Եվրոմիության անդամ տասը երկիր եւ Հայաստանը համաձայնել են համագործակցել միգրացիոն ոլորտում` ստորագրելով «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը:
Ըստ Հայաստանի ԱԳՆ եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրությունների, հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը, Լեհաստանի ներքին եւ վարչական հարցերի նախարար Ջերժի Միլլերը ստորագրել են նշված հռչակագիրը` ԵՄ անդամ տասը երկրների հետ միասին (Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Ռումինիա եւ Շվեդիա)` որպես միգրացիայի ոլորտում մի շարք նախաձեռնություններ իրականացնելու համատեղ փաստաթուղթ:
Սեսիլիա Մալմստրոմը ստորագրմանը նշել է, որ այս գործընկերության մեկնարկը կարեւոր քայլ է հայ եւ եվրոպացի քաղաքացիների մերձեցման ուղղությամբ, որը վիզայի դյուրացման ու միգրանտների հետդարձի համաձայնագրերի հետ մեկտեղ կարեւոր նշանակություն կունենա Եվրոպայի եւ Հայաստանի քաղաքացիների տեղաշարժի դյուրացման հարցում: Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն էլ, իր հերթին, ընդգծել է, որ հռչակագիրը ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների առավել ինտեգրվելու պատրաստակամության հստակ նշան է:
Իրավական պարտավորություն չհանդիսացող հռչակագրի ստորագրմանը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի եվրոպական մերձեցման քաղաքականության կարեւոր բաղադրիչ են կազմում մարդկանց տեղաշարժի դյուրացումը, Հայաստանի եւ ԵՄ քաղաքացիների շփումների խրախուսումն ու ակտիվացումը:
Նալբանդյանը մասնավորապես ասել է. «Մենք ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի առաջարկը Հայաստանի եւ ԵՄ-ի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունների մեկնարկի վերաբերյալ եւ հուսով ենք, որ Եվրոպական խորհուրդը արագ կերպով կհաստատի բանակցությունների մեկնարկի մանդատը: Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ շուտափույթ կնքել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրեր»: Նրա խոսքով, քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը գործընկերության հաջորդ փուլի նպատակն է:
Հիշեցնենք, որ Արեւելյան գործընկերության երկրներից այսօրինակ հռչակագիր արդեն իսկ ստորագրել են Մոլդովան 2008-ին եւ Վրաստանը` 2009-ին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ