«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2011-10-27 | #193, 2011-10-28 | #194, 2011-10-29


ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ ԵՎ ՀԵՌԱՑԱՎ

Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ Armnews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատեց, որ հեռանում է քաղաքապետի պաշտոնից: Կարապետյանը խոստովանեց, որ որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի տեղափոխման եւ անձնական բնույթի դրդապատճառներով: Կարապետյանը չհերքեց եւ չհաստատեց, որ անցնում է այլ պաշտոնի Ռուսաստանի Դաշնությունում, սակայն, ըստ տեղեկությունների, նա կստանձնի «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի տեղակալի պաշտոնը: Ըստ լուրերի, նրա աշխատավարձը կկազմի ամսական 100.000 դոլար:

«Մեծ դժվարությամբ եմ կայացրել քաղաքապետի պաշտոնը թողնելու որոշումը եւ ներողություն եմ խնդրում երեւանցիներից, եթե չեմ արդարացրել նրանց հույսերը»: Կարապետյանը հերքեց, որ իր հրաժարականի պատճառը ՀՀԿ-ի հետ տարաձայնություններն են: Նախագահն ու կուսակցությունը նրա հանդեպ ունեցել են անսահմանափակ վստահություն: Նա նախագահական թիմի հետ շատ լավ հարաբերություններ ունի, նախագահը ֆանտաստիկ ազդեցություն է ունեցել իր կայացման գործում: Ավելինՙ պաշտոնից հրաժարվելը չի նշանակում թիմից դուրս գալ:

Երեկ քաղաքապետը իր խոսքն է ուղղել նաեւ Facebook-ի օգտատերերին: «Հայտնում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ իմ հրաժարականը որեւէ քաղաքական կամ ներիշխանական տարաձայնությունների ենթատեքստ չունի: Ես շատ-շատ եմ սիրում ձեզ, դեռ շատ բան ունենք անելու միասին, եւ անելու ենք մեր սիրելի Երեւանի եւ մեր երկրի համար», եզրափակել է Կարապետյանը:

Կարապետյանը արդեն երկրորդ պաշտոնյան է, որ հրաժարականի դիմում է ներկայացնում եւ մեկնում Հայաստանից` առավել լավ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Առաջինը մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանն էր:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն առաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում, երբ անցյալ տարվա դեկտեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց: Կարապետյանը քաղաքապետի պաշտոնում ընտրվեց դեկտեմբերի 17-ին: «Երեւանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի լիազորությունները ժամանակավորապես կստանձնի Երեւանի առաջին փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Դրանից հետո Երեւանի ավագանին կնշանակի Երեւանի քաղաքապետի ընտրության օրը: Քաղաքապետի հրաժարականից մեկ ամսվա ընթացքում Երեւանը պետք է ունենա նոր քաղաքապետ, իսկ նոր քաղաքապետին ընտրելու է ավագանին: Ամենայն հավանականությամբ քաղաքապետի ընտրությունը կկայանա նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Մինչ այդ` քաղաքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4