«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2011-10-22 | #190, 2011-10-25 | #191, 2011-10-26


«ԳԼՈԲՈՒՍ» ԹԱՏՐՈՆՈՒՄ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՑԻՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՇԵՔՍՊԻՐԻ «ՋՈՆ ԱՐՔԱ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Լոնդոնի շեքսպիրյան հանրահայտ «Գլոբուս» թատրոնում, անգլիացի մեծանուն դրամատուրգի ծննդյան օրըՙ ապրիլի 23-ին, կմեկնարկի գրողին նվիրված փառատոնը «Թատրոնից դեպի երկրագունդ» խորագրով: Փառատոնին կմասնակցեն 37 երկրների թատրոններ ու թատերախմբեր (Չինաստան, ՌԴ, Իսրայել, Հարավային Սուդան, Բելառուս, Լիտվա, Մեծ Բրիտանիա...): Երեկ Սունդուկյանի անվ. մայր թատրոնի ձմեռային այգում լրագրողների հետ հանդիպեցին Լոնդոնի «Գլոբուս» թատրոնում անցկացվելիք Շեքսպիրյան փառատոնի նախագահ Թոմ Բըրդը , փառատոնի գլխավոր պրոդյուսեր Մալու Անսալդոն , «Գլոբուս» թատրոնի հայազգի դերասան Գեւորգ Մալիկյանը , մայր թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը եւ բեմադրիչ Տիգրան Գասպարյանը :

Պրն Դավթյանը տեղեկացրեց, որ փառատոնի կազմակերպիչների կողմից պատվիրվել է Շեքսպիրի «Ջոն արքա» ներկայացումը, որի ծախսերի որոշ մասը կհոգա փառատոնի տնօրենությունը: Տասնամյակներ առաջ մայր թատրոնում «Ջոն արքան» բեմադրվել է 24 դերակատարով եւ մոտ 60 դերասաններով (մասսայական տեսարաններում): Սակայն հրավիրող կողմը պահանջել է ու հոգալու է միայն 12 դերասաններով բեմադրություն, որի ողջ ծախսերը իր վրա է վերցրել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության հետ: «Ջոն արքա»-ն օրեր առաջ կայացած գեղխորհրդի նիստի ընթացքում որոշվել է, որ բեմադրելու է Տիգրան Գասպարյանը:

«Ազգը» փորձեց բեմադրիչից ճշտելՙ արդյոք չի փոխվի պիեսի կոնցեպցիան, երբ 24 դերակատարի փոխարեն բեմում 12-ը միայն պետք է լինեն: Պրն Գասպարյանն ասաց. «Ես ունեմ իմ կոնցեպցիան եւ չի տուժի ոչ պիեսը եւ ոչ էլ ներկայացումը»: Որքան էլ պնդեցին լրագրողները, թե ով է լինելու Ջոն արքայի դերակատարը, տնօրենը լռեց, պատճառաբանելով, որ դեռ դերակատարների ցանկը պաշտոնապես չի փակցվել թատրոնի պատին, բայց որ բոլոր դերակատարները ընտրվել են թատրոնի լավագույն դերասաններից, պարզ է:

Համենայնդեպս, «Ազգը» տեղեկացավ, որ Ջոն արքայի դերակատարը կլինի Տիգրան Ներսեսյանը :

Սունդուկյանցիները փառատոնին հանդես կգան երկու անգամՙ մայիսի 16-ին եւ 17-ին: Ի դեպ, ինչպես նշեց Թոմ Բըրդը, «Գլոբուս» թատրոնը չի ընդունում ներկայացման ընթացքում որեւէ լուսային տեխնիկա, եւ ներկայացումը կխաղան առաջին օրը ցերեկըՙ արեւի լույսի ներքո, իսկ հաջորդ օրը` երեկոյան միայն դահլիճի լուսավորության ներքո: Ողջ փառատոնի ընթացքում 37 երկրներից, 37 լեզուներովՙ յուրաքանչյուր երկիր իր մայրենի լեզվով, եւ հանդիսականներին կտրամադրվի միայն ներկայացման սինոպսիսը: Այս փառատոն-մարաթոնը մասն է կազմելու մշակութային օլիմպիադայի, որը նվիրվելու է 2012 թ. Լոնդոնում անցկացվող ամառային օլիմպիական խաղերին: Փառատոնի կազմակերպիչները նախօրոք շրջում են այն բոլոր երկրներում, որոնք մասնակցելու են, եւ այդ ծրագրով արդեն մի քանի օր է նրանք Երեւանում են: Հասցրել են դիտել ներկայացում, հիանալ մեր բնության գողտրիկ անկյուններով եւ լավ հյուրասիրվել: Գոհ այցից ու մեր երկրից, նրանք ասացին. «Այս ծրագրով շատ ենք ճամփորդել, բայց նման ջերմ վերաբերմունք, ընդունելություն չենք նկատել»:

«Ազգի» հաջորդ հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ Սունդուկյան թատրոնը ընտրվեց, Մալու Անսալդոն ասաց, որ այդ գործում մեծ դեր է խաղացել հայազգի դերասան Գեւորգ Մալիկյանը: Գեւորգ Մալիկյանը, որը ներկայումս «Գլոբուս» թատրոնի միակ հայ դերասանն է, երկար տարիներ աշխատել է The Royal National Theatre, The Royal Shakespeare Company, Shakespeare Globe թատրոններում եւ 40 տարիների ընթացքում կերպարավորել է 300-ից ավելի դերեր թատրոնում, կինոյում եւ հեռուստասերիալներում:

1943 թվին Արեւմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքում ծնված Գեւորգ Մալիկյանը տեղափոխվել է Պոլիս, ուսանելու Սուրբ Խաչ վանքում, իսկ հետո դերասանական կրթություն ստացել Լոնդոնում ու ամբողջովին նվիրվել է թատրոնին: Երբ կազմակերպիչներից տեղեկանում է փառատոնի մասին, առաջարկում է, որ այդ ծրագրում ընդգրկեն Հայաստանը եւ Թուրքիան: Գեւորգ Մալիկյանը հայերենով ցարդ որեւէ դեր չի խաղացել, սակայն Թուրքիայի թատրոնի հետ թուրքերենով 49 տարի անց հանդես կգա «Անտոնիո եւ Կլեոպատրա» ներկայացման մեջ 3-րդ գլխավոր դերով: «Ազգի» հետ զրույցում Գ. Մալիկյանը պատմում է, որ իր երկու զավակները երազում են Հայաստան գալու մասին: Տղանՙ Սեւանը նկարիչ է եւ հրապուրված է Սարյանի, Մինասի, Արշիլ Գորկու կտավներով: «Կարծում եմ շատ շուտով կգանք Հայաստան ու մեր երազը կիրականանա: Ուրախ եմ, ու բառերով անբացատրելի է, թե ինչ տպավորություններով եմ գնալու Հայաստանից: Հուսամ, որ մի օր էլ Հայաստանի բեմի վրա կխաղամ, ու վերջ...»: Մաղթենք, որ Մալիկյանների երազանքները իրականանան:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Նկար 1. Ասուլիսի մասնակիցները

Նկար 2. Գեւորգ Մալիկյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4