Թուրքիայում ընթացող մինչեւ 16 տարեկանների շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում պարզապես գերազանց են հանդես գալիս հայ շախմատիստները, որոնց գերազանցությունը մրցակիցների նկատմամբ ակնհայտ է: Օլիմպիադան անցկացվում է բավական խիստ ռեժիմով. մասնակիցներն օրական երկու մրցախաղ են անցկացնում: Այնպես որ պատանի շախմատիստների վրա ծանրաբեռնվածությունը բավականին մեծ է: Սակայն դա չի խանգարում մեր պատանիներին հիանալի արդյունքների հասնել:
3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Հնդկաստանի ընտրանուն, որն ընդամենը կես միավորով էր հետ մնում մեր շախմատիստներից: Առաջին երեք խաղատախտակների վրա մեր պատանիները հաղթեցին: Կարեն Գրիգորյանը հաղթեց Սահաջ Գրովերին, Հովհաննես Գաբուզյանը պարտության մատնեց Կուշիկ Գիրիշին, իսկ Տիգրան Հարությունյանն առավելության հասավ Վիանի Անտոնիոյի նկատմամբ:
Իսկ ահա 4-րդ խաղատախտակի վրա Արման Միքայելյանը պարտվեց Բաջաջ Պրինցեին: Դա հայ շախմատիստների առաջին պարտությունն էր օլիմպիադայում:
4-րդ տուրում մեր պատանիների մրցակիցը Վրաստանի հավաքականն էր: Հայ շախմատիստները կրկին վերելքով խաղացին եւ 4-0 հաշվով ջախջախեցին մրցակցին: Իրենց օգտին հաղթական միավորներ գրանցեցին Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանն ու Զոհրակ Ապրեսյանը, որոնց մրցակիցներն էին համապատասխանաբար Իրակլի Բերաձեն, Շալվա Նադիրաշվիլին, Գուգա Բուրդուլին եւ Նինո Խոմերիկին:
Այս հաղթանակների շնորհիվ Հայաստանի հավաքականն ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը: Մեր շախմատիստները վաստակել են թիմային 8 միավոր: Բոլոր պարտիաներում վաստակած միավորների քանակը 14,5 է: 2-րդ տեղում Ռուսաստանի հավաքականն է, որն ունի 12 միավոր: Ռուսները 3-րդ տուրում 1,5-2,5 հաշվով զիջեցին ադրբեջանցիներին, իսկ հաջորդ մրցախաղում ջախջախեցին շվեյցարացիներին (4-0): 11 միավոր ունի Ադրբեջանի հավաքականը, որը 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի ընտրանու հետ: 10-ական միավորով հաջորդ տեղերում են Վրաստանի, Հնդկաստանի, Իրանի եւ Թուրքիա-Սպիտակի հավաքականները:
5-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների մրցավեճը, որի ելքը կարեւոր է չեմպիոնի տիտղոսի համար մղվող պայքարում: Ադրբեջանցիները կմրցեն իրանցի շախմատիստների հետ, հնդիկների մրցակիցները կլինեն չեխերը, իսկ Վրաստանի հավաքականը կհանդիպի Թուրքիա-Սպիտակ թիմի հետ: