24-ամյա Սյուզի Քենտիկյանը հերթական անգամ հաջողությամբ պաշտպանեց թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոնուհու իր տիտղոսներըՙ WBO-ի, WBA-ի եւ WIBF-ի վարկածներով չեմպիոնական գոտիները: Ֆրանկֆուրտում կայացած մենամարտում Սյուզին միավորներով հաղթեց 19-ամյա թաիլանդցի Թեերափորն Փաննիմիթին: Երեք մրցավարներն էլ Սյուզիին հաղթանակ էին շնորհել միեւնույն 100-90 հաշվով:
Որոշ ընդմիջումից հետո կրկին ռինգ դուրս գալով, Սյուզի Քենտիկյանը շատ վստահ անցկացրեց մենամարտըՙ բոլոր 12 ռաունդներում էլ զգալի առավելության հասնելով մրցակցուհու նկատմամբ: Վերջինս հիմնականում պաշտպանվում էր եւ կարողացավ մինչեւ վերջ դիմադրել Սյուզիին ու դիմանալ նրա անընդհատ տեղացող հարվածներին:
Պրոֆեսիոնալ ռինգում Սյուզի Քենտիկյանն իր 29-րդ հաղթանակը տոնեց: Թաիլանդցի մարզուհու համար դա 18-րդ մենամարտն էր: Նա 4-րդ անգամ ռինգից հեռացավ պարտված: