Հունվարի 14-29-ը հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքում կայանալիք շախմատի ավանդական մրցաշարը մասնակիցների միջին վարկանիշով ամենաուժեղն է լինելու այդ մրցաշարի անցկացման ողջ պատմության մեջ: Գլխավոր մրցաշարի 14 մասնակիցների միջին վարկանիշը 2752 է, որը գերազանցում է 2008-ի ռեկորդային ցուցանիշը (2740): Եվ դա այն դեպքում, որ մրցաշարում հանդես չեն գալու շախմատի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը եւ Վլադիմիր Կրամնիկը: Այս տարի մրցաշարում նորամուտը կնշի ադրբեջանցի Վուղար Հաշիմովը, որը ներկայումս ՖԻԴԵ-ի դասակարգման ցուցակում 10-րդ տեղում է:
Իհարկե, մինչեւ հունվար մասնակիցների վարկանիշները կփոփոխվեն: Բացառված չէ, որ միջին վարկանիշն ավելի բարձր լինի:
Ինչպես միշտ, Վեյք Ան Զեեի մրցաշարում հանդես կգա Լեւոն Արոնյանը (2807), որն իր վարկանիշով զիջում է միայն նորվեգացի Մագնուս Կառլսենին (2823): Մրցաշարին կմասնակցեն նաեւ Սերգեյ Կարյակինը (2772), Վեսելին Թոփալովը (2768), Վասիլի Իվանչուկը (2765), Վուղար Հաշիմովը (2756), Գատա Կամսկին (2756), Հիկարու Նակամուրան (2753), Թեյմուր Ռաջաբովը (2752), Բորիս Գելֆանդը (2746), Անիշ Գիրին (2722), Ֆաբիանո Կարուանան (2712), Դավիթ Նավարան (2705) եւ Լյուկ վան Վելին (2689):
C խմբի մրցաշարի մասնակիցներ թվում կլինի Էլինա Դանիելյանը (2517), որն իր վարկանիշով զիջում է Մաքսիմ Տուրովին (2643), Մեթյու Սադլերին (2625), Հանս Տիկանենին (2591) եւ Դան Բրանդենբուրգին (2522):