ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պատասխանը «Ազգ» օրաթերթի հարցին
- Ինչպե՞ս կմեկնաբանեիք պաշտպանության փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի եւ Վլադիմիր Գասպարյանի միջեւ վերջին օրերին ծագած հակասությունների մասին մամուլի հրապարակումները:
- Մամուլում տարածված այն տեղեկությունները, համաձայն որոնց պաշտպանության փոխնախարարների միջեւ հակասություններ են առաջացել, չեն համապատասխանում իրականությանը: Երկու փոխնախարարների վերջին օրերի հայտարարությունների եւ գործողությունների մեջ հակադրություններ գտնելու փորձերը խոսում են այն մասին, որ այդ հայտարարությունները ընկալվել եւ մեկնաբանվել են սուբյեկտիվ տարբեր ձեւերով եւ միտումնավոր շահարկվում են:
Ինչ վերաբերում է հասարակական տարբեր խմբերի կողմից բանակի վերաբերյալ քննարկումների ծավալմանը եւ պաշտպանական գերատեսչության թափանցիկության եւ հաշվետվողականության պահանջին, ապա պետք է նշեմ, որ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում բանակում առկա խնդիրները հասարակության աջակցությամբ կարգավորելու քաղաքացիական առողջ նախաձեռնությունները եւ գոյություն ունեցող անվտանգային միջավայրին համահունչ փորձագիտական առաջարկությունները, սակայն միաժամանակ անհանդուրժող է բոլոր այն քայքայիչ ու մերկապարանոց գործողությունների հանդեպ, որոնք բանակի խնդիրները շահարկում են` դարձնելով այն ինքնահաստատման եւ ֆինանսական ապահովության աղբյուր: