Մի քանի ամիս առաջ ազերպրոպի սեւագործներից Աքպեր Հասանովը իր մասին հիշեցրեց Մոսկվայից եւ ասաց, որ այնտեղ է «գործուղվել, որպեսզի որակավորման դասընթացներ անցնի»: Պարզվում է, նա «հաճելին օգտակարի հետ է համատեղում». եւ ինչ-որ տեղ «սովորում է», եւ «թեժ հարցազրույցներ» կազմակերպում: Մեծ մասամբ, իհարկե, «հայ-ադրբեջանական-լեռնայինղարաբաղյան հակամարտության» թեմայով:
Հասանովի հերթական վիզավի է դարձել ոչ անհայտ Հեյդար Ջամալը, որն էլ իր հերթին իսլամական արմատականությունն ու ռուսական ազգայնականությունն է ճգնում «համատեղել»: Թե ի՞նչ է ստացվում դրանից` մեր խնդիրը չէ: Ընդգծենք միայն, որ նրա որդին վերջերս ծանր վիրավորվել էր Լիբիայում` գտնվելով Քադդաֆիի համակիրների ճամբարում: Իհարկե` «որպես լրագրող»: Բայց, ինչպես ասում են, «դառնանք մեր ոչխարներին»:
Ի՞նչն է Հասանովին դրդել Հեյդար Ջամալի հետ երկխոսության: Անշուշտ` հայատյացությունը: Ի՞նչն է Հեյդար Ջամալին ստիպել, որ համաձայնի Հասանովի առաջարկին: Դարձյալ` հայատյացությունը: Եվ նրանք դա չեն էլ թաքցնում: Իրար լրացնելով, միմյանց ուղղորդելով` Ջամալն ու Հասանովը հայերին եւ Հայաստանը ներկայացնում են որպես «Հարավային Կովկասի չարիք»:
Եվ այդ ամենը միայն այն պատճառով, որ հայերը կան, ունեն պետություն, կարողանում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի արդար դատը: Այ, եթե «հայերը եւ Հայաստանը չլինեին, մեզ մոտ արշալույսները կբացվեին խաղաղ», սա է Ջամալ-Հասանով «երկխոսության» բուն գաղափարը:
Մարդ ուղղակի ապշում է, թե ինչպե՞ս կարելի է իջնել նախաբանականության «մակարդակի» եւ հնչեցնել մտքեր, որոնց համար քաղաքակիրթ երկրներում օրենքով պատասխանատվություն է սահմանված: Լավ, ասենք, պատասխանատվության չեն ենթարկվում, քանի որ պատվիրատուն ինքը` ադրբեջանական պետությունն է: Բայց մի՞թե գոնե իրենց էլ չեն հարգում: Խոսքն, ի վերջո, մի տրամաբանություն պիտի ունենա՞, մի նպատակի պիտի ծառայի՞, ինչ-որ արարքի պիտի մղի՞: Հակառակ դեպքում ի՞նչ կարիք կա ժամանակ եւ էներգիա ծախսելու:
Ջամալն ու Հասանովը թերեւս նպատակ են դրել ներշնչել իրենց ցեղակիցներին, որ «կատարյալ երջանկության հասնելու համար պետք է վերացնել հայերին եւ Հայաստանը»: Նրանց «երկխոսությունը» սա է հուշում միայն:
Բայց չէ՞ որ դա հիվանդ ցնորամտություն է: Չէ՞ որ «աշխարհը ծղոտով չի ծածկված»: Եվ Հայաստանն էլ այն երկիրը չէ, որի հետ հնարավոր է «վերջնագրով խոսել»: Եվ այդ մասին Հասանովն ու Ջամալը, նրանց բոլոր ցեղակիցները գերազանց գիտեն: Եվ, այդուհանդերձ, ապրում են` «սպասելով հրաշքի»: Ինչպես քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն է նկատել դիպուկ` «մի նոր քաղբյուրոյի որոշման», որն «ուշանում է»: Եվ դրանից էլ նրանց բանականությունը մթագնում է: Նրանք դառնում են հոգեգարներ եւ փրփուրը բերաններին` զազրախոսում: Հայերի, հայության եւ Հայաստանի հասցեին:
Ինչքա՞ն է դեռ շարունակվելու այս վակխանալիան: Դժվար է կանխագուշակել: Մի բան միայն ակնհայտ է. մարդիկ սկսում են զազրախոսել, երբ բոլոր փաստարկներն սպառված են լինում: Հարեւան երկիրն ակնհայտորեն այդ վիճակին է հասել: Իսկ դրան կարող է հետեւել զանգվածային հոգեխանգարմունքը: Եվ այդ ժամանակ Հեյդար Ջամալին կմնա ոչ թե Քադդաֆիի, այլ բոլորովին ուրիշի ճակատագիրը սգալ: Իսկ գուցե նա հենց դա էլ ուզո՞ւմ է:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ