Երկրաբան Րաֆֆի Դուրգարյանի գնահատմամբ` հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած երկրաշարժը կարող է լիցքաթափել վիճակը ամբողջ տարածաշրջանում եւ մեղմացնել հետագա երկրաշարժերի հավանականությունը:
«Երկրաշարժը մասնակի դրական ազդեցություն ունեցավ տարածաշրջանի համար, որովհետեւ էներգիայի կուտակումը լիցքաթափվեց», ասում է երկրաբանը:
Սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը արտառոց չի համարում, որ տարածաշրջանում երկրաշարժերը հաճախակի են տեղի ունենում: «Մեր երկրի տարածքը գտնվում է Երկիր մոլորակի 3 ամենասեյսմաակտիվ գոտիներում: Հետեւաբար խուճապի մատնվելու փոխարեն պետք է սովորել, թե ինչ անել երկրաշարժերի ժամանակ եւ հետո»: Սեյսմոլոգի մեկնաբանությամբ` Վանում եւ Գառնիում տեղի ունեցած երկրաշարժերը մեկ փլվածքային գոտում չեն ընդգրկված, բայց փոխկապակցված են մեկ ընդհանուր գեոդինամիկ պրոցեսով եւ այս կամ այն չափով ազդում են միմյանց վրա:
Սեյսմոլոգի գնահատմամբ` հայ հասարակությունը պատրաստ չէ ուժեղ երկրաշարժերը դիմավորելու այնպես, որ մարդկային եւ նյութական վնասները քիչ լինեն: «Մարդիկ գլխապատառ դուրս են փախչումՙ առանց մտածելու, որ այդ ընթացքում առաստաղը կարող է փլվել: Պետք է ցնցման ժամանակ անհապաղ սեղանի, դռների, պատուհանների անկյունների տակ մտնել»:
Հոգեբանների ասոցիացիայի նախագահ Ռուբեն Աղուզումցյանն առաջնահերթ խնդիր է համարում հասարակության պատրաստվածությունն ու տեղեկացվածության մակարդակը: «1988-ից հետո երկրաշարժի ազդեցությունը, կարելի է ասել, նաեւ դրական ազդեցություն թողեց, որովհետեւ մարդիկ հետաքրքրվում էին, կարդում, ուսումնասիրում: Մարդիկ վախենում էին, եւ այդ վախը ծնում էր պաշտպանվելու ցանկություն»:
Նա շեշտում է, որ այսօր հասարակությունը պատրաստ չէ երկրաշարժերին, ու անհրաժեշտ է նրան կրթել: «Պետական ծրագիր հասարակության պատրաստվածության վերաբերյալ չկա: Պատրաստ չենք ո՛չ հոգեբանորեն, ո՛չ էլ գիտելիքի տեսանկյունից: Եվ հատկապես այն սերնդի, որ 1988-ի երկրաշարժը չի տեսել, պատկերացումները սահմանափակվում են ֆիլմերով կամ ծնողների պատմություններով, նա ոչինչ չգիտի երկրաշարժի եւ երկրաշարժից պաշտպանվելու վերաբերյալ»:
Հոգեբանը հավաստիացնում է, որ մի քանի օր առաջ տեղի ունեցած երկրաշարժը հասարակության մեջ մեծ խուճապ չի արթնացրել: Հոգեբանը հասարակության մեջ նկատվող վախը բնութագրում է իբրեւ վախի վերարտադրության առաջացում, որը առաջ է բերում տարբեր զգացողություններ. «Հասարակությունը լուրջ սթրես չի ապրել ու անհանգստանալու լուրջ առիթներ չկան»:
Մայրաքաղաքի սեյսմակայունությանն է անդրադարձել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետը համապատասխան վարչությունների պատասխանատուներին հանձնարարել է ուսումնասիրություններ կատարել, գույքագրել վթարային շենքերն ու համապատասխան քայլեր ձեռնարկել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հիմքերի ամրացման աշխատանքների ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Վան նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով մահացածերի թիվը հասել է 366-ի, վիրավորվածներինը` 1301-ի: Փլված շենքերի թիվը գերազանցում է 2.000-ը: Վերջին 48 ժամվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 400-ից ավելի ցնցում: Երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում 3-ից 5 բալ հզորությամբ: Նույնը պատահեց երեկ, երբ Վանի շրջանում գրանցված շուրջ 5,7 մագնիտուտ երկրաշարժը զգացվեց նաեւ Հայաստանի որոշ վայրերումՙ 2-3 բալ ուժգնությամբ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ