«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2011-10-25 | #191, 2011-10-26 | #192, 2011-10-27


ԵԹԵ ՀՆԱՐԱՎՈՐ ԼԻՆԻ, ՀԷԿ-Ը ԿԿԱՌՈՒՑՎԻ «ԹՌՉԿԱՆ» ՋՐՎԵԺԻ ՆԵՐՔԵՎԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ

Անձնագիր տալ «Թռչկան» ջրվեժին` հստակեցնել նրա սահմանները, դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը, չեղյալ համարել բնապահպանական փորձաքննական եզրակացությունը, ՀԷԿ-ը կառուցել ջրվեժից ներքեւ ընկած հատվածում` զարգացնելով էկոտուրիզմը, որը շահավետ կլինի նաեւ կառուցողին: Հենց այս հարցերն են երեկ քննարկվել բնապահպանության նախարարությունում Թռչկանի ջրվեժի պահպանությանը նվիրված քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել է նախարար Արամ Հարությունյանը, «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անդամները, հասարակական կազմակերպություններ, շինարարներ եւ նախագծողներ: ՀԿ ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել շինարարական աշխատանքների ընթացքում նախագծային լուծումների խախտման մի շարք փաստեր:

Նախարարի հանձնարարականով կստեղծվի աշխատանքային խումբը` բնապահպանության, քաղաքաշինության փորձաքննություն իրականացնող մարմինների մասնագետների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Աշխատանքային խմբին հանձնարարված է ջրվեժում եռօրյա ուսումնասիրություն իրականացնել: Արամ Հարությունյանը շինարարին առաջարկել է եւս մեկ անգամ քննարկել ՀԷԿ-ի կառուցումը ջրվեժից ներքեւ ընկած հատվածում կառուցելու հարցը: Նախարարը համոզված է, որ նման որոշումը բացարձակապես չի ազդի ջրվեժի բնականոն գործունեության վրա: Շինարարը խոստացել է իրականացնել այլընտրանքային հաշվարկներ եւ հնարավորության դեպքում ՀԷԿ-ը կառուցել ջրվեժից ներքեւմ ընկած հատվածում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4