«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2011-10-21 | #189, 2011-10-22 | #190, 2011-10-25


ԿԱՐԵՎՈՐԸ ՄԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

Այսպիսի պատգամ է հղել համայն հայությանը Մոնրեալի քաղաքապետական խորհրդի հայազգի երիտասարդ նախագահ Հարութ Շիթիլյանը, որի հետ օգոստոսի կեսերին տեղի ունեցած տարեկան համաժողովրդական եռօրյա փառատոնի օրերին հարցազրույց է վարել Կանադայում լույս տեսնող «Ապագայ» շաբաթաթերթի աշխատակից Կարպիս Գազանճյանը:

Նրա պարտականություններից է հզորացնել քաղաքացիների վստահությունը եւ նրանց մասնակցությունը հանրային կյանքին եւ կապի միջոց հանդիսանալ ընտրված պաշտոնական այրերի եւ հանրության միջեւ: Իր ղեկավարած հանձնախումբը նաեւ կազմակերպում է քաղաքի ընդունելությունները եւ վարում է արարողակարգի, ինչպես նաեւ երիտասարդության, մոնրեալցիների եւ միջմշակութային քաղաքային երեք խորհուրդները:

Հարցազրույցի պատասխաններից տեղեկանում ենք, որ Հարութ Շիթիլյանը ծնվել է Բեյրութում, բայց փոքր տարիքից փոխադրվել է Մոնրեալ, որտեղ ՀԲԸՄ-ի Ա. Մանուկյան վարժարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոնրեալի հարավակողմում գտնվող ֆրանսերեն ուսուցմամբ վարժարանում եւ ապա համալսարանում: Ավարտել է որպես համակարգիչների ճարտարագետ եւ մասնագիտացել հեռահաղորդակցությունների մարզումՙ Մոնրեալի ճարտարագիտական կրթօջախում: Խորհրդի նախագահն է ընտրվել 2009-ի հունիսի 20-ին, երբ բոլորել է երեսունամյակը: Հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներինՙ հարգանք, հասկացողություն, հաշվետվություն, եւ գիտակցում է, որ որեւէ ընտրված պաշտոնատար անձ առաջին հերթին պարտավոր է ծառայել ժողովրդինՙ քաղաքացիներին եւ փորձել բարձրացնել նրանց կենսամակարդակը, պահպանել ժողովրդավարական սկզբունքներն ու ժառանգած արժեքները:

Երկու տարբեր առիթներով այցելել է Հայաստան եւ խոր տպավորություններով վերադարձել:

«Մոնրեալը մեզ արտոնյալ պայմաններ է ստեղծելՙ պահպանելու մեր ինքնությունը, լեզուն եւ ժառանգությունը: Մենք պարտավոր ենք գնահատել այդ եւ սատար կանգնել մեր մշակութային եւ պատմական արժեքներին», գտնում է նա:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4