«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2011-10-21 | #189, 2011-10-22 | #190, 2011-10-25


ՆՈՐ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՑՆՑՈՒՄՆԵՐ ՎԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Վանի շրջանում կիրակի օրը տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի թիվը, նախնական տվյալներով, 264 է, վիրավորների թիվը անցնում է 1300-ից: Այդ մասին երեկ լրագրողներին հայտնել է Թուրքիայի ներքգործնախարար Իդրիս Նաիմ Շահինը: Նրա խոսքերով, 117 զոհ հայտնաբերվել է ավերված Էրջիշ (հայկական Արճեշ) քաղաքի փլատակներում, 100-ից ավելի զոհեր կան Վանում: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

Նշվում է, որ ընդամենը կես րոպեի ընթացքում բարձրահարկ եւ ցածրահարկ շենքերը փլուզվել են մեկը մյուսի հետեւից: Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ շատերը համարվում են անհետ կորած: Նախնական գնահատումների համաձայն, ավերված շենքերի փլատակներում կան հարյուրավոր մարդիկ: Տեղացի սեյսմագետները կանխատեսում են, որ վերջին տարիների խոշորագույն տարերային աղետի հետեւանքով զոհվածների թիվը կկազմի 500-1000 մարդ:

Վանի նահանգում երկրաշարժը տեղի ունեցավ կիրակի օրը, տեղական ժամանակով ժ. 13.50-ին: Էպիկենտրոնում մագնիտուդը կազմում էր 7,2: Առաջին ցնցմանը հաջորդեցին մի շարք այլ ցնցումներ, որոնցից ամենաուժեղը (6 մագնիտուդով) տեղի ունեցավ նույն օրվա ուշ երեկոյան: BBC-ն հաղորդում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Վանից 20 կմ հյուսիս-արեւմուտք, օջախը 9 կմ խորության վրա էր: Ցնցումները զգացվեցին Իրաքում, Իրանում, Հայաստանում եւ Վրաստանում: Տասնյակ երկրներ անմիջապես օգնություն առաջարկեցին, սակայն Վան քաղաքի օդանավակայանը մասամբ ավերված է եւ չի կարող օդանավեր ընդունել:

Երկուշաբթի առավոտյան Թուրքիայում արձանագրվեց 4,3 մագնիտուդով եւս մեկ երկարաշարժ: Այդ մասին հաղորդեց ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Վան քաղաքից 27 կմ հեռու, օջախը 5 կմ խորության վրա էր: Ընդհանուր առմամբ 2 օրում արձանագրվեց 200-ից ավելի ցնցում:

Հոկտեմբերի 23-ի ուժեղ երկրաշարժի հետեւանքով փլուզվել է Վանի բանտի պատերից մեկը: «Հաբերթյուրք» հեռուստաալիքը հաղորդում է, որ 150 բանտարկյալներ ազատություն են ստացել, բայց որոշ ժամանակ անց նրանցից 50-ը վերադարձել են բանտ եւ անձնատուր եղել: Նրանք ասել են, որ ընդհանուր խուճապի պայմաններում հայտնվել են ազատության մեջ եւ որոշել են տեսնել, թե ինչ վիճակում են իրենց հարազատներն ու մերձավորները, իսկ դրանից հետո վերադարձել են կալանավայր:

1976-ին Վանի նահանգում տեղի էր ունեցել համանման ուժեղ երկրաշարժ: Այն ժամանակ զոհվել էր 3840 մարդ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4