«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2011-10-20 | #188, 2011-10-21 | #189, 2011-10-22


ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը մեկնեց Պոդոլսկ, որտեղ ուսումնամարզական վերջին հավաքը կանցկացնիՙ նախապատրաստվելով նոյեմբերի 6-ին Փարիզում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը: Հենց Պոդոլսկից էլ մեր հավաքականը կմեկնի Փարիզ: Աշխարհի առաջնությունը մեր ծանրորդների համար տարվա գլխավոր ստուգատեսն է, քանի որ այնտեղ խաղարկվելու են 2012-ի Լոնդոնի ամառային օլիմպիադայի ուղեգրերը:

Նշենք, որ անցյալ տարվա աշխարհի առաջնության արդյունքներով Հայաստանի կանանց հավաքականն առավելագույն թվովՙ օլիմպիական 4 ուղեգիր ունի այս պահին: Մեր տղամարդկանց հավաքականը 6 ուղեգրերից առայժմ 4-ին է հավակնում: Եթե Փարիզում էլ հայ ծանրորդները հաջող հանդես գան, ապա ուղեգրերի քանակը կարող է աճել:

Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի կարծիքով մեր ծանրորդները կփորձեն Փարիզում առնվազն 5 օլիմպիական ուղեգիր նվաճել, իսկ կանայքՙ 3: Նման առաջադրանքի կատարման համար հարկ կլինի թիմային հաշվարկում գրավել 7-12-րդ տեղերը:

Պոդոլսկ են մեկնել 5 հայ ծանրորդներ: Մարզումներին կմասնակցեն Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Սամվել Գրիգորյանը (69 կգ), Տիգրան Գ. Մարտիրոսյանը (77 կգ) եւ գերծանրքաշայիններ Հայկ Հակոբյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:

Իսկ Արայիկ եւ Առաքել Միրզոյանները, որոնք հանդես են գալիս մինչեւ 77 կգ քաշային կարգում, նախապատրաստությունը շարունակում են Բաղրամյան գյուղում Օգսեն Միրզոյանի գլխավորությամբ: Պոդոլսկում մարզումները կղեկավարեն գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը, Փաշիկ Ալավերդյանը եւ Ալեքսան Կարապետյանը:

Կանանց հավաքականը գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի եւ Արման Ղազարյանի գլխավորությամբ մարզվում է Աբովյանում: Նախատեսվում է, որ Փարիզում մրցահարթակ դուրս կգան Մելինե Դալուզյանը (69 կգ), գերծանրքաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, ինչպես նաեւ Իզաբելա Յայլյանը (53 կգ), Ալլա Սամվելյանը (58 կգ) եւ 22-ամյա գերծանրքաշային Նաիրա Հարությունյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4