«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2011-10-27 | #193, 2011-10-28 | #194, 2011-10-29


ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՍՈՒՄ ԷՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՄՏՆԵԼՈՒՑ

Երեկվա ՀԱԿ-ի հանրահավաքը տեղի էր ունենում իշխանական քաղաքական ուժերի տուրեւառումների շաբաթվա ավարտին, ու շաբաթվա հակասականությունը զգացվում էր նաեւ ՀԱԿ-ի ղեկավարների ելույթներում: Ցերեկը կատակեցինք, որ Կարեն Կարապետյանի հրաժարականը ՀԱԿ-ը կդիտի որպես իր պահանջներից մեկի կատարում. ուղիղ այդպես չեղավ, բայց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «խորհուրդ էր տալիս» նախագահ Սարգսյանին հետեւել Կ. Կարապետյանի օրինակին ու հրաժարական գրել, քանի որ չգիտես ինչու, հենց այժմ է այդ պահը: Տեր-Պետրոսյանն էլ թե` ներքաղաքական կյանքը վճռական փուլ է մտել, որ կարող է (պահ-պահ-պահ) հանգեցնել արտահերթ ընտրությունների: Հեր օրհնած, չհոգնեցիք անիրական բաներից խոսելուց: Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, սակայն, թե իրենցից իսկապես ոչինչ չի կախված, բայց թե ինչու «պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման», այնքան էլ չհասկացվեց, մանավանդ նրա ելույթի հետագա ընթացքից. «Եթե, հակառակ գործադրված բոլոր ջանքերին, այնուամենայնիվ առաջիկայում չհաջողվի հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, ապա Կոնգրեսը պետք է ձգտի Ազգային ժողովում ապահովել այնպիսի ծանրակշիռ ներկայություն, որն առանձին կամ այլ ուժերի հետ կազմած դաշինքով, ի վիճակի լինի անմիջապես բարձրացնելու նրա պաշտոնանկության, կամ այլ կերպ ասած, իմփիչմենթի հարցը»: Հա, ուրեմն, անցանք առաջ, հիմա հույսներն Ազգային ժողովն է, բա շուտ ասեիք: Հարցն էլ այդ է` թե ի՞նչ ուժերի հետ դաշինքի հույս ունի Տեր-Պետրոսյանը, թող միանգամից ասի: Բայց նա սկսեց խոսել ընտրակեղծիքների դեմն առնելու մեխանիզմների մասին ու նրա կողմից կեղծման ամենաարդյունավետ ռեսուրսի, կես միլիոն ավելորդ քվեաթերթիկի շրջանառության հաղթահարման միջոցների վրա կենտրոնացումն այս իմաստով գոնե օգտակար աշխատանք թվաց մեզ, քանի որ այս մի հարցում բոլորս պետք է միջոց ման գանք: Իսկ Տեր-Պետրոսյանի մատնանշմամբ այս խնդիրն ինչպիսի սրությամբ դրված էր 2007-ին, «նույնպիսի սրությամբ առկա է նաեւ այսօր, եւ այդպիսին էլ մնալու է, քանի դեռ միջազգային հանրությունը հանդուրժում է նման խայտառակությունը»: Մի խոսքով` Տեր Պետրոսյանը կանգ էր առել ընտրակեղծիքների դեմ պայքարի վրա եւ ճիշտ էլ արել էր, քանի որ հասկանում է` հերթական ընտրությունները մոտենում են, իսկ իրենք արտահերթ ասելով հերթական ընտրություններ են հասկանում:

Այսպես, նա կանգ առավ տարիների ընթացքում ավելացող արտագաղթի պարագայում անընդհատ ընտրողների թվի ավելանալու փաստի վրա` դա անվանելով «վիճակագրական հանցավոր աճպարարություն»: Մի խոսքով` կես միլիոն ավելորդ քվեաթերթիկը ցանկացած ընտրության ժամանակ իշխանության թեկնածուներին 20 տոկոս ստարտային, իսկ քվեարկության մասնակիցների հաշվով` 40 տոկոս առավելություն է տալիս (անմիջապես աչքի առաջ եկան 1995 եւ 1996 թվականների ընտրությունները` օ, սուրբ կրկնություն իրավիճակի), ընտրացուցակները չեն համապատասխանեցվել ընտրողների թվին, այնպես որ հարկ է պայքարել ցուցակները մաքրելու համար: Բայց եւ տարօրինակ առաջարկ հնչեցրեց ՀԱԿ առաջնորդը. «Երկրից տեւականորեն բացակա, բայց հաշվառումից դուրս չեկած 500000 քաղաքացիների անունները պարզապես պետք է հանվեն ընտրացուցակներից, ինչը, սակայն, ամենեւին չի նշանակում, թե նրանք զրկվում են ընտրելու իրավունքից: Ովքեր քվեարկության օրը կներկայանան ընտրատեղամասեր, նրանք ընդհանուր կարգով, այսինքն դատարանի վճռի կամ լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա, կընդգրկվեն լրացուցիչ ցուցակներում եւ կմասնակցեն ընտրությանը»: Տեր-Պետրոսյանը նաեւ այլ ընտրական պատրաստություններից խոսեց` 131 պատգամավորի ընտրությունն էլ համամասնական ընտրակարգով լինի, բազմակուսակցական հանձնաժողովները պետք է փոխարինվեն պետության կողմից ձեւավորված հանձնաժողովներով եւ այլն:

Մի քիչ էլ սպասում ուներ, թե իշխանության մոնոլիտը ճեղքեր կտա: Հիմա նայեք ավարտը հանրահավաքի եւ Տեր-Պետրոսյանի ելույթի, որը նույնն է. «Մենք մտնում ենք քաղաքական պայքարի մի դինամիկ շրջան, որը մեր նպատակներին հասնելու նոր հնարավորություններ է ընձեռում: Հայ Ազգային Կոնգրեսի խնդիրն է, արդ, ճշտորեն հաշվարկել իր քայլերը եւ առավելագույնս օգտվել այդ հնարավորություններից: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, որի ընթացքում ավելի կորոշակիացվեն մեր գործողությունները»:

Դե, ասա մտաք հերթական ընտրությունների նախընտրական փուլ, այդպես էլ ասեիք, էլի, թե չէ գիտահետազոտական...

Լավ է, ամեն ինչ տեղն ընկավ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4