Արեւելյան Թիմորի միակ ազգային թանգարանում մի հատկանշական կտավ կա. ահեղ դինոզավրը պատրաստվում է կլանել խղճուկ խրճիթ: Թե ինչո՞ւ է հայտնվել այս նկարը հատկապես Արեւելյան Թիմորի թանգարանում, բավական երկար պատմություն է...
Թիմորն այլեւս գաղութ չէ, սակայն...
Արեւելյան Թիմորը 16-րդ դարից պորտուգալական գաղութ էր: Սակայն 1975-ին Պորտուգալիան, «ավելորդ գլխացավանքներից» ազատվելու նպատակով, հրաժարվում է իր բոլոր գաղութներից, այդ թվումՙ Արեւելյան Թիմորից, տալով նրանց անկախություն: Թեեւ միջազգային փաստաթղթերում որպես Արեւելյան Թիմորի «սեփականատեր» շարունակում էր մնալ նույն Պորտուգալիան: Հենց այս իրադարձությունը բավական հարմար միջոց էր Ինդոնեզիայում այդ ժամանակ տիրապետող դիկտատուրական ռեժիմի համար` կցել Արեւելյան Թիմորը ինդոնեզական պետությանը: Վերջինս իր մահմեդական բնակչության թվով այսօր համարվում է աշխարհի խոշորագույն պետությունը: Միեւնույն ժամանակ Ինդոնեզիան բազմազգ երկիր է, ներգրավված մի շարք հակամարտությունների մեջ, ինչպիսիք են նույն Արեւելյան Թիմորինը, Աչեխինը, Պապուայինը:
Այսպիսով Արեւելյան Թիմորից «պորտուգալական ձեռքի» անհետացումից հետո դիկտատորական Ինդոնեզիան սկսեց այդ տարածաշրջանը բռնակցելու գործընթաց` անմիջապես զորք մտցնելով Արեւելյան Թիմոր: Ինդոնեզիան այս քայլը կատարում էր բավական համարձակ, միջազգային հանրության, կոնկրետՙ Պորտուգալիայի (հետեւաբար` Եվրոպայի) եւ մոտակա Ավստրալիայի առնվազն իմացությամբ: Պատճառն այն էր, որ Պորտուգալիայի հեռանալուց հետո Արեւելյան Թիմորում անցած դարի 70-ականներին կային որոշ կոմունիստական հայացքներ, Արեւմուտքը, բնականաբար, չէր կարող թույլ տալ Արեւելյան Թիմորի բարձիթողի վիճակ, ինչը կնշանակեր կոմունիզմի տարածում այսքան հոծ բնակեցված ու այսքան կարեւոր տարածաշրջանում: Ինդոնեզիան անցավ բռնաճնշումների, որոնք սկզբնական շրջանում, ցավալի լինելուն զուգահեռ, նաեւ զավեշտալի էին. օրինակՙ Ինդոնեզիան որոշեց, որ Արեւելյան Թիմորում բոլորն անգամ կենցաղային խոսակցություններում պետք է խոսեն Ինդոնեզիայի լեզվով, այնինչ Արեւելյան Թիմորում «ավանդաբար» լայն տարածում ուներ եւ ունի պորտուգալերենը: Ինդոնեզական այս օրենքը չէր սահմանափակվում, ասենք, պետական, քաղաքական գրագրությամբ կամ հասարակական խոսքով, այլ ներառում էր նաեւ կենցաղային զրույցները: Օրինակՙ փողոցում միմյանց հետ ոչ ինդոնեզերեն խոսող անձանց կարող էին անմիջապես ձերբակալել ու նետել բանտ: Այս ամենով չբավարարվելով` ինդոնեզական դիկտատուրան Արեւելյան Թիմորում իրականացրեց, ըստ էության, ցեղասպանություն. տասնյակ միլիոնավոր թիմորցիներ սպանվեցին պարզապես «թիմորցի-ոչ հնազանդ» լինելու պատճառով: Այս ամենը բերեց նրան, որ Արեւելյան Թիմորում բազմաթիվ տղամարդիկ հեռացան ջունգլիներ` պայքարելու ընդդեմ Ինդոնեզիայի: Նույն ժամանակահատվածում հիմնականում Արեւմուտքում Արեւելյան Թիմորն ուներ բազմաթիվ հայրենակիցներ, որոնք այստեղ էին սովորելու կամ այլ նպատակներով, որոնք էլ լծվեցին Արեւելյան Թիմորի քաղաքական հարցի շահարկման, խնդրի հնչեղությունը ապահովելու գործին: Արդարության համար պետք է նկատել, որ այդ ժամանակ էլ Արեւելյան Թիմորում հասարակությունը բաժանվում էր երեք հիմնական խմբերի. նրանք, որոնք «ցանկանում էին մնալ Պորտուգալիայի կազմում», նրանք, որոնք ցանկանում էին միանալ Ինդոնեզիային եւ նրանք, որոնք կողմնակից էին Արեւելյան Թիմորի անկախությանը: Ի վերջո ինդոնեզական դիկտատուրայի բռնաճնշումները թերեւս ավելի ստվար դարձրեցին երրորդ խումբը, որին, ինչպես արդեն նշեցինք, միացան արտասահմանում ապրող արեւելաթիմորցիները:
Առանց պատրաստության անկախություն
Այս պայքարն ի վերջո տվեց իր արդյունքները: Արեւելյան Թիմորի ժողովրդին սպառնացող գոյության վտանգի մասին իրազեկվեց ողջ միջազգային հանրությունը: ՄԱԿ-ը անհապաղ իր խաղաղապահները մտցրեց Արեւելյան Թիմոր, կարճ ժամանակ անց դադարեցվեցին ռազմական գործողությունները, Արեւելյան Թիմորում ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվեց հանրաքվե, Արեւելյան Թիմորը հռչակվեց անկախ պետություն, որն այսօր նաեւ ՄԱԿ-ի լիիրավ անդամ է: Այս իրադարձություններին գրեթե զուգընթաց, Ինդոնեզիայում տապալվեց դիկտատորական ռեժիմը: Սակայն ինդոնեզական բանակը Արեւելյան Թիմորից հեռանալիս ավերել էր ամեն շարժվող բան, հեռանալովՙ ինդոնեզական նավերը իրենց հետ տարել էին շուրջ 18 հազար թիմորցիների, որոնք ներկայացնում էին Արեւելյան Թիմորի էլիտան: Նորանկախ պետությունն ու իր ժողովուրդը պատրաստ չէին այդ անկախությանը: Այսօր էլ, չնայած կղզում կա նավթ եւ գազ (սա թերեւս հիմնավորում է, թե ինչու ՄԱԿ-ը անհապաղ ճանաչեց Արեւելյան Թիմորի անկախությունը), սակայն չկա տնտեսություն, բացակայում են ենթակառուցվածքները, չկան ըստ էության ճանապարհներ, շուրջբոլորը ջունգլի է: Արեւելյան Թիմորի մի բնակավայրից մյուսը գնալու համար պետք է ծով անցնել, իսկ նորանկախ պետությունը իր քաղաքացիների եւ հյուրերի այս կարիքը հոգալու համար ունի ընդամենը մեկ մոտորանավակ, հետեւաբար Արեւելյան Թիմորում կանգ է առնում գրեթե ամեն ինչ, երբ, օրինակ, այդ նավը փչանում է: Մայրաքաղաք Դիլիի օդանավակայանը սպասարկում է շաբաթական ընդամենը 6 ուղղություններով չվերթեր. Սինգապուր եւ հակառակը. երկուսը` դեպի Ավստրալիա եւ այլն: Այժմ Չինաստանը ցանկանում է բացել իր օդային դարպասները Դիլիի առջեւ (բացի սրանիցՙ Արեւելյան Թիմորում գործող միակ վերելակը, որը երկրի ԱԳՆ-ում է, Պեկինի պաշտոնական նվերն է նորանկախ պետությանը), նախագծեր կան ինդոնեզական երկու քաղաքների հետ հաստատելու օդային կապեր: Արեւելյան Թիմորում կան նախագահ, վարչապետ եւ նախարարներ, ի դեպ` նախագահը եւ վարչապետը Նոբելյան խաղաղության մրցանակակիրներ են, սակայն յուրաքանչյուր պետական ինստիտուտում «խորհրդատվության համար» ներառված են ՄԱԿ-ի ներկայացուցիչներ. մեկ ընդհանուր խոսքով` Արեւելյան Թիմորը կառուցում է իր պետությունը բառիս բուն իմաստով զրոյից, ոչինչ չիմանալով: Սակայն արեւելաթիմորցիները լի են վճռականությամբ «դա անելու»: Հաշվի առնելով մանավանդ պետության բնական ռեսուրսները` միջազգային հանրությունը «մեծ սիրով» կօգնի նրանց այդ հարցում: Հարեւան Ինդոնեզիայի հետ կապված թիմորցիները բավական ուշագրավ դիրքորոշում ունեն. լավ հասկանալով, որ մանավանդ բազմազգ Ինդոնեզիան ինդոնեզացիները չեն, նրանք վերջիններիս չեն ընկալում որպես թշնամիների: Չնայած արեւելյան թիմորցիները շարունակում են պահպանել պորտուգալացիների ներմուծած քրիստոնեությունը, սակայն քրիստոնյա են համարվում, որովհետեւ «Ինդոնեզիան մահմեդական է»: Այդուհանդերձ Արեւելյան Թիմորը այսօր մի շարք թելերով կապված է Ինդոնեզիային:
Իսկ Ինդոնեզիա՞ն
Այժմ այս ամենին Ինդոնեզիան նայում է բավական նորմալ: Ավելին, երբ Արեւելյան Թիմորում ընթանում էին բռնաճնշումներ, Ջակարտայի փողոցներում բազմահազարանոց խմբեր բողոքում էին «երկրում իշխող դիկտատորական կարգերի դեմ, որոնցից տուժում են անգամ արեւելյան թիմորցիները»: Այժմ Արեւելյան Թիմորից 6000 երեխաներ ամենամյա ծրագրերով մեկնում են Ինդոնեզիաՙ սովորելու, հայրենիքում ոչ ոք սարսափով չի վերաբերվում այս փաստին: Իսկ երբ փչանում է արեւելաթիմորյան միակ մոտորանավակը, ինդոնեզացիները «հոժարակամ» փոխարինող են գտնում դրան, երկու երկրներն իրականացնում են սահմանային առեւտուր, չնայած Արեւելյան Թիմորը կոնկրետ տնտեսական կապերով առավելապես կապված է մոտակա Ավստրալիայի հետ: Վերջինս, ինչպես նաեւ նախկին գաղութատեր Պորտուգալիան, թերեւս Արեւելյան Թիմորի ժողովրդի բռնաճնշումների ժամանակ իրենց դրսեւորած անտարբերության մեղքի գիտակցումով, այսօր ստանձնել են նորանկախ պետության կայացման «հոգաբարձությունը»:
Ինչ վերաբերում է երկու երկրների միջեւ եղած խնդիրներին, ապա հատուկ սրանք քննարկելու համար ստեղծվել է «միջպետական հանձնաժողով». թիմորցիները պահանջում են Ինդոնեզիայից պաշտոնական ներողություն, փոխհատուցում, սակայն, ինչպես արդեն վերը նշեցինք, սա չի խանգարում նույն թիմորցիներին իրականացնել Ինդոնեզիայի հետ սահմանային առեւտուր, եւ աշակերտներ ուղարկել «թշնամի երկիր»: Հետաքրքրական է ինդոնեզացիների դիրքորոշումը. այդ երկրում իրենց դժբախտությունների եւ անգամ Արեւելյան Թիմորի ողբերգության մեջ մեղադրում են բացառապես այդ ժամանակ իշխող դիկտատորական ռեժիմին` հստակ գիտակցելով ու ընդունելով վերջինիս գործած մեղքերը: Բացի դրանիցՙ Ինդոնեզիայում ԶԼՄ-ները կամ հասարակական կազմակերպությունները որեւէ խնդիր չունեն աշխատելու Արեւելյան Թիմորի հետ. այս պատճառով նրանք չեն ենթարկվում որեւէ «ժառանգական նախագահի» քմահաճույքներին:
Ինչպես վերը նշեցինք, Ինդոնեզիան ներառված է այլ հակամարտություններում եւս, որոնք սակայն բոլորովին այլ խոսակցության թեմա են:
...Դե իսկ Դիլիի թանգարանում` ահեղ դինոզավրը խորհրդանշում է դիկտատորական Ինդոնեզիան, խղճուկ խրճիթը Արեւելյան Թիմորն է:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ