Համաշխարհային երաժշտության ֆենոմեն Պինկաս Ցուկերմանը չորս տասնամյակ շարունակ գերել է երաժշտասերներին ու նրանց պարգեւել անմոռանալի պահեր: Նրա երաժշտական հանճարը, անհավանական տեխնիկան եւ անբեկանելի գեղարվեստական չափանիշները զարմանք են պատճառում հանդիսատեսին ու քննադատներին: Ցուկերմանի անունը հարգի է իբրեւ ջութակահար, ալտահար, դիրիժոր, ուսուցիչ եւ կամերային երաժիշտ: «Ազգը» անդրադարձել է աշխարհի հանրահռչակ 10 երաժիշտների ցանկում ընդգրկված Պինկաս Ցուկերմանի ստեղծագործական ուղուն, եւ աշխարհի շատ բեմեր գրաված երաժշտին:
Եվ ահա երկրորդ օրն է, որ «Գրեմմի»-ի կրկնակի մրցանակակիր երաժիշտը 1,5 տարվա ընդմիջումից հետո եկել է Հայաստան: Լրագրողները երեկ անդրանիկ համերգից առաջ հանդիպեցին ու շփվեցին մեծանուն երաժշտի հետ: Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՊՖՆ-ի հետ (գեղղեկ եւ դիրիժոր Էդվարդ Թոփչյան) շատ կարճ փորձից հետո Ցուկերմանը հիացած նվագախմբից ու դիրիժորից, երկու ձեռքերի բութ մատերը վերեւ բարձրացրեց ու բարձրաձայն ասաց. «Հրաշալի էր, բռավո, բռավո»: Իհարկե, ֆիլհարմոնիկի համար դա մեծ գնահատական է եւ պարծենալու պատճառ, որ աշխարհահռչակ երաժիշտը շատ կարճ փորձից այդպես ոգեւորված էր ու երեկոյան համերգին անհամբերությամբ էր սպասում: Պինկաս Ցուկերմանն ասաց, որ շատ ուրախ է կրկին Հայաստան վերադառնալու առիթի համար: «Տեսնում եմ, որ քաղաքը ավելի կենդանացել ու գեղեցկացել է: Հրաշալի է նման փոփոխություններ տեսնելը եւ հուսամ, որ առաջընթացը կշարունակվի: Այժմ աշխարհը տնտեսական անկում է ապրում ամենուրեք, եւ մենք շատ մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի այն երաժշտությունը, որը մենք կերտում ենք, պահենք ամենաբարձր մակարդակով, անկախ աշխարհի իրավիճակից: Եվ մենք մշակել ենք զիջումների հատուկ քաղաքականություն, որպեսզի մենք, չնայած այդ դժվարություններին, շարունակենք մեր արվեստըՙ մեր հոնորարների հաշվին»:
Նյու Յորքի հանրահայտ «Ջուլիարդ» քոլեջում Իվան Գալամյանի սանըՙ Ցուկերմանը իր ուսուցչին մեծ երաժիշտ համարեց եւ նշեց, որ նա երկու սերունդ ջութակահարներ է կրթել ու պատրաստել, որոնք փայլել են աշխարհի բեմերում: «Նա ամբողջությամբ նվիրված էր ջութակին, կատարյալ նվիրյալ իր գործին», ասաց Ցուկերմանը: «Ազգի» հարցին պատասխանելով, նշեց, որ աշխարհում շատ հայտնի երաժիշտներ, ջութակահարներ կան. «Ես 10-12 հոգու գիտեմ 25-30 տարեկանների շրջանում, որոնք շատ տաղանդավոր են, շատ աշխատասեր եւ շատ հրաշալի մարդիկ են: Ես վստահ եմ, որ մեր ավանդույթը կշարունակվի, ու կան արժանավորներ: Իսկ ձեր հարցը, թե հայեր կա՞ն այդ ցանկում, այո՛, կան եւ ես կարող եմ նշել թավջութակահար Նարեկ Հախնազարյանին, որին արդեն հրավիրել եմ Կանադա, ինձ հետ նվագելու: Սերգեյ Խաչատրյանին էլ գիտեմ, նրա մասին շատ եմ լսել»: Իսկ իր ամենամեծ նվաճումը այս տարվա ընթացքում երաժիշտը համարեց իր անդրանիկ թոռնուհու Վերոնիկայի ծնունդը, եւ հպարտանում էր, որ պապիկ է դարձել ու ցույց տվեց 7 օրական փոքրիկի նկարը:
Երաժշտասերները մեկ անգամ եւս հիացան ու վայելեցին Պինկաս Ցուկերմանի անկրկնելի նվագը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որը գլխավորում էր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը: Ծրագրում հնչեցին Վերդիի, Մաքս Բրուխի եւ Չայկովսկու ստեղծագործությունները ու արժանացան ջերմ ընդունելության:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ