Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է այն ծանրորդների ցանկը, որոնք արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով մինչեւ 2015-ը որակազրկվել են եւ իրավունք չունեն մասնակցելու միջազգային մրցաշարերի: Որակազրկված ծանրորդների թվում են նաեւ երկու հայ մարզիկներՙ Գեւորգ Պողոսյանը (94 կգ) եւ Էլեն Գրիգորյանը (53 կգ): Վերջինս Կազանում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունում դարձել էր փոխչեմպիոնուհի: Իսկ Գեւորգ Պողոսյանը նվաճել էր բրոնզե մեդալ:
Այս առնչությամբ ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը հայտնել է, որ բողոքարկել են միջազգային ֆեդերացիայի որոշումը: Ըստ ֆեդերացիայի նախագահի, որոշումը կայացվել է միայն A նմուշի պատասխանների հիման վրա: Մեր ֆեդերացիան պահանջել է «Վադա» հակադոպինգային համաշխարհային կազմակերպության լաբորատորիայում հետազոտել նաեւ B խմբի նմուշները:
Ըստ Սամվել Խաչատրյանի, մեր մարզիկները դոպինգ չեն օգտագործել, նույնը վստահեցնում են նաեւ ծանրորդներն ու մարզիչները: Սպասվում է, որ մինչեւ դեկտեմբերի 10-ը հայտնի կդառնան B նմուշի հետազոտության արդյունքները: Ամեն դեպքում, Գեւորգ Պողոսյանն ու Էլեն Գրիգորյանը բացակայում են Փարիզում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը նախապատրաստվող ՀՀ հավաքականների կազմերից: