«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2011-10-25 | #191, 2011-10-26 | #192, 2011-10-27


6 ԴՐԱՄ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Կլանվում է «Երեւան-սիթի»-ներում

Մեր համաքաղաքացիներից շատերն այդպես էլ չեն հասկանում, թե «Երեւան-սիթի»-ներում ապրանքների գները ինչո՞ւ են 5-ով կամ 9-ով (ասենք 135 դրամ կամ 699 դրամ) վերջանում: Նրանք, ովքեր եղել են եվրոպական կամ ամերիկյան սուպերմարկետներում, որտեղ նման գնանշումները բավականին տարածված են, ենթադրում են, որ մեզ մոտ եւս դա արվում է հոգեբանական ազդեցություն թողնելու համար: Սակայն, պարզվում է, դա արված է ամենակոնկրետՙ նյութական շահ ստանալու նպատակով: Ասենք, երբ գնված ապրանքների հանրագումարը վերջանում է 5 դրամով կամ 7 դրամով, դա կլորացվում է հօգուտ աճող թվի: Ավելի պարզՙ 1847 դրամի գնումների դեպքում գանձվում է 1850 դրամ: Շատերը կասեն, հետո ի՞նչ, մաթեմատիկայում 5-9-ը կլորացվում են հօգուտ աճող թվի: Հետո այն, որ կլորացվող գումարի մանրը չի երեւում ՀԴՄ կտրոնի մեջ, այլ ապօրինի մուտք է գործում սուպերմարկետի գանձարան: Երկրորդ, այդ մանրը մանր է յուրաքանչյուրիս համար, բայց եթե հաշվենք, թե քանի հազար մարդ է մտնում «Երեւան-սիթի»-ներ, որոնցից գրեթե յուրաքանչյուրը թողնում է կլորացվող մանրը, ապա դժվար չէ ենթադրել, որ այն վերածվում է տասնյակ միլիոնավոր դրամներիՙ ամսվա ընթացքում: Բայց սա էլ ամբողջ չէ:

Երբ գնված ապրանքը վերջանում է 4 դրամով, ապա այդ դեպքում եւս «Երեւան-սիթի»-ներում կլորացվում է հօգուտ աճող թվի: Ասենքՙ 954 դրամի գնումների դեպքում, գնորդին արդեն մանր չի վերադարձվում, գանձելով 1000 դրամ, իսկ այդ 6 դրամը եւս մնում է սուպերմարկետների սեփականատեր Սամվել Ալեքսանյանին: Մնում է միայն ասել, որ եթե նա այդ 6 դրամի կարիքը շատ ունի, թող հայտարարի այդ մասին, եւ մենք գուցե համաձայնենք այդ գումարը թողնել նրան, այլ ոչ թե տանք փողոցում փող խնդրող ինչ-որ տատիկի: Իսկ եթե ոչ, ապա թող հրահանգի, որ այսուհետեւ մարդկանց հիմարի եւ մաթեմատիկա չիմացողի տեղ չդնենՙ գցելով նրանց տրամադրությունն ու քայքայելով նյարդերը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4