«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2011-10-27 | #193, 2011-10-28 | #194, 2011-10-29


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ ԿԿՐԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ «ՖՈՐՎԱՐԴԻ» ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ

Կնքվեց եռամյա պայմանագիր ՀԱՕԿ-ի եւ «Ֆորվարդի» միջեւ

Հայաստանցի մարզիկները 2012-ի ամառային եւ 2014-ի ձմեռային օլիմպիական խաղերում հանդես կգան ռուսական հանրահայտ «Ֆորվարդ» ֆիրմայի մարզահագուստով: Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու «Ֆորվարդ» ընկերության տնօրեն Վադիմ Շտոլլերը համագործակցության եռամյա պայմանագիր ստորագրեցին, որից հետո ողջույնի խոսքով դիմեցին ներկաներին:

  Վադիմ Շտոլլեր - Մեր ընկերության պատմության մեջ նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: Հաճելի է, որ «Ֆորվարդն» այսուհետ հանդերձավորելու է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Հայաստանի օլիմպիականներին: Շնորհակալություն եմ հայտնում պրն Ծառուկյանին այս համագործակցությունը սկսելու համար: Ուրախ ենք մեր գործընկերների կազմի ընդլայնման համար: Հայաստանը մշտապես ունեցել է ուժեղ մարզիկներ, որոնք հաջողությամբ են պաշտպանել երկրի մարզական պատիվը: Այսօր էլ մի քանի մարզաձեւերում (շախմատ, բռնցքամարտ, ծանրամարտ, ըմբշամարտ) հայ մարզիկներն աշխարհում առաջատար դիրքեր են զբաղեցնում: Կարծում եմ, որ մարզիկների համար հանդերձանքը եւս կարեւոր նշանակություն ունի: Հուսով ենք, որ մեր արտադրանքը դուր կգա հայ մարզիկներին եւ կօգնի նրանց հաջող մրցելույթներ ունենալ: Հաջողություն եմ ցանկանում հայ մարզիկներին Լոնդոնի ամառային օլիմպիադայում եւ թող մեր հանդերձանքով նրանք մեդալներ նվաճեն:

  Գագիկ Ծառուկյան - Ողջունում եմ բոլորիդ այս իրադարձության առիթով: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մեծ ծավալի աշխատանք է տանում, որպեսզի հայաստանցի մարզիկները հաջող հանդես գան Լոնդոնի օլիմպիական խաղերում: 2008-ին Պեկինում մենք 6 բրոնզե մեդալ նվաճեցինք: Այս անգամ հարկավոր է ավելի ազնիվ մետաղից մեդալներ նվաճել: Ուրախ եմ, որ համագործակցելու ենք ռուսական «Ֆորվարդի» հետ, որի արտադրած մարզահագուստով են ռուսաստանցի օլիմպիականները հանդես գալիս: Պայմանագրով նախատեսված է Հայաստանում «Ֆորվարդ» ֆիրմայի խանութ բացել, որում արտադրանքը կվաճառվի ամենացածր գներով: Հուսանք, որ նոր մարզահագուստը հաջողակ կլինի մեր մարզիկների համար ու նրանք նորանոր նվաճումների կհասնեն:

Տեղեկացնենք, որ «Ֆորվարդ» ընկերության արտադրանքը բազմաթիվ պարգեւների է արժանացել: Մեկ հավաքածուն բաղկացած է շուրջ 30 անուն ապրանքատեսակից: 2003-ից այս ֆիրման է հանդերձավորում Ռուսաստանի 60 մարզաձեւերի 200 հավաքականներին ու պարալիմպիկ մարզիկներին:

Ֆիրման մշտապես քայլում է ժամանակակից նորաձեւության նշանաբանով եւ մարզաշխարհում հայտնի է նաեւ բարեգործություններով: Ֆիրմայի հետ կնքված պայմանագրով մարզահանդերձանքը կկրեն ինչպես ՀՀ օլիմպիական թիմերը, այնպես էլ ՄՕԿ-ի հովանու ներքո անցկացվելիք միջոցառումների մասնակից Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանին հատկացվելիք հավաքածուն արդեն մտել է արտադրություն: Աշխատել են մարզական նորաձեւության փորձառու մոդելավորողներ: Անվանատեսակների վրա կլինեն հայերեն եւ անգլերեն նշագրեր, մեր երկրի խորհրդանիշերը, եռագույնը, զինանշանը, Հայաստան, ՀԱՕԿ անունները եւ այլն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4