«Մարտական ծառայություն», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան»: Այս մեդալները պատկանում են Արտաշես Ալեքսանյանին` փաստելով նրա հայրենասիրությունը: Ալեքսանյանը խնամքով պահում է բոլոր մեդալները, պատվոգրերն ու շնորհակալագրերը, սակայն հայրենիքի հերոս իրեն չի համարում: Ասում է` պարտքս եմ կատարել:
1988-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ Ալեքսանյանը Գյումրիում էր: «Երկիրն օրհասական վիճակում էր, պետք էր գնալ, օգնել, ձեռք մեկնել, կյանքեր փրկել»: Սակայն մինչ Գյումրի հասնելը Ալեքսանյանի կարիքը զգացին մանկական 4-րդ հիվանդանոցում: Գյումրեցի 8-ամյա Գագիկի կյանքը փրկելու համար անհրաժեշտ էր 2-րդ խմբի բացասական արյուն: «Տղայի վիճակը ծանր է, շատ արյուն է պետք, իսկ այդ խմբի արյուն հազվադեպ է պատահում», բժշկուհու խոսքերն է հիշում Ալեքսանյանը: «Ասացի, քաշեքՙ որքան անհրաժեշտ է»: Տղան փրկվեց:
1988-ին Սպիտակի թիվ 3 դպրոցի փլատակների տակից Ալեքսանյանը 16 երեխայի կյանք փրկեց: Հիմա չի հիշում, թե ինչ էր զգում այդ ժամանակ` ուրախություն, հպարտություն: «Կարեւորը` չուշացա, նրանք դեռ ողջ էին»:
Փրկարարական աշխատանքների ժամանակ փլատակների տակից գտած խոշոր չափի գումարներն էլ (17.000 եւ 570.000 ռուբլի) հանձնեց պետությանը:
«Ինձ չէի ների, որ ուրիշի գումարը վայելեի», ասում է նա: 16 երեխայի կյանք փրկած Արտաշեսի սխրանքին անդրադարձան ոչ միայն տեղական մամուլն ու հեռուստատեսությունը, այլեւ ամերիկյան Washington Post-ը: Իսկ երկրաշարժի 20-ամյա տարելիցին արժանացավ Սպիտակի քաղաքապետարանի շնորհակալագրին:
1992-94թթ. Ալեքսանյանը մարտի դաշտում էր: Եղել է Լաչինում, Բագրատաշենում, Ասկերանում: Պատերազմի մասին խոսել չի սիրում` ընկերներ է կորցրել, հարազատ թաղել. «Կարեւորը` ազատագրեցինք մեր հողը: 1994-ին ձեռքից վիրավորվեցի, ուղարկեցին տուն: Եթե շուտ չվիրահատեին, այսօր ձեռքս չէր լինի»:
Թոշակառու իրավաբանն իր անցյալը համեստ գույներով է ներկայացնում, չի սիրում պատմել: Խոստովանում է` եթե չլինեին վերջերս նրա հետ կատարված դժբախտ դեպքն ու անմարդկային վերաբերմունքը, այս ամենի մասին չէր հիշեցնի: Հունիսին սրտի կաթվածով Ալեքսանյանին հասցնում են Զեյթունի կլինիկա: Վիճակը հուսադրող չէր: Եթե առաջիկա մեկ ժամվա ընթացքում սրտի անոթի ստենդավորում չանեին` կմահանար: Մինչ վիրահատություն սկսելը բժիշկները պահանջում են Ալեքսանյանի ընտանիքիցՙ վճարել վիրահատության գումարը` 2 մլն 110.000 դրամ: «Բժիշկներն ասացին, որ սրտանոթի ստենդավորումն անհնար է զեղչի կամ պետպատվերի շրջանակներում»:
Ալեքսանյանը պատմում է, որ ընկերները, որդիները, բարեկամներն աջակցել են, որ հնարավոր լինի վիրահատության գումարը հավաքել:
Երբ հիվանդանոցից դուրս գրվեց, պարզվեց, որ պատերազմի մասնակցի կարգավիճակ ունեցողներին նախարարությունը դրամական աջակցություն է ցուցաբերում եւ հոգում վիրահատական ծախսերը:
Նա դիմում է ԱԺ պաշտպանության ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանին: «Հոկտեմբերի 19-ին Հրայր Կարապետյանի ընդունելության օրն էր: Ինձ դիմավորեց նրա քարտուղարուհի-օգնական Նելլի Վարդանյանն ու ասաց` Կարապետյանը գործուղման է, դիմումն իրեն հանձնեմ»: Ալեքսանյանը հրաժարվում է դիմումը քարտուղարուհուն հանձնելուց եւ հավելում, որ եթե հանձնաժողովի նախագահը չկա, ապա, ըստ օրենքի, ընդունելություն պետք է կազմակերպի տեղակալը: Նույն ջոկատում եմ կռվել Աշոտ Աղաբաբյանի հետ, ինքն էլ է հանձնաժողովի անդամ, ինչո՞ւ նա չի ընդունում», դիտարկմանը Կարապետյանի քարտուղարուհին պատասխանում է. «Էս սարքո՞ւմ ես գլխիս»: Մի քանի անգամ ԱԺ գնալ-գալուց հետո Ալեքսանյանին այս անգամ ընդունում է Աղաբաբյանի օգնականը` Մեսրոպը: «Տվե՛ք ինձ, տեսնեմ, եթե հարմար եղավՙ նրան կփոխանցեմ», ասաց նա: Այսինքնՙ նա դեռ պետք է որոշի` հանձնե՞լ, թե՞ ոչ»: Երբ Ալեքսանյանը երկրորդ անգամ է զրուցում Հրայր Կարապետյանի քարտուղարուհու հետ, վերջինս պատասխանում է, որ պատգամավորը նիստի է, «Երբ գա, նամակը կհանձնի: 3 օր առաջ գործուղման էր, այսօր նիստի է ու դեռ հայտնի էլ չէՙ երբ կհանձնի նամակը», դժգոհում է Ալեքսանյանը` հավելելով, որ իրեն առավելապես վրդովեցրել է նման վերաբերմունքը.
«Հարցը այստեղ ոչ այնքան գումարն է, որքան վերաբերմունքը: Մերժելն էլ ձեւ, շնորհք ունի, եթե չեն կարող օգնել, գոնե նորմալ ընդունեն, ճանապարհեն: Մի՞թե ես նման վերաբերմունքի եմ արժանի: Հայրենիքի համար արյուն եմ թափել, կյանք եմ փրկել ու նման վերաբերմունքի եմ արժանանում: Չեք կարող օգնել, ասեք` չեմ կարող, ինչո՞ւ եք մարդկանց վիրավորում, ստորացնում»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. «Ազատամարտի վետերանների միասնություն» ՀԿ-ն նամակով դիմել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինՙ խնդրելով, թեկուզ մասնակի, աջակցել պատերազմի հերոսին: Պարզվել է` նախարարությունն այդքան գումար չունի նման թանկարժեք վիրահատությունները վճարելու: Հոդվածն արդեն գրված էր, երբ Ալեքսանյանը զանգահարեց «Ազգ» օրաթերթի խմբագրություն եւ տեղեկացրեց, որ նախարարությունից երկրորդ պատասխանն է եկելՙ ՊՆ-ն օգնում է միայն հաշմանդամ ազատամարտիկներին: «Եթե ես վատ վիճակում չլինեի, հաստատ չէի դիմի: Բայց ինձ համար առավել կարեւոր էր, որ պետությունը իմ դժվար պահին կողքս կանգնած լիներ, ինչպես ես եմ եղել: Թեկուզ 10.000 դրամ տային, բայց ես զգայի, որ իմ արածը ինչ-որ կերպ գնահատվել է»: