«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2011-10-22 | #190, 2011-10-25 | #191, 2011-10-26


ՓՏԱԾ ՄԱԿ-Ն ՈՒ ԴԻՏՈՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2012-ի հունվարից երկու տարվա կտրվածքով կարելի է ակնկալել, որ ՄԱԿ-ում բոլոր հարկի ու անհարկի քննարկումներում ու քվեարկություններում շրջանառության մեջ կդրվեն ղարաբաղյան հարցին առնչվող ու բնավ էլ ոչ իրողությունները ներկայացնող տարատեսակ փաստաթղթեր, եւ դա այն պատճառով, որ Ադրբեջանը «երկրների արեւելաեվրոպական խմբից» ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 66-րդ նստաշրջանում` հոկտեմբերի 24-ի քվեարկությամբ եւ ի շարս Գվատեմալայի, Մարոկկոյի, Տոգոյի եւ Պակիստանի:

Ու այստեղ բնավ էլ կարեւոր չէ, որ ՄԱԿ-ը, ԱԽ-ի ոչ մշտական անդամ ունենալով Ադրբեջանին, ապացուցում է իր փտած լինելու հանգամանքը, քանի որ ՄԱԿ-ի կանոնադրության 23-րդ հոդվածի համաձայն, Գլխավոր ասամբլեայի կողմից Անվտանգության խորհրդի 10 ոչ մշտական անդամների ընտրության ընթացքում ուշադրություն պետք է դարձվի տվյալ երկրի` «միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը» մասնակցության աստիճանին, ՄԱԿ-ի մյուս նպատակներին հետամուտ լինելուն:

Եթե Ադրբեջանն է «մասնակից» միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, որ հայատյացությունը պետական քարոզչություն է սարքել ու օրեցօր ռազմական բյուջե է բազմապատկում, ուրեմն ժամանակն է ՄԱԿ-ը անդամալույծ եւ անգործունակ ճանաչելու: Էլ չասենք «խաղաղության առաջամարտիկ» Ադրբեջանի` դիպուկահարներին այդպես էլ շփման գծից չհեռացնելու հարցում հաստակողություն դրսեւորելու մասին:

Կարեւոր չէ նաեւ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դարձող երկրի նախագահի հայտարարությունները մանկապարտեզային տրամաբանությունից բարձր չեն, երբ Ալիեւ կրտսերը կառավարության առաջ ելույթ ունենալիս մանկան դիտանկյունով եզրակացնում է, թե Հայաստանի անկախության 20-ամյակի շքերթում ռազմատեխնիկան տարվում էր այլ մեքենաների վրա կամ քարշակներով` «կամ տեխնիկան չի աշխատում, կամ վառելիք չկա»: Ինչպես ասում են, այստեղ միայն ծիծաղն է տեղին, այլ ոչ մեկնաբանությունը:

Բայց կարեւորը, ինչպես ասացի, բնավ էլ դա չէ. ՄԱԿ-ի նման փտած կառույցներ, այն էլ միջազգային, էլի կան: Եվ այն, որ Ադրբեջանը ցնծում է «պատմական դիվանագիտական» հաղթանակով, միայն վերջին հատվածին, ցավոք, պետք է համաձայնել: Կարեւորը հենց այն է, որ Ադրբեջանը, չնայած ղարաբաղյան հարցը ՄԱԿ տեղափոխելուն դեմ արտահայտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նաեւ համանախագահող երկրների դիրքորոշմանը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են, միեւնույն է, գնում է ՄԱԿ-ում ԼՂ հարցը քննարկելու ու, ճիշտ իր անդամությանն աջակցողների ձայներով, հակահայկական բանաձեւեր ընդունելու ճանապարհով:

Մյուս կողմից, ակնհայտ է, որ հայկական դիվանագիտությունն ու Հայաստանն ընդհանրապես եթե անգամ փորձել են ինչ-որ բան անել, ապա ձախողել են, եւ այնպես, որ ոչ մի տեսակի արդարացում չի կարող դրվել այս իրավիճակի հիմքում: Հասկանալով հանդերձ, թե ինչպես են ՄԱԿ-ում ընդունվում որոշումները, իսկ ավելի հաճախ` ինչպես են գնվում, միեւնույն է, դա ընդունելի չի դարձնում Ադրբեջանի հաջողությունների պարագայում մշտապես բերվող այն արդարացումը, թե նավթադոլարներն են որոշում ամեն ինչ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պարագայում էլ ինչ-որ հակազդեցություն սպասել պետք չէ, հատկապես որ սրանցից առաջինը, այն էլ Հայաստանի նախագահի` պետական այցով Մոսկվայում գտնվելու օրերին, ռեվերանսներ է անում ՄԱԿ-ի նյույորքյան նստաշրջանում Ադրբեջանի թեկնածության քվեարկությանը, Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ հայտարարում է, թե ոչ մշտական անդամների ընտրությունը վկայում է «միջազգային հարցերում նրանց ակտիվ դիրքորոշման ու ՄԱԿ-ի անդամ երկրներում բարձր հեղինակության» մասին:

Ռուսաստանյան արտաքին գերատեսչության հայտարարությունն, ընդհանուր առմամբ, վերը նշվածի անդեմությունից դենը չի գնում, սակայն դրանով ոչինչ ասված չէ, որ կարող է աղերսներ ունենալ իրականության հետ այն դեպքում, երբ, ի հակադրություն ռուսաստանյան «անորոշության», թուրքական կողմը թմբկահարում է «ադրբեջանական» հաղթանակը, որի համար էլ թերեւս անձամբ շնորհակալություն կհայտնի Ալիեւ կրտսերը` արդեն իսկ գտնվելով Թուրքիայում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4