ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայաստանում առաջին պահից կարող է թվալ, որ ոչ մի բան համարյա չի կատարվում, սակայն միջին նշանակության գործընթացները կամաց-կամաց ամեն ինչ ուղղորդում են դեպի նախընտրական իրավիճակ, իսկ շարժումն ու դինամիկան նույն ուղղությամբ են, եթե ուշադիր դիտենք:
ՀԱԿ-ն ահա մտավ սովորական ընտրական փուլ, ինչը նրան ամիսներ արդեն հասկացվում էր, բայց ՀԱԿ-ում համառորեն դա չէին ուզում հասկանալ, մինչեւ որ սեփական գործողություններով ուժերը փոշիացնելով` ինքնուրույն հանգեց դրան: Իսկ Գագիկ Ծառուկյանը , ԲՀԿ-ՀՀԿ-ի շուրջը ստեղծված աղմուկին այդպես էլ չէր պատասխանում` կարծես ինչ-որ բանի սպասելով. ինչի՞ էր սպասումՙ դժվար է ասել, բայց հենց ՀԱԿ-ի հանրահավաքից եւ ՀՀԿ-ի նոր հավաստիացումներից (թե` ԲՀԿ-ն մեր գործընկերն է) հետո հաջորդեց Ծառուկյանի երեկվա պարզաբանումը:
Գ. Ծառուկյանն առաջ հերթական քառօրյայի սկզբում էր միշտ լրագրողների հետ ճեպազրույցում իր ասելիքը փոխանցում, սակայն հիմա, երեւում է, նրա տառապանքը փորձ ունի, սկսել է կայքով պատասխանել, որ ավելորդ ոչ մի հարցի չպատասխանի, թե չէ մամուլը սիրում է նրա ասածների առումով ճանճից փիղ ստեղծել: Այսպիսով` Գ. Ծառուկյանն իր հարցազրույցում փորձել է եզրափակել ՀՀԿ-ԲՀԿ հակադրության` վերջին շրջանում օր-օրի զարգացվող պատմութունը:
Խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի հավակնությունների մասին հարցին ի պատասխան` Գ. Ծառուկյանը նշել է, թե պետք է «առնվազն պահպանել «Բարգավաճ Հայաստանի» այսօրվա ներկայացվածության աստիճանը խորհրդարանում եւ փորձել հասնել ավելիին, քանի որ ԲՀԿ-ն երկրի հզորացմանը եւ ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր ունի, եւ դրանք կյանքի կոչելու համար պետք է օգտագործի նաեւ խորհրդարանական ամբիոնը: Նա տրամաբանական է համարել նաեւ, որ Հանրապետական կուսակցությունն աշխատելու է պահպանել առկա ներկայացվածության մակարդակը եւ հասնել ավելիին. «Մենք միասնական նպատակներ հայտարարել ենք դեռ ամիսներ առաջ, փետրվարին ստորագրած հուշագրով, նախանշելով, որ մեր ակտիվ քայլերով մեծացնելու ենք իշխող կոալիցիայի դերակատարությունը մեր երկրում եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքում հասնելու ենք Հայաստանի Ազգային ժողովում մեր կուսակցությունների ներկայացվածության աճին», ասել է նա: Իսկ ՀՀԿ-ԲՀԿ շուրջը ծավալվող կրքերի վերաբերյալ հարցին Գ. Ծառուկյանը պատասխանել է, թե «առանձին լրատվամիջոցներ, թերեւս նաեւ ձուկ որսալու ակնկալիք ունեցող ջուր պղտորողներ «որոշեցին», որ ինչ-որ խնդիր կա, հորինեցին ինչ-որ նոր հուշագրերի պատմություններ, իրենք ասացին, իրենք հավատացին, չեմ բացառում նաեւ, որ հավատացրին նաեւ որոշ մարդկանց». «Իշխող քաղաքական ուժերը ներկայացնող գործիչներն այս ընթացքում մեկ անգամ չեն հրապարակավ բավականաչափ թափանցիկ ակնարկել, որ մակերեսային հորինովի աժիոտաժները չեն կարող կապ ունենալ իրական քաղաքական գործընթացների հետ` պնդելով, որ մեկնաբանում են միայն քաղաքական ուժերի պաշտոնական հայտարարությունները եւ ուշադրությունից դուրս են թողնելու ամեն տեսակ «խայծերը»: Ես կարծում եմ, որ մեր քաղաքական գործիչները, մամուլը եւ ընդհանրապես հասարակությունը վաղուց արդեն կարողանում են տարանջատել իրական գործընթացները հնարովի ակցիաներից եւ նման «նախաձեռնություններն» իրենց նպատակին հասնել այլեւս չեն կարող մեր երկրում»:
Այս պատասխանը երեկ աշխուժորեն քննարկում էին քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու վերլուծաբանները: Անգամ առաջին նախագահին հարող կայքում համոզված էին, որ այդպիսով ԲՀԿ-ն մերժեց ՀԱԿ-ին, մինչդեռ Տեր-Պետրոսյանը ժամանակին ԲՀԿ-ին հայաստանածին բնական կուսակցություն էր որակել` գուցե եւ այդպիսով ստվար ուժերով գործընկեր գտնելու հույսով: Իսկ թե ՀԱԿ-ԲՀԿ` մեր կարծիքով անհնար գործընկերությունը վախեցրե՞լ է ՀՀԿ-ին, որի ղեկավարներից էլ եկել է Ծառուկյանի երեկվա հայտարարության համար հիմք դարձող մեզ անհայտ ազդակը, դա չենք կարող պնդել, սակայն ենթադրությունների կատեգորիան ոչ ոք օրենքից դուրս չի հայտարարել: Ո՞րն է որին հաջորդել` Տեր-Պետրոսյա՞նն է, հույսը կտրելով ինչ-որ հզոր գործակցությամբ արտահերթ ընտրությունների գնալու հնարավորությունից, հայտարարել խորհրդարանական հերթական ընտրությունների գնալու մասին, թե՞ Ծառուկյանն ու ՀՀԿ-ն են վերջապես իրենց հաշվարկները հստակեցրել, արդեն էական չէ: Կապվա՞ծ է այս բոլորը Սարկոզիի այցի կամ նախագահ Սարգսյանի` Մոսկվա այցելության հետ, թե՞ չի կապված (այս թեմաներն առանձին քննարկման նյութ են), կամ ի՞նչ է ակնարկում Տեր-Պետրոսյանը, երբ ասում է, որ այս պահին իրենցից ոչինչ կախված չէ, էլի էական չէ: Էականը մասամբ նոր իրավիճակն է` ՀԱԿ-ը գնում է հերթական ընտրությունների եւ հավանաբար մենակ, որովհետեւ «Ժառանգությունը», ՀՅԴ-ն կամ «Ազատ դեմոկրատները հազիվ թե նրան միանան: ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն երեկ հստակ բացառեց ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, «ժառանգությունն ավելի շուտ «Ազատ դեմոկրատներին» կամ ՀՅԴ-ին կգերադասի, քան ՀԱԿ-ին, իսկ ԲՀԿ-ն էլ երեկ դիրքորոշում հայտնեց իր առաջնորդի բերանով (եթե, իհարկե, ԲՀԿ-ի մասով նոր վայրիվերումներ չլինեն): Ուրեմն` նորից ծագում է մի նոր համախմբում ձեւավորվելու հրամայականը, որը լցնելու է իշխանության եւ ընդդիմության միջեւ եղած միջակայքը: Պարզ է մի բան, Հայաստանը բոլոր, բացառապես բոլոր քաղաքական ուժերի կարծիքով գնում է հերթական ընտրությունների, եթե, իհարկե, նոր առիթ չլինի ֆորս-մաժորի: Իսկ այդպիսի առիթ ստեղծելն այնքան էլ հեշտ բան չէ: Հերթական ընտրությունների գնալու պարագայում, բոլորն են հասկանում, խաղը գործող իշխանության ձեռքում է: Լավ է դա, թե վատ, դա ուրիշ խնդիր, եւ այդ մասին կխոսենք առաջիկայում: