«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2011-10-21 | #189, 2011-10-22 | #190, 2011-10-25


ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՉԷ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Անցած շաբաթավերջին Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայ քարոզչությունը, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումը եւ ռազմականացման գործընթացի շարունակումը լուրջ խոչընդոտ են ինչպես հակամարտության կարգավորման, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության պահպանման համար: Այս համատեքստում նա կարեւորել է Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու անհրաժեշտությունը: Համանախագահներ Ի. Պոպովը, Ռ. Բրադկեն եւ Բ. Ֆասիեն համաձայն են եղել, որ ուժային տարբերակի կիրառումն անընդունելի է, ուստի կարծիք են հայտնել, որ բանակցային գործընթացում էական առաջընթաց ապահովելու համար պետք է փոխվստահության մթնոլորտ ձեւավորել:

ԼՂՀ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո եռանախագահները պատասխանել են լրագրողների հարցերին: Միջնորդները Ստեփանակերտում եղել են շուրջ չորս ամիս առաջ, ուստի Բակո Սահակյանի հետ քննարկել են հարցերի բավականին լայն շրջանակ, որի առանցքը, ըստ համանախագահների, հիմնախնդիրը խաղաղ կերպով լուծելու համըմբռնումն է: «Մենք համոզված ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», լրագրողների մոտ հայտարարել է Ռոբերտ Բրադկեն: Արտահայտելով իր գործընկերների տեսակետըՙ ամերիկացի համանախագահը նաեւ անդրադարձել է զինադադարի ռեժիմի պահպանման խնդրին, շեշտելով, որ ամեն պարագայում` մարդկային կորուստն անիմաստ է: «Մենք քննարկել ենք լարվածության թուլացման հետ կապված հարցեր, մասնավորապես խոսել ենք շփման գծում միջադեպերի հետաքննության նպատակով մշակված մեխանիզմների փաթեթի մասին, որը մինչ այդ փոխանցվել էր կողմերին», ավելացրել է Իգոր Պոպովը : Նպատակը, դիվանագետի մատուցմամբ, հիմնախնդրի խաղաղ ու վերջնական կարգավորման համար պայմաններ ստեղծելն է, որին հասնելու համար նախ պետք է ազատվել ավելորդ լարվածությունից:

Նա հղում է արել անցյալ տարի Բաքվում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպմանը, որտեղ ընդունվել էր համապատասխան փաստաթուղթ: Դիվանագետը հիշեցրել է, որ նոյեմբերին Երեւանում կկայանա ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստ, որը նույնպես դրական դեր կխաղա խաղաղության հասնելու գործընթացում: «Այս ուղղությամբ հաջողության հասնելու առաջին պայմանը ռազմատենչ հայտարարություններից ձեռնպահ մնալն է», նկատեց ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն , նշելով, որ երբ խոսվում է խնդիրը զենքի ուժով լուծելու մասին, ապա դա բարենպաստ պայմաններ չի ստեղծում արդյունավետ բանակցությունների համար:

Իսկ շարունակական բանակցություններն իրոք այլընտրանք չունեն, թեկուզ նույնիսկ Բաքուն հերթական անգամ չարձագանքեց կառուցողականության դաշտ գալու` պաշտոնական Ստեփանակերտի մեսիջին: Մնում է, ինչպես միշտ, սպասել միջնորդների հաջորդ այցին, որն, ինչպես տեղեկացրին համանախագահները, երեւի կլինի նոյեմբերի վերջերին:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4