Այսօրվանից «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության 12 անդամները բողոքի անժամկետ նստացույց կսկսեն ջրվեժի մոտ: Նրանք խոստանում են մնալ ջրվեժի մոտ, մինչեւ չդադարեցվեն շինարարական աշխատանքները: Ակտիվիստները հայտարարել են, որ նստացույցին կմիանան նաեւ Գյումրիի, Նալբանդ եւ Մեծ Պարնի գյուղերի բնակիչները:
«Ազգը» բազմիցս անդրադարձել է Թռչկանի ջրվեժի խնդրին: Մեծ Պարնի գյուղում տեղակայված ջրվեժը բնության հուշարձանների ցանկում է: Բնապահպանության նախարարության թույլտվությամբ այնտեղ փոքր ՀԷԿ են կառուցում:
Անցյալ հինգշաբթի կառավարության շենքի դիմաց բնապահպանները բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով դադարեցնել շինարարությունը Թռչկանի ջրվեժի մոտ: «Ազգի» հետ զրույցում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասաց, որ որոշ սահմանափակումներ են մտցրել: Նրա մեկնաբանությամբ` ջրվեժը բնականոն գործում է 400-500 լիտր վայրկյան արագության սահմանում, հետեւաբար որոշում է կայացվել, որ այդ ցուցանիշը գերազանցելու պարագայում միայն թույլ կտրվի ավելացված ջուրը վերցնել: Նաեւ արգելվում է ամռան ամիսներին ՀԷԿ-ի գործածումը:
«Սահմանափակումները միեւնույն ժամանակ հնարավորություն կտան կառուցապատողին շարունակելու աշխատանքները, հակառակ պարագայում իրենք վարկային ռեսուրսեր ունեն ներգրավված, եւ հնարավոր է, որ դատական գործընթացների առաջ կանգնենք», նշել է նախարարը:
Բնապահպանները չեն պատկերացնում, թե ինչպես պետք է հետեւեն, որ ջուրն օգտագործվի միայն այն ժամանակ, երբ ջրի քանակությունը գերազանցի 400-500 լիտր վայրկյան արագությունը: «Հաշվի առնելով բնապահպանության նախարարության նախկին քայլերն ու ընդունված օրենքները, փաստում ենք, որ եթե հավատանք նախարարի խոսքերին, ապա կունենանք ոչ թե ջրվեժ, այլ մաքսիմում ինչ-որ չռիկ», հայտարարել են բնապահպաններն ու ակտիվիստները:
Հ. Հ.