Վերջապես հայ ընթերցողին բախտ վիճակվեց ունենալ Լոնգոսի «Դափնիս եւ Քլոե» երկը արեւելահայերեն թարգմանությամբ, եւ երեկ «Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին Պերճ Զեյթունցյանը, Տիգրան Մանսուրյանը, Արտո Չաքմաքչյանը, Հակոբ Մովսեսը, Սերգեյ Խաչիկօղլյանը, Նելսոն Ալեքսանյանը, Երվանդ Տեր-Խաչատրյանը եւ այլք: Տ. Մանսուրյանը գրքի մասին ասաց. «Մեծ իրադարձություն է հայերենով ունենալ այս գիրքը: Լոնգոսի «Դափնիս եւ Քլոե»-ն բախտ եմ ունեցել կարդալ ռուսերենով, ընդ որում 2 անգամ: Առաջին անգամ կարդացել եմ` հայտնաբերելու, երկրորդ անգամ` առաջին անգամվա հաճույքը ապրելու համար: Նմանատիպ ամեն կոթողի լույս աշխարհ գալը ինձ համար ցնծություն է»:
«Դափնիս եւ Քլոե»-ն առաջին ամենանշանավոր հովվերգական արձակ երկն է Եվրոպայում, որը հայտնի է դարձել հատկապես Վերածննդի շրջանին եւ նշանակալի ազդեցություն գործել հետագա գրականության եւ գրական մտքի զարգացման վրա: Գրվել է մ. թ. երկրորդ դարի վերջին կամ երրորդ դարի սկզբին: Հեղինակի մասին տեղեկություն գրեթե չկա: Դափնիսի եւ Քլոեի պատմությունը ներկայացված է իբրեւ մի նկարի մեկնաբանություն, որը հեղինակը տեսել է Լեսբոսում որս անելիս: «Դափնին եւ Քլոե»-ն սկզբունքորեն տարբերվում է հին հունական մյուս վեպերից այն հատկանիշով, որ նրանում էական են ոչ այնքան արկածներն ու սյուժետային վայրիվերումները, որքան գլխավոր հերոսների մեծ սիրո պատմությունը: Լոնգոսի երկը նոր ժամանակներում դարձել է անտիկ աշխարհի ամենից սիրված ստեղծագործություններից մեկը: 1559 թ. Ժակ Ամյոյի ֆրանսերեն թարգմանության հրապարակումից ի վեր վեպն ավելի քան 500 անգամ թարգմանվել է տարբեր լեզուներով: Էքերմանի հետ զրույցներում Գյոթեն հիանում է հեղինակի վարպետությամբ ու բարձր ճաշակով եւ խորհուրդ տալիս տարին մեկ «Դափնիս եւ Քլոե»-ն ընթերցել` վեպի գեղեցկությունն ամեն անգամ նորովի վայելելու համար: Երկը նկարազարդել են այնպիսի հայտնի նկարիչներ, ինչպիսիք են Կամիլ Կորոն, Արիստիդ Մայոլը, Մարկ Շագալը եւ ուրիշներ:
Մորիս Ռավելը վեպի սյուժեով բալետ է գրել, Ժակ Օֆֆենբախը` օպերա: Լոնգոսի հայերեն ներկա թարգմանությունը ներկայացնում է կանադաբնակ մեծ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի` հատուկ այս հրատարակության համար արած պատկերազարդումներով: «Դափնիս եւ Քլոե»-ի թարգմանությունը կատարել են Գոհար Մուրադյանը եւ Արամ Թոփչյանը, հրատարակվել է «Սարգիս Խաչենց Փրինթինֆո»-ի կողմից:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ