«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2011-10-27 | #193, 2011-10-28 | #194, 2011-10-29


ԱՅԼԵՎՍ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՏԵՂ ՉԿԱ

Թուրքիայում ընթացող շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը կրկին անհաջողության մատնվեց: Այս անգամ մեր պատանի շախմատիստները 1,5-2,5 հաշվով պարտվեցին ադրբեջանցիներին: Մրցավեճի ելքը վճռվեց 4-րդ խաղատախտակի վրա: Արման Միքայելյանը պարտվեց Միսրատդին Իսկանդարովին: Իսկ մնացած պարտիաներում Կարեն Գրիգորյանն ու Նիջաթ Աբասովը, Հովհաննես Գաբուզյանն ու Ուլվի Բաջարանին, Տիգրան Հարությունյանն ու Կանան Իզաթը հաշտություն կնքեցին:

2-րդ անընդմեջ պարտությունից հետո էլ Հայաստանի հավաքականը 17,5 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը: Սակայն մրցակիցներն արդեն բավականին մոտեցել են մեր թիմին, ուստի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը կրկին նվաճելու համար հայ շախմատիստները մնացած 4 մրցախաղերում պետք է անպայման հաղթեն հնարավորինս մեծ առավելությամբ:

2-րդ տեղում ընթացող Ռուսաստանի հավաքականն ընդամենը կես միավորով է զիջում հայ պատանիներին: Ռուսները 6-րդ տուրում 2,5-1,5 հաշվով հաղթեցին վրացիներին: 3-րդ հորիզոնականում գտնվող Իրանի հավաքականը 4-0 հաշվով ջախջախելով չեխերին, վաստակել է 16 միավոր: Այսօր կայանալիք 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցելու է հենց իրանցի շախմատիստների հետ: Ռուսների մրցակիցները 15,5 միավոր ունեցող հնդիկ շախմատիստներն են, որոնք 4-0 հաշվով ջախջախեցին սլովակներին: Նույնքան միավոր ունեն նաեւ ադրբեջանցիները, որոնք մրցելու են 15 միավորով 6-րդ տեղում ընթացող վրացիների հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4