Ֆրանսիայում ընթացող շախմատի մրցաշարի նախավերջինՙ 8-րդ տուրում առաջատարների միջեւ կայացած հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի: Հրանտ Մելքումյանը հաշտություն կնքեց Տալ Բարոնի հետ, նույնպիսի ելք ունեցավ Իվան Չեպարինովի եւ Կրիշնան Սասիկիրանի մրցավեճը: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Մելքումյանը եւ Չեպարինովը գլխավորում են աղյուսակը: Այնպես որ հաղթողին կանվանի ավարտական տուրը: Մելքումյանը սեւերով խաղալու է հնդիկ գրոսմայստեր Սասիկիրանի հետ, իսկ Չեպարինովը նույն գույնի խաղաքարերով մրցելու է Գավայն Ջոնսի հետ:
Առաջատարների խմբում է նաեւ Ավետիք Գրիգորյանը, որը եւս կարող է հավակնել մրցանակային տեղի: Հայ շախմատիստը սեւերով հաղթելով Քրիստոֆեր Դեբրային, վաստակեց 6 միավոր: 9-րդ տուրում նա սպիտակներով խաղալու է նույնքան միավոր ունեցող Մարկ Առնոլդի հետ:
5,5 միավորով 19-րդ տեղում է Աղասի Ինանցը, որը հաղթեց Ալեքսիս Սկուվակլիսին: Վահե Բաղդասարյանը 5 միավորով 24-րդ տեղում է: Նա պարտվեց Մարկ Առնոլդին: