«Բանվորագյուղացիական հեղափոխությունը, որի մասին այդքան երկար երազում էին բոլշեւիկները, տեղի ունեցավ», - հոկտեմբերյան արյունալի հեղաշրջումից հետո այս բառերով դիմեց «բանվորներին եւ նավաստիներին» Ուլյանով Լենինը: Թե ինչ բերեց այդ «հեղափոխությունը» Ռուսաստանին եւ ամբողջ աշխարհին` հայտնի է:
Այսօր հարեւան երկրում տիրում է թերեւս նույն «հաղթական էյֆորիան»: Իլհամ Ալիեւն իրավունք ունի, նմանակելով բոլշեւիկների առաջնորդին (չէ՞ որ ինքն առաջնորդ չէ, բայց «համազգային առաջնորդի» զավակ եւ «օրինական իրավահաջորդ» է), հայտարարել. «ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամությունը, որի մասին այդքան երկար ժամանակ երազում էի, տեղի ունեցավ»:
Կարող էր, բայց նա Լենին չէ, այլ` Իլհամ Ալիեւ, ուստի ձեւակերպումների մեջ ավելի անզուսպ է: Նա երեւույթը գնահատել է որպես «ադրբեջանական ժողովրդի պատմական հաղթանակ»:
Հաղթանակներն, ինչպես հայտնի է, ձեռք են բերվում հավասար եւ ազնիվ մրցակցությամբ: Իսկ Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ է «ընտրվել» բավական երկարաձգված եւ, ամենայն հավանականությամբ, ինչ-ինչ պայմանավորվածությունների ենթարկված ընթացակարգով: Եվ միայն այն բանից հետո, երբ Սլովենիան հերթական քվեարկությունից առաջ «հետ է կանչել» իր թեկնածությունը: Այսինքն` հօգուտ Ադրբեջանի հրաժարվել է մրցակցությունից:
Բայց դա, իհարկե, խնդրի մի կողմն է: Առավել հետաքրքրական է, թե ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան շատ ցանկացել եւ միջոցներ ու նյարդեր ծախսել դառնալու ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ: Այդ հարցի պատասխանը երեկ հնչեցրել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը:
Պարզվում է, «դա հնարավորություն կտա, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանը բարձրացնի «իր տարածքային ամբողջականության խախտման մասին» հարցը»: Այսինքն` ի՞նչ, Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ-ի «բանաձեւի նախագի՞ծ» է ներկայացնելու: Նպատակն, ըստ երեւույթին, հենց դա է: Քանի որ նույն Ալի Հասանովը կրկնել է «ԵԱՀԿ Մինսկի խմբում հարցի լուծման ձգձգման» մասին արդեն երեւի բոլորին ձանձրացրած տեսակետը:
Մինսկի խմբի համանախագահները, մինչդեռ, կողմերին խորհուրդ են տալիս վստահության մթնոլորտ ստեղծել եւ գտնում են, որ միայն այդ դեպքում է հնարավոր արդյունավետություն ակնկալել: ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ դառնալով, կարելի է վստահաբար ասել, Ադրբեջանն ավելի է հեռանալու իրատեսությունից: Գոնե` առաջիկա մի որոշակի ժամանակահատվածում: Քանի որ այդ երկրում միջազգային կառույցների մասին խեղաթյուրված ընկալում ունեն: Բաքվում, ինչպես Իլհամի Ալիեւի աշխատակազմի ներկայացուցչի խոսքերն են վկայում, կարծում են, թե ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամությունը ոչ թե պարտավորություն է միջազգային հանրության առաջ, այլ` սեփական ամբիցիաները պարտադրելու իրավունք:
Մինչդեռ ՄԱԿ-ի ԱԽ-ն անմիջականորեն պատասխանատու է միջազգային խաղաղության եւ կայունության համար: Եվ եթե նրա մշտական անդամներից որեւէ մեկը, չտա աստված, ունենա Ադրբեջանի հավակնոտությունը, ապա աշխարհում հազիվ թե որեւէ հարց խաղաղ ճանապարհով լուծվի:
Տրամաբանական է թվում, որ Ադրբեջանի ոչ մշտական անդամակցությունը ՄԱԿ-ի ԱԽ-ին շատ «գլխացավանքներ» է պատճառելու: Մյուս կողմից, սակայն, դա կարող է օգտակար լինել այն իմաստով, որ Անվտանգության խորհրդի անդամ երկրների համար մոտ ապագայում պարզ կդառնա, թե իրականում ինչ մակարդակի եւ ամբիցիաների տեր երկիր է համալրել իրենց շարքերը:
Երկու տարին մեծ ժամկետ չէ: Մենք անցել ենք Թուրքիայի ներկայացուցչի` ԵԽԽՎ ղեկավար դառնալու հետ մեկամյա փորձաշրջան: Կհամբերենք, մինչեւ որ Ադրբեջանն առաջին իսկ քննությունից ցույց տա իր իսկական դեմքը ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամի «ընտրյալ» կարգավիճակով: Եվ միայն ժամանակը ցույց կտա, թե ով ինչի է արժանի: Իսկ առայժմ Ադրբեջանը «լայն քայլերով հաղթանակներից դեպի հաղթանակ է գնում»: Ինչի համար էլ Իլհամ Ալիեւին կարելի է անկեղծորեն ցավակցել:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ