Մասնակցությամբ աշխարհի բազմաթիվ երկրներից Երեւան ժամանած շուրջ 30 գիտնականների, զազա մշակույթի, լեզվի, ինքնության մասնագետների, պատմաբանների, երաժիշտների ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, Երեւանում առաջին անգամ երեկ մեկնարկեց միջազգային գիտաժողովՙ «Զազա. Ժողովուրդ-պատմություն, լեզու, մշակույթ, ինքնութուն» վերտառությամբ (28-30 հոկտեմբեր, 2011 թ.):
Բացման խոսքով հանդես եկավ «Իրան եւ Կովկաս» հանդեսի գլխավոր խմբագիր, կազմակերպող կոմիտեի նախագահ, դոկտ., պրոֆ. Գառնիկ Ասատրյանը, ողջունելով մասնակիցներին եւ հյուրերինՙ այս կարեւոր գիտաժողովի առիթով, շնորհակալություն հայտնեց գլխավոր հովանավոր Հրաչ Գաբրիելյանին:
Ելույթներով հանդես եկան դոկտ. Արա Պապյանը («Մոդուս Վիվենդի» կոնտրոնի նախագահ, Երեւան), «Ակադեմիական հավաքները որպես ազդու միջոց ժողովրդական դիվանագիտության մեջ» թեմայով: Ապա դոկտ., պրոֆ. Ուվե Բլեզինը (Լեյդընի համալսարան), օգնական խմբագիր «Իրան եւ Կովկաս» հանդեսի եւ ամսագրի դերը իրանական էթնիկական խմբերի ուսումնասիրությունը տարածաշրջանում ներկայացմամբ:
Գլխավոր ելույթներ.- Գիտական, պատմական, հասարակական եւ կրոնական կարեւոր հարցեր քննարկեցին Վիկտորիա Առաքելովան (Հայաստան), «Ալեւիները, շիաների ընդհատակը»ՙ Տիգրան Սարուխանյան (Հայաստան), «Կառլ Ֆրիդրիխ Անդրեասը (1846-1930) եւ «Զազա» ուսումնասիրությունները» զեկուցումներում:
Գիտաժողովի առաջին հատվածը հատկանշական էր Կերի Տրոմփֆի (Ավստրալիա) «Անդրադարձներ Մերձավոր Արեւելքի էթնոկրոնական փոքրամասնությունների» եւ մանավանդ Կիլիկիայի հայոց պատմության հետ կապված «Կոզան» (Սիս), «Զեյթահ» (Դերսիմ) տարածքներում օսմանյան պետությանը եւ վերաբնակեցմանն ու էթնիկականությանը» նվիրված մանրամասն ներկայացմամբ ամերիկացի երիտասարդ գիտնական Քրիս Կրաթինքնի կողմից: Մինչ ռուս գիտնական Վիկտոր Նադեին-Ռայեւսկին ներկայացրեց «Զազա. Ժողովուրդ Թուրքիայում, ինքնության հարցը», թեման, որին հաջորդեց կարճատեւ քննարկում մասնակիցների կողմից:
Առաջին օրվա երկրորդ հատվածում շահեկան աշխատություններով հանդես եկան Իբերհարդ Վերները (Գերմանիա), Սեյֆի Ջենքլը (բացակայությամբ ներկայացվեց Վ. Առաքելովայի կողմից), Նոդար Սուսակին (Ռուսաստան), Սերդար Յիլդիրիմը (Թուրքիա), Մունզուր Ջեսը (Գերմանիա), Ջեյհան Սուվարին եւ Իլիֆ Քանդան (Վանի համալսարան), Զազա թե քուրդ այլ փոքրամասնությունների լեզվի, պատմության, մշակույթին նվիրված խիստ կարեւոր տեղեկություններով ու փաստերով:
Համագումարի 4-րդ հատվածը ականջալուր եղավ մասնավորապես Նադիրի Կունդաշ Ալդատմազի հիանալի ելույթին, երբ թուրքերենով ներկայացրեց Դերսիմի շրջանի հավատամքների համակարգը եւ բազմաթիվ կրոնական եւ ազգագրական սովորություններ, որոնք կապված են Դերսիմի հնագույն ժողովուրդների, քրիստոնեության եւ մանավանդ հայության հետ...
Երեկոյան, «Արարատ» հյուրանոցում կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկան Գերմանիայից հատուկ ժամանած զազա նշանավոր երաժիշտ-երգիչներ Ջեմիլ Քոչվիրին եւ Շիրակ Շահրիկյանը (Հայաստան):
ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ