Ուրբաթ, հոկտեմբերի 21-ի հետմիջօրեին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր` Ռուբեն Ներսիսյան) կայացավ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի` ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի դեմ քաղաքացիական հայցով դատավարության հինգերորդ նիստը: Հիշեցնենք, որ Ա. Այվազյանը Հ. Դեմոյանին մեղադրում է ԱՄՆ-ում հեռասփռվող «Վերադարձ» հեռուստածրագրով մարտի վերջին ելույթ ունենալիս, ինչպես նաեւ Գեւորգ Յազըճյանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին - Հայկ Դեմոյանի «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածի առթիվ» հրապարակման ի պատասխան համացանցային մի քանի կայքերում տեղադրած գրության մեջ իր անձը վարկաբեկող վիրավորանքներ ու զրպարտանքներ տարածելու համար:
Նախորդ` սեպտեմբերի 30-ի նիստին Դեմոյանը նիստը հետաձգելու միջնորդագիր էր ներկայացրել դատարանին` քաղաքից իր բացակայելու պատճառով, ինչը դատավոր Ռ. Ներսիսյանը բավարարել էր:
Ըստ դատավարության երրորդ նիստի ավարտին դատարանի արձակած որոշման, այս նիստում պետք է սկսեր դատաքննությունը:
Բացելով նիստը, դատավորը կողմերին հարցրեց, թե արդյո՞ք նրանք ունեն համաձայնվելու ցանկություն: Երկու կողմերն էլ ժխտական պատասխան տվեցին: Այնուհետեւ, հայցապահանջով ու փաստերի ներկայացմամբ ելույթ ունեցավ Ա. Այվազյանի դատապաշտպան փաստաբան Արթուր Գրիգորյանը: Նա թվարկեց խնդրո առարկա ելույթներում հնչած վիրավորանքներն ու զրպարտությունները, ապա ներկայացրեց հայցի իրավական հիմնավորումները` ըստ ՀՀ օրենսդրության, եւ պահանջեց պատասխանող կողմին տուգանել 1 մլն դրամ` հասցրած վիրավորանքների եւ 2 մլն դրամ` հնչեցրած անհիմն զրպարտանքների համար:
Պատասխանող կողմը հայցվորին ուղղված հարցեր չուներ:
Դեմոյանի դատապաշտպան փաստաբանուհին (անունը չկարողացանք իմանալ` դատարանի քարտուղարուհու արագ եւ ցածր խոսելու պատճառով...) իր ելույթում փորձեց հիմնավորել հայցում պատճառահետեւանքային կապերի բացակայությունը: Ըստ նրա, Դեմոյանի դեմ Այվազյանը վարկաբեկման արշավ է սկսել երեք տարի առաջ, եւ վկայակոչեց «Երկիր մեդիա» հեռուստատեսությամբ Այվազյանի ավելի քան երեք տարվա վաղեմության ելույթը Թուրքիայի նախագահի 2008թ. սեպտեմբերի 6-ին Երեւան այցի ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լույսերի անջատման վերաբերյալ, որի ընթացքում Այվազյանը «վերեւից իջեցված հրահանգը կատարող սովորական չինովնիկ» է որակել Դեմոյանին: Պատասխանողը ատենին ձեռնպահ է մնացել հայցվորին պատասխանատվության կանչելուց: Սակայն, վերջինս, խրախուսվելով այս լռությունից, իբր շարունակել է իր արշավը Դեմոյանի դեմ, այն էլ` ոչ միայն ՀՀ-ում, այլեւ սփյուռքում: Ավելին, նրա ասելով Այվազյանը վարկաբեկել է նաեւ Դեմոյանի ղեկավարած թանգարան-ինստիտուտին եւ նույնինքն Հայաստանի Հանրապետությանը` հանձին նրա նախագահի: Պատասխանողը Այվազյանին մեղադրեց «ՀՀ տեղեկատվական անվտանգությանը լրջորեն վտանգելու» համար, ու ավելացրեց, թե ԱՄՆ-ում հիշյալ հեռուստաելույթը նախօրոք լավ կազմակերպված սադրանք էր, որի մասնակիցն է եղել նաեւ հաղորդավարը` Բրոնոզյանը: Այս հայտարարության իբր հիմնավորում ներկայացվեցին այն փաստերը, թե հիշյալ հեռուստածրագրին զանգահարող «Այվազյանի համակիրը», ոչ առանց Բրոնոզյանի թույլտվության, Դեմոյանի հասցեին հնչեցրել է «անգրագետ», «Սերժի պնակալեզ» եւ նման վիրավորանքներ, ինչպես նաեւ այն, որ Բրոնոզյանը հետագայում հանդես է եկել Դեմոյանի հակաայվազյանական արտահայտությունները դատապարտած սփյուռքահայ գործիչների շարքում... Փաստաբանուհին հայտնեց, թե իր պաշտպանյալը Այվազյանին վիրավորելու նպատակ չի ունեցել, այլ` ընդամենը պատասխանել է վերջինիս տարիներով անընդհատ հնչեցրած վիրավորանքներին: Նա անհիմն համարեց հայցվորի պահանջած տուգանքների չափերը, հիշեցնելով, թե օրենսդիրը նախատեսել է նաեւ այլ միջոցներ, ինչպես ներողության հայցումը եւ այլն: Պատասխանողի պաշտպանը հայտարարեց, թե իրենք «սպասում են», որ հայցվորը ի՛նքը ներողություն խնդրի Դեմոյանից, ՀՑԹԻ-ի աշխատողներից եւ ՀՀ քաղաքացիներից` նրանց վիրավորելու եւ զրպարտելու համար (հետաքրքրական է, թե պատասխանողը ինչո՞ւ այս «մեղադրանքներով» հակընդդեմ հայց չի ներկայացնում): Ամենավերջում, պաշտպանը դատարանին խնդրեց հայցը մերժել ամբողջությամբ:
Դատավորը հարց տվեց, թե ինչպե՞ս է Այվազյանը լուրջ սպառնալիք ստեղծել ՀՀ տեղեկատվական անվտանգությանը: Փաստաբանը խուսափեց պատասխանելուց` դա իր պաշտպանյալին վերահասցեագրելով: Դեմոյանը պատասխանեց, թե Այվազյանը իսկապես լրջորեն վտանգել է ՀՀ տեղեկատվական անվտանգությունը` ՀՀ-ում եւ սփյուռքում տարածելով թուրքական ապատեղեկատվությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսավորության անջատման վերաբերյալ (հիշեցնենք, թե նույն «Երկիր մեդիան» օրին ցույց էր տվել խավարում հայտնված համալիրը, մինչդեռ պատասխանող կողմը դատարանին ներկայացրել էր էլցանցից ստացված մի տեղեկանք` համալիրի լուսավորությունը 2008 թ. սեպտեմբերի 6 - լույս 7-ի գիշերը ըստ ռեժիմի գործած լինելու մասին...): Դատավոր Ներսիսյանը, որը նախորդ նիստերի ընթացքում միշտ հիշեցնում էր, թե կողմերը «մտավորական մարդիկ են» եւ լավ կլինի, որ հաշտություն գոյացնեն, հայտնեց իր դժգոհությունը փաստաբաններից, որոնք պատշաճ աշխատանք չեն տարել իրենց պաշտպանյալների, նաեւ` իրար հետ` համաձայնության հասնելու համար:
Արթուր Գրիգորյանը իր գործընկերուհուն հարց ուղղեց. ճի՞շտ է ինքը հասկացել, թե ըստ պատասխանողի, Այվազյանն է նախապես վիրավորել Դեմոյանին: Դրական պատասխան ստանալով, նա ուղղեց հաջորդ հարցումը. «Այդ դեպքում, ինչո՞ւ պրն Դեմոյանը վիրավորանքների ու զրպարտանքների համար դատարան չդիմեց»: Փաստաբանուհին հարցը նորից վերահասցեագրեց իր պաշտպանյալին: Վերջինս նման քայլից իր ձեռնպահ մնալը «հիմնավորեց» հայտարարելով. «Դա միայն պիտի ուրախացներ թուրքերին» (ըստ այս «տրամաբանության», Այվազյանը վերջին ամիսներին «ուրախացնում է» թուրքերին. նման «հիմնավորմամբ», ՀՑԹԻ-ի ու նրա ղեկավարի հասցեին որեւէ քննադատություն տաբու է ողջ հայության համար...): Դեմոյանը ցավ հայտնեց, թե Այվազյանը դատարանում ներկա չէ, այլապես «որոշ պարզաբանումներ կլինեին»: Վերջինիս գործողությունները նա մի անգամ եւս հայտարարեց վտանգավոր ՀՀ տեղեկատվական անվտանգության համար` վկայակոչելով ՀՀ տեղեկատվական անվտանգության հայեցակարգ կոչվող փաստաթղթի ինչ-որ դրույթները: Նա մի անգամ եւս հայտարարեց, թե Այվազյանին վիրավորելու նպատակ չի ունեցել: Պատասխանելով հայցվորի ներկայացուցչի հարցումին, Դեմոյանը կրկնեց, թե իր ելույթները պարզապես եղել են ի պատասխան Ա. Այվազյանի գործողություններին:
Այնուհետեւ դատարանը անցավ կողմերի ներկայացրած նյութերի հետազոտմանը: Դատավոր Ներսիսյանը մեկ առ մեկ թվարկեց այդ նյութերը (ընթերցեց միայն էլցանցի տեղեկանքը) եւ որոշեց հետազոտությունն սկսել «Վերադարձ» հեռուստահաղորդման դիտումից: Ավելի քան կես ժամ դիտելուց հետո, երբ հասնում էինք խնդրահարույց հարցուպատասխանի հատվածին, տեսահոլովակը «ցատկ կատարեց»: Տեսագրության խնդրահարույց մասի դիտումը ապահովելուն ուղղված` դատավորի ու քարտուղարուհու ջանքերը չարդյունավորվեցին, եւ դատավորն ստիպված եղավ դիտումը նշանակել նոյեմբերի 1-ին կայանալիք հաջորդ նիստին:
Հետաքրքրական է, որ նիստը փակված հայտարարելուց հետո էլ դատավոր Ռուբեն Ներսիսյանը կողմերին հիշեցրեց օրենսդրության նախատեսած համաձայնության հնարավորությունը` մինչեւ դատաքննության ավարտը:
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
Խմբ. կողմից. - Գուցե ավելորդ է ասել, որ խմբագրությունս երկրորդում է դատավոր Ռուբեն Ներսիսյանի հիշեցում-հորդորը. մեր երկու մտավորականները կարող են գտնել հաշտության եւ ներողամտության հասնելու ելքեր եւ վերջ դնել աօգուտ հակամարտությանը: