Այդ մասին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը
ԱՊՀ անդամ-պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը երեկ բացվեց Երեւանում: Նիստի մասնակիցների առջեւ ելույթ ունեցավ վարչապետ Տիգրան Սարգսյանը : Նա մասնավորապես նշեց, որ մեր երկրի հարավը մյուս ուղղություններին կապող երկաթգծի կառուցման ծրագիրը կառավարության ծրագրային առաջնահերթություններից եւ ռազմավարական խնդիրներից է:
Անդրադառնալով Հայաստանի այս տարվա տնտեսական ցուցանիշներինՙ վարչապետը տեղեկացրեց, որ առաջին 9 ամիսների ընթացքում մեր երկրում արձանագրվել է 5-տոկոսանոց տնտեսական աճ, ինչը պայմանավորված է գործընկեր պետությունների հետ առեւտրաշրջանառության մակարդակի բարձրացմամբ եւ կառավարության տնտեսական քաղաքականությամբ: Նշելով, որ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մակարդակն այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 25 տոկոսով, արտահանումըՙ 30 տոկոսով, իսկ ներմուծումըՙ 17 տոկոսով, Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ դա պայմանավորված է նաեւ երկաթուղային բեռնափոխադրումների ավելացմամբ:
Ա. Մ.