«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2011-10-25 | #191, 2011-10-26 | #192, 2011-10-27


ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ԹԵՔԱՀԱՐԹԱԿ ՉՈՒՆԵՐ, ՄԵՏՐՈՆ ԹԵՔԱՀԱՐԹԱԿ ՉՈՒՆԵՐ, ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԷԼ ԶԲԱՂՎԱԾ ԷՐ

Հայաստանում բնակվող 172.000 հաշմանդամների հիմնական խնդիրը տեղաշարժման մատչելիությունն է եւ աշխատանքի տեղավորումը: Մայրաքաղաքի կարեւոր կառույցների 90 տոկոսը թեքահարթակ չունի: Հաշմանդամները կատակում են, որ իրենց մասին անհանգստանում են միայն միջազգային կազմակերպությունները: Նրանք շրջել են քաղաքով, լուսանկարել քաղաքի կարեւոր կառույցները, պարզվել է, որ թեքահարթակ ունեն միայն միջազգային բրենդ ներկայացնող խանութներն ու միջազգային կազմակերպությունների գրասենյակները: Հաշմանդամները հանրապետության այն քաղաքացիների թվին են պատկանում, որոնց իրավունքներն ամեն օր խախտվում են: Նրանք ցավով են փաստում, որ տրանսպորտն իրենց համար ստեղծված չէ:

Հաշմանդամների ազատ տեղաշարժման խնդիրների նպատակով երեկ հաշմանդամներն ու մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երթ էին կազմակերպել: Նախ նրանք հավաքվեցին Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում, սակայն մետրոյից օգտվել չհաջողվեց` թեքահարթակ չկար: «Այն, ինչ հասանելի է բոլորին, պետք է հասանելի լինի նաեւ հաշմանդամներին: Կան շինարարական նորմեր, որոնց հիման վրա կառուցվող շենքերը պետք է հարմարեցված լինեն հաշմանդամներին, բայց մեր կյանքում փոփոխություններ չենք զգում: Օրենքը կա, սակայն չի գործում», նշեց «Ունիսոն» ՀԿ-ի ղեկավար Արմեն Ալավերդյանը : Երթի մասնակիցներին չհաջողվեց օգտվել նաեւ հասարակական տրանսպորտից` «Բոգդան» ավտոբուսները թեքահարթակներ չունեին: Հաշմանդամների երթը շարժվեց դեպի դատախազության շենք, սակայն ներս մտնել կրկին չհաջողվեց. պետական կառույցը թեքահարթակ չուներ, իսկ աստիճաններով դժվար է` մեկ հաշմանդամին աստիճաններով բարձրանալու համար 2-3 հոգու օգնություն է անհրաժեշտ: Դատախազություն ներս մտնելու անհաջող փորձից հետո հաշմանդամները շարժվեցին դեպի քաղաքապետարան: Պարզվեցՙ քաղաքապետը զբաղված է: Հաշմանդամներին հուզող հարցերին պատասխանեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը : Երկու ամսից Հայաստան ներկրվող 66 ավտոբուսները հարմարեցված չեն հաշմանդամների համար: Սակայն Նավասարդյանը խոստացավ, որ իրենց ուժերով թեքահարթակներ կտեղադրեն, ավտոբուսում 2.5 մետր տարածք կառանձնացնեն հաշմանդամների համար: Նավասարդյանի մեկնաբանությամբՙ «Բոգդանի» մեջ համապատասխան հարմարանքներ չեն տեղադրվել, որովհետեւ հնարավորություն չեն ունեցել: Հաշմանդամները հասարակական կազմակերպությունների ու մարդու իրավունքների պաշտպանի անունից նամակ փոխանցեցին Կարեն Կարապետյանին` խնդրելով, որ հասարակական տրանսպորտը, թատրոնները, շենքերն ու պետական հիմնարկները հարմարեցվեն հաշմանդամերին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4