Հոկտեմբերի 12-21-ը հանրապետությունում ավարտվեց մարդահամարի հաշվառման առաջին փուլը: Մեկ շաբաթվա ընթացքում 12.000 հաշվարարները 33 հարցից բաղկացած թերթիկներով այցելել են բնակարաններ ու փորձել պարզել, թե բնակչության ո՞ր տոկոսն է աշխատանքով ապահովված եւ սոցիալական ինչպիսի կարգավիճակ ունի: Հաշվարարները պարզել են նաեւ մանրամասնություններ հասարակության շրջանում լեզուների տիրապետման, կրոնի եւ առողջության վերաբերյալ: Նրանք ճշտել են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ հայ հասարակության վերաբերմունքը: 33 հարցից երկուսը վերաբերում էր համակարգիչ ունենալուն եւ ինտերնետից օգտվելուն:
Մեկ շաբաթվա ընթացքում հաշվառվել են նաեւ հատուկ կարգավիճակում գտնվող անձինք: Հաշվարարներն այցելել են կալանավայրեր, հոգեբուժարաններ, մանկատներ եւ ծերանոցներ: Հաշվառում է անցել նաեւ արտգործնախարարության դիվանագիտական անձնակազմը, որը բնակվում է արտերկրում:
Մարդահամարի անցկացման գլխավոր պատասխանատուն` ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը շեշտում է, որ հաշվառման ընթացքում խնդիրներ են առաջացել: Շատերը չեն հասկացել հարցի իմաստը, ոմանք խուսափել են հարցերին պատասխանելուց` հավելելով, որ մարդահամարը պետք է ճշտի միայն հանրապետության բնակչության թիվն ու տարիքը: «Սակայն մարդահամարի նպատակը միայն բնակչության թվաքանակի ապահովումը չէ: Այն պետք է ամբողջական պատասխան տա երկրի բնակչության սոցիալական, կրթական մակարդակի վերաբերյալ»: Հիմնականում դրսի ուժերից ղեկավարվողների կողմից աղմուկ հանած կրոնի եւ ազգային պատկանելության հարցերին անդրադառնալիս Կույումջյանը հերթական անգամ շեշտեց, որ այդ հարցերին պատասխանելը քաղաքացու ընտրությունից է կախված` հավելելով, որ այդ հարցերի ձեւակերպումը սահմանված է միջազգային նորմերով:
Նրանց, ովքեր չեն հաշվառվել, վիճակագրական ծառայության մարդահամարի վարչությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 22-ից սկսվել են վերահսկիչ միջոցառումների շարքը, որոնք միտված են հաշվառման գործընթացում թերությունները նվազեցնելուն: Մինչեւ ամսվա վերջ հաշվարարները կայցելեն այն բնակարանները, որտեղ հաշվառում չեն անցկացրել: Կույումջյանը բացառում է, որ մի մարդը երկու անգամ հաշվառվի:
Երկրորդ վերստուգիչ հաշվառումից հետո մարդահամարի վարչությունը ամբողջական վերլուծության կենթարկի նյութը: Առաջին նախնական արդյունքները կհրապարակվեն փետրվարին: Վերջնական արդյունքը պարզ կդառնա մյուս տարվա աշնանը:
Մարդահամարի անցկացման համար կառավարությունը տրամադրել է 2.5 մլրդ դրամ: Նախորդ մարդահամարի արդյունքներով Հայաստանի բնակչությունը կազմել է 3 մլն 213.000 մարդ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ