Հայ առաքելական եկեղեցուն պատկանող անշարժ գույքը գույքահարկից ազատելու օրենքի քննարկման ընթացքում Ազգային ժողովի բարձր ամբիոնից այն նույնիսկ բնութագրվեց իբրեւ լավություն եկեղեցուն, եւ ավելին, ինչպես շատ հաճախ, «մասնագետներն» առիթը բաց չթողեցին անհիմն մտահոգություն հայտնելու, թե այս օրենքի ընդունումը կծանրացնի ժողովրդի սոցիալական վիճակը եւ այլն:
Եկեղեցական այն կալվածքներն ու ինչքը, որ ցարական եւ օսմանյան իշխանությունները չէին հասցրել բռնագրավել ու թալանել, 1920-ական թթ. բռնագրավեցին ու թալանեցին բոլշեւիկները:
Նույն ձեւով երեսնական թվականներին աքսորեցին ու գնդակահարեցին հոգեւորականներին, խեղդամահ արեցին կաթողիկոսին, պայթեցրին եկեղեցիները: Եվ այսօր ՀՀ կառավարությունը արդարությունը վերականգնելու միտումով փորձում է շտկել անցյալի սխալներըՙ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին վերադարձնելու իրենից բռնագրավածն ու խլվածը, որն անաստված ռեժիմի գողացածի ընդամենը չնչին մասն է: Բայց արի ու տես, որ դարձյալ այս քայլը ոմանց դուր չի գալիս:
Ովքե՞ր են վերջիններս: Արդյո՞ք զավակներն ու թոռներն են նրանց, ովքեր ստալինյան բռնապետության տարիներին աքսորեցին ու գնդակահարեցին հոգեւորականներին, խեղդամահ արեցին կաթողիկոսին, պայթեցրին եկեղեցիները:
Այլապես ուրիշ էլ ո՞ւմ կարող էր անհանգստություն պատճառել նման աստվածահաճո քայլը: Փառք Ամենակալին, որ Հայաստանի անկախության քսան տարիների ընթացքում մեր եկեղեցին թեեւ երբեմն դանդաղ, բայց հաստատուն քայլերով Քրիստոսի լույս-Ավետարանն է բաշխում իր ժողովրդին, եւ գույքահարկից ազատելու այս նախաձեռնությունը միտված է է՛լ ավելի զորացնելու եւ արդյունավետ դարձնելու մեր եկեղեցու գործունեությունը:
Այնինչ այս քննարկումը ցույց է տալիս, թե անցնող տասնամյակների ընթացքում ինչպիսի ձեւախեղումներ են կատարվել հասարակական գիտակցության մեջ: Նախկինում, մեր ժողովուրդը ոտքի էր կանգնում, երբ փորձ էր արվում ձեռք բարձրացնել եկեղեցապատկան ունեցվածքի վրա: Այսօր փորձ է արվում այնպես ներկայացնել, թե պատմական արդարությանը նպատակամիտված այս օրենքի նախագիծը մեր հասարակության շահերից չի բխում:
1903 թ., երբ ցարի հրամանով որոշվեց բռնազավթել Հայոց եկեղեցու ունեցվածքը, ոտքի կանգնեց ողջ ժողովուրդը, անգամ հասարակական այն հոսանքների ներկայացուցիչները, ովքեր որոշակիորեն հակաեկեղեցական տրամադրվածություն ունեին: Նման միահամուռ հակազդեցությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ բոլորը գիտակցում էին, որ եկեղեցական ունեցվածքը ոչ թե եկեղեցու սեփականությունն է, այլ ծառայում է ազգային-հոգեւոր նպատակների:
Այսօր փորձ է արվում կամայական մեկնաբանությամբ ցուցակում առկա տարբեր անվանումներն այնպես ներկայացնել, թե իբր այդ ցուցակի մի շարք անվանումներ կապ չունեն եկեղեցու հետ: Ասվածն առավել տպավորիչ դարձնելու համար չեն խորշում այդ ամենը ներկայացնել անգամ ծաղրական երանգով` չհասկանալով, որ այդ ծաղրն ուղղված է ոչ միայն եկեղեցուն, այլեւ մեր ազգային-մշակութային նվիրական հասկացություններին:
Ասվածին բնորոշ օրինակ կարող է ծառայել ցուցակում հիշված լիճը: Որեւէ այլ հարցի մասին գրելիս լրագրողները սովորաբար հետաքրքրվում են, թե խոսքն ինչի մասին է: Եթե նրանք նույն ձեւով վարվեին այս անգամ եւս, ապա կիմանային, որ հիշյալ լիճը նշանավոր Ներսիսյան լիճն է, որն իր հայրապետության շրջանում կառուցել է մեր ժողովրդի կողմից «Պաշտպան հայրենյաց» անվանված Ներսես Աշտարակեցի կաթողիկոսը:
Երբ 19-րդ դարի երկրորդ կեսին կառուցվում էր այս լիճը, ժամանակի մամուլում եւս թերահավատ խոսքեր եւ կասկածներ հնչեցին, անգամ կարծիք հայտնվեց, թե ինչու են գումարները ծախսվում այս նպատակով: Սակայն լիճը կարճ ժամանակում իր շուրջն ստեղծեց մշակութային մի նոր միջավայր, որտեղ ստեղծվեցին Քրիստափոր Կարա-Մուրզայի, Կոմիտաս վարդապետի եւ Ղազարոս Աղայանի ստեղծագործությունները, այս լճով հիացել են եվրոպական ուղեգրողները` անվանելով եվրոպական մի օազիս: Ներսիսյան լիճն ինքը նաեւ մի ստեղծագործություն է դարձել 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայ դասական գրականության եւ գեղանկարչության մեջ:
Համանման ձեւով հայ ժողովրդի կրթամշակութային գործին են ծառայել նաեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանը, «Արարատ» ամսագիրը եւ Հայոց եկեղեցու բազմաթիվ այլ հաստատություններ: Ավելին, թե՛ ցարական իշխանությունները եւ թե՛ մեր եկեղեցու հակառակորդները Մայր աթոռին մեղադրել են հենց ազգանվեր այս ծառայությունների համար:
Եվ սա միայն անցյալ չէ, այլեւ այսօրվա կենդանի իրականությունը: Հոգեւորականների՞ն, թե՞ այսօրվա դպրոցականներին են ծառայում հայորդյաց տները, որոնք բազմահազար երեխաների կապում են մեր ազգային մշակույթի տարբեր բնագավառներին, ինչպես նաեւ անհրաժեշտ համապատասխան գիտելիքներ հաղորդում մասնագետներ դառնալու համար:
Անհրաժեշտության դեպքում կարելի է մի երկար ցանկով ներկայացնել Մայր աթոռի թե՛ անցյալի եւ թե՛ ներկայի կրթամշակութային եւ բարեսիրական գործունեությունը: Այնպես որ, տեղական ինքնակառավարման մարմինների կրելիք հնարավոր վնասների մասին փարիսեցիաբար խոսողները թող փորձեն նաեւ հաշվել, թե Հայաստանի Հանրապետությունում որքան կրթամշակութային եւ տնտեսական նշանակության կառույցներ ու տարբեր համակարգեր, որոնք գտնվում են նույն տեղական ինքնակառավարման մարմինների օգտագործման ներքո, ժամանակին կառուցվել են եկեղեցու կողմից եւ կառուցվել են հենց մեր ժողովրդի համար:
Մի շարք երկրներում, այդ թվում եւ իսլամական, Հայ առաքելական եկեղեցին ազատված է հարկերից, իսկ հայրենիքում դա ոմանց համար դեռեւս վիճարկման առարկա է: Ավելին, նույնն է թելադրում նաեւ եվրոպական փորձը` Եվրոմիության անդամ մի շարք երկրների օրինակով: Արեւելյան Եվրոպայի երկրներում խորհրդային համակարգի փլուզումից հետոՙ որպես իրենց անկախությանը եւ ընդհատված պատմությանը վերադառնալու առաջին քայլ, այդ երկրներում եկեղեցիներին վերադարձրեցին այն ամենը, ինչ խլվել էր նրանցից կոմունիստական վարչակարգի հաստատումից հետո: Նման քայլը պայմանավորված չէր տնտեսական աջակցությամբ, եւ այդ երկրներն ու նրանց ժողովուրդները դա արեցին ոչ թե եկեղեցու, այլ իրենց համար, որպեսզի վերադառնային այն կետին, որտեղից պետք է շարունակվեր իրենց պատմությունը:
ԽՈՐԵՆ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ