ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 24-ի ուշ երեկոյան հրապարակած հայտարարությամբ շեշտել են կողմերին, որ հարկ է նշանակալիորեն բարելավել բանակցությունների մթնոլորոտը, մեծացնել վստահությունը եւ ամրապնդել զինադադարի պահպանումը` հնարավոր դարձնելու խաղաղ կարգավորմանը հասնելու հետագա զարգացումը:
Բաքվում հրապարակված փաստաթղթի համաձայնՙ համանախագահները տեղեկացնում են, որ իրենց կողմից մի քանի առաջարկներ են ներկայացվել տարբեր ոլորտներում վստահությունը մեծացնելու միջոցների առումով: «Կողմերը սկզբունքորեն համաձայնել են շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության մեխանիզմի նախնական տարբերակին», հայտնել են համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն եւ Իգոր Պոպովը` եզրափակելով հոկտեմբերի 21-24-ը տարածաշրջան իրենց այցելությունն ու ունեցած հանդիպումները:
Հիշատակելով, որ վերջին 14 ամիսներին արդեն 4-րդ անգամ այս այցելությանը համանախագահները ոտքով անցել են շփման գիծը` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները նշել են, թե դա ցույց է տալիս շփման գծի` հարեւան ժողովուրդների միջեւ մշտական սահման չլինելն ու այն հանգամանքը, որ ռազմական համագործակցությունը հնարավոր է «բոլոր կողմերի ցանկության դեպքում»:
Համանախագահները կրկին տարածաշրջանում կլինեն նոյեմբերի վերջին, ինչպես եւ տեղեկացրել էին այցելության ընթացքում` շարունակելու կողմերի հետ աշխատանքը նաեւ ապագա հանդիպումների ուղղությամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների այսօրինակ այցելությունները հերթական են, առանձնակի ոչ մի սպասում չարթնացնող, սակայն եթե հաշվի առնենք, որ այս այցելությանն առաջին անգամ անդրադարձ եղավ հակամարտության անցյալին, ինչը մոռանալու կոչերն առավել հաճախ են հնչում, ապա պետք է ենթադրել, որ այցելությունները ոչ միայն կողմերի իրական դիրքորոշման, այլեւ իրողությունների գնահատման հնարավորություն են:
Հիշեցնենք, որ այս անգամ տարածաշրջան այցելությանը ֆրանսիացի համանախագահող Բեռնար Ֆասիեն, ըստ «Ռեգնում» գործակալության, հայտարարել էր, որ Ղարաբաղում ստեղծված իրավիճակը ռազմական ագրեսիայի հետեւանք է, ուստի ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով եւ համանախագահների նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի հասնել խնդրի կարգավորմանը: Ֆասիեն շեշտել էր, որ կողմերը պետք է հրաժարվեն ռազմատենչ հռետորաբանությունից, ինչը վնասում է կարգավորման հիմքերի ստեղծմանն ուղղված ջանքերին:
Ա. Հ.