովանեցիքՙ «Չեմ սիրում նույն ճանապարհն անցնել երկրորդ անգամ» եւ երբեք չկրկնեցիք Ձեզՙ միշտ նոր եւ ուրիշ, իսկ բոլորը միասինՙ Ադալյանական, որտեղ մարդն է եւ իր դրամատիկ իրականությունը: Ահա այսպես էին արտահայտվում Նորայր Ադալյանին ներկայացնելիս ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը , Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղ. ղեկավար, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանը , ՀԳՄ քարտուղար Դավիթ Մուրադյանը , ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը , ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը եւ ուրիշներ: Ելույթ ունեցողները ներկայացրին Ադալյանի գրական ժանրերը ու նշեցին, որ Ադալյանը, անկախ ժամանակներից, միշտ նկատել է, անդրադարձել է տիրող իրավիճակին:
Նա երբեք չի եղել հարմարվող, այլ մշտապես ըմբոստացել է հանուն երկրի ապագայի, հանուն նոր սերնդի բարօրության: Ադալյանի շատ երկեր թարգմանվել են օտար լեզուներով ու դարձել սեղանի գիրք: Ադալյան գրողը բազմիցս արժանացել է բարձրագույն պարգեւների ու պատվավոր կոչումների: Իսկ «Սեւ քառակուսի կարմիր անապատում» ցեղասպանապատում վեպն արժանացավ ՀՀ նախագահի մրցանակին, «Ծաղրածուն մեծ քաղաքում» վեպըՙ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, սփյուռքի նախարարության եւ ՀԳՄ «Հայ արձակ. 21-րդ դար» հատուկ մրցանակին:
Երիտասարդ տարիներին Նորայր Ադալյանն ասել է . «Շուտով ես կմեծանամ եւ մի գեղեցիկ օր կբացեմ ինձ համար մեր կյանքի ամենաբազմազան առեղծվածները: Եվ այդպես, յուրաքանչյուր տարի ընթերցողի դատին հանձնեց իր գործերըՙ շուրջ 30 հատոր, եւ դարձավ գրական երեւույթ մեր գրականության ու հասարակության կյանքում: Նշեմ միայն մի քանիսըՙ «Կապույտ Երզնկա», «Ապոկալիպսիս», «Համաճարակ», «Մրջնանոց», «Թաղման թափոր» եւ էլի շատ ուրիշներ: Լեւոն Անանյանը այսպես ներկայացրեց Ադալյանին. «Մենք այսօր գրական արձակում ունենք եռավարպետություն, հավասարակողմ եռանկյունիՙ Նորայր Ադալյան, Պերճ Զեյթունցյան, Ռուբեն Հովսեփյան, որը մեծ դպրոց է սերունդների համար»:
Նորայր Ադալյան դրամատուրգը ինքնատիպ է ու շատ նրբին: Նրա մեկ տասնյակից ավելի պիեսները բեմադրվում են Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնումՙ աշխարհ բերելով գեղարվեստական պատկերը, իր դրամատուրգիայի ճարտարապետության դրվագները: Ադալյանի դրամատուրգիան հրաշալի ներկայացրեց ու վերլուծեց թատերագետ Լեւոն Մութաֆյանը: Գեղարվեստական մտածողության, գրական գործերին, հրապարակախոսություններին անդրադարձավ տկն Աելիտան ու նաեւ հպանցիկ անդրադարձ արեց Ադալյան գերդաստանին, որից սերել է Նորայրը: Խոսքի, բառ ու բանի հմուտ մի մշակ է Նորայր Ադալյանը, ում գեղարվեստական արձակի առանցքում բյուրեղացած են մարդու ներաշխարհը, արդիականության տագնապներն ու մտահոգությունները, հայ ժողովրդի ցավերն ու կորուստները: Նրա գործերում ամեն մեկը գտնում է իրեն, վերապրում դրվագներ, որոնք դարձել են գեղարվեստական գրականություն:
Ադալյանի գործերից հատվածներ ընթերցեցին դերասան Ազատ Գասպարյանը եւ հանդիսավար Գայանե Սամվելյանը: Դավիթ Մուրադյանի բնորոշմամբՙ Ադալյանը ժամանակի հետ նորանում է ու յուրաքանչյուր նոր գրքով ինքնահայտնաբերվում է շրջապատում միանգամայն նոր ոճի մեջ, նոր ժանրային տիրույթներում, հաղթահարելով ժամանակի նյութը, պատասխանելով այս ժամանակի մարտահրավերներին: Հոբելյարին շնորհավորեց նաեւ գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը եւ ասաց, որ գրադարանի տարեկիցը սերտ կապեր է պահում ընթերցողների ու գրադարանի հետ:
Հոբելյարը շնորհակալություն հայտնեց ներկաներին ու ասաց. «Այս հանդիպումը ե՛ւ ուրախալի է, ե՛ւ տխուր: Ուրախալի է, որ հանդիպում եմ իմ բարեկամներին այս սրահում ու նաեւ դրսում: Երջանիկ եմ, որ կարողացել ենք երկխոսության մեջ մտնել միմյանց հետ, անկախ, թե դուք ինչպես եք գնահատում իմ գրական աշխատանքը: Նույնիսկ գոհ եմ նրանցից, ովքեր ինձ չեն հավանում, որովհետեւ գրողի համար շատ կարեւոր է ընթերցված լինելը»: Իսկ ինչու էր տխուր հոբելյարը. «Որովհետեւ իմ մի քանի գրական կուռքերը, որոնցից ես այսօր տարեց եմ, իրենց կենդանության օրոք հոբելյան չտեսան. Բակունցը, Թոթովենցը, Մահարին: Տխուր եմ նրանց համար, սիրում եմ նրանց եւ առանց նրանց ոչ միայն ես, այլեւ ամեն ոք չէր հասնի այսօրվան: Մեծ հայեր, որ ստեղծեցին մեծ գրականություն: Մենք ապրում ենք դժվար ժամանակներ ամեն առումովՙ ե՛ւ ազգային, ե՛ւ հասարակական-քաղաքական, ե՛ւ մշակութային: Ես մեծ ցավ եմ ապրում, որ մեր մշակութային արդար եւ ճշմարիտ արժեքներն այսօր հետին պլան եմ մղվել: Ցավալի է: Կատարվում է հակաազգային մի գործողություն, որին պետք է վերջ դնել: Ուրեմն ամեն մեկս մեր ուժերի ներածի չափով մտահոգվենք եւ փորձենք պահպանել մեր անցյալի թանկ հոգեւոր արժեքները, հոգեւոր արժեքներն ավելի, քան նյութականը»:
«Գրականությունը իմ ամբողջ կյանքն է: Ես աչքս բացել եմ սկսած դպրոցական նստարանից, եղել եմ գրականության սիրահար եւ հետագայում էլ փորձել եմ ինչ-որ չափով արտահայտվել գրականության միջոցով: Ավելի թանկ ասպարեզ, քան գրականությունն ու մշակույթը, չգիտեմ», «Ազգի» հարցին պատասխանելով ասաց պրն Ադալյանը եւ ներկաների հետ ըմբոշխնեց միջոցառման երաժշտական մասը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ