Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրն անվանեց երկրի նոր չեմպիոնին: ՀՀ առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ «Ուլիսը» դարձավ ուժեղագույնը: Վեցամյա կենսագրություն ունեցող ակումբին հաջողվեց վերջապես ընդհատել «Փյունիկի» գերիշխանությունը հայկական ֆուտբոլում, որը 10 տարի շարունակ ոչ մեկին չէր զիջում չեմպիոնի դափնին: Եվ ահա «Ուլիսը» Սեւադա Արզումանյանի գլխավորությամբ հասավ մեծ նվաճման:
Թվում էր, թե 26-րդ տուրում «Ուլիսին» դժվար չի լինի հաղթել առաջնության հետնապահ «Արարատին», որը մինչ այդ 9 անընդմեջ պարտություն էր կրել ու վերջին 8 հանդիպումներում գոլ չէր խփել: Սակայն արարատցիները համառ դիմադրություն ցույց տվեցին: Ավելին, 26-րդ րոպեին նրանք բացեցին հաշիվը, երբ 11 մ հարվածի իրավունք ստացան: Աչքի ընկավ Խորեն Վերանյանը: Բաց թողած գոլը ստիպեց ուլիսցիներին դիմելու վճռորոշ գործողությունների, ինչը ի վերջո դրական արդյունք տվեց: Ընդամենը 2 րոպե պահանջվեց հավասարակշռությունը վերականգնելու համար: Անկյունայինի խաղարկումից հետո Միխեիլ Սիմոնյանը գլխի հարվածով խփեց պատասխան գնդակը: Իսկ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Դավիթ Գրիգորյանը տուգանային հարվածով խփեց հանդիպման հաղթական գնդակը: Հաղթելով 2-1 հաշվով, «Ուլիսն» առաջնության ավարտից 2 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար:
Եթե չեմպիոնը որոշվեց, ապա 2-րդ եւ 3-րդ տեղերի համար պայքարն անչափ սրվեց: Բնավ էլ զարմանալի չի լինի, եթե արծաթե եւ բրոնզե մեդալներին արժանանան «Բանանցն» ու «Միկան»: «Բանանցը» պարզապես մարզական սխրանք գործեց: «Իմպուլսի» հետ խաղում առաջին խաղակեսից հետո պարտվելով 0-2 հաշվով, «Բանանցն» ընդմիջումից հետո 3 գոլ խփեց ու կամային հաղթանակ տոնեց: Ընդամենը 4 րոպեում երկու անգամ Բետոն, մեկ անգամ էլ Բրունո Կորեան գրավեցին «Իմպուլսի» դարպասն ու անչափ կարեւոր հաղթանակ պարգեւեցին իրենց թիմակիցներին: Իսկ մինչ այդ «Իմպուլսից» գոլերի հեղինակներ էին դարձել Արթուր Բարսեղյանն ու Նորայր Գյոզալյանը:
«Միկան» էլ սեփական հարկի տակ անչափ կարեւոր հաղթանակ տոնեց իր գլխավոր հակառակորդներից մեկիՙ «Գանձասարի» նկատմամբ: Հանդիպման ելքը վճռեց Արեգ Ազատյանի խփած միակ գնդակը:
Երկու կարեւոր միավոր կորցրեց «Փյունիկը», որի ֆուտբոլիստների մի մասը զբաղված էր մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականներում, ուստի «Շիրակի» հետ հանդիպմանը չմասնակցեց: Սակայն «Շիրակին» չհաջողվեց գոլ խփել ու հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Ամենայն հավանականությամբ արծաթե եւ բրոնզե մեդալների բախտը կվճռվի ավարտական տուրի «Բանանց»-«Գանձասար» եւ «Միկա»-«Փյունիկ» հանդիպումներում:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Ուլիս | 26 | 15 | 7 | 4 | 37-18 | 52 |
2. Գանձասար | 26 | 11 | 9 | 6 | 30-18 | 42 |
3. Փյունիկ | 26 | 11 | 9 | 6 | 32-28 | 42 |
4. Բանանց | 26 | 11 | 7 | 8 | 40-30 | 40 |
5. Միկա | 26 | 11 | 7 | 8 | 33-25 | 40 |
6. Իմպուլս | 26 | 10 | 6 | 10 | 36-34 | 36 |
7. Շիրակ | 26 | 5 | 7 | 14 | 24-39 | 22 |
8. Արարատ | 26 | 2 | 4 | 20 | 13-53 | 10 |
Ռմբարկուները
Բրունո Կորեա | «Բանանց» | 15 |
Նարեկ Բեգլարյան | «Միկա» | 9 |
Գեորգի Կրասովսկի | «Ուլիս» | 8 |
Զավեն Բադոյան | «Իմպուլս» | 8 |
Էդգար Մանուչարյան | «Փյունիկ» | 8 |