«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2011-10-28 | #194, 2011-10-29 | #195, 2011-11-01


ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԻՇԵՑՈՒՄ ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ` ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ԿՈՉՈՎ

«Ադրբեջանի ղեկավարության հրահանգով եւ ամենատես աչքի հսկողության ներքո մի քանի տարվա ընթացքում ոչնչացվեցին Նախիջեւանի միջնադարյան գերեզմանատան հազարավոր նմանատիպ խաչքարեր` այն վերածելով ռազմական հրաձգարանի: Միջնադարյան հայ վարպետների կողմից նրբորեն փորագրված խաչքարերի ոչնչացումը այլ ժողովուրդների մշակույթի նկատմամբ կույր ատելության արտահայտություն է», հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 29-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնից` կազմակերպության 36-րդ գլխավոր կոնֆերանսում:

Նալբանդյանը հիշեցրել է, որ նախորդ տարի «Հայկական խաչքարային արվեստը» ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Նալբանդյանն ընդգծել է, որ այդ վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհրդի (ICOMOS) Գլխավոր ասամբլեայի բանաձեւում նշվում է, որ դժբախտաբար «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլեւս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին» :

Միեւնույն ժամանակ, ըստ Հայաստանի ԱԳ նախարարի, Հայաստանի հարեւանները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում հայկական պատմական ժառանգության պահպանության հարցում: «Առկա է լավ համագործակցություն Իրանի հետ, որը պատշաճ հոգատարություն է դրսեւորում իր տարածքում տեղակայված հայկական հուշարձանների նկատմամբ... Խոստումնալից համագործակցություն է սկսվել նաեւ հարեւան Վրաստանի հետ: Ցավոք, այդ դրական փորձը փոխադարձություն չի գտնում մեր մյուս հարեւանների մեջ: Հայկական պատմական ժառանգության ոչնչացման քաղաքականության հետեւանքով համաշխարհային արժեք ներկայացնող հազարավոր հուշարձաններ իսպառ անհետացել են», փաստել է Նալբանդյանը:

Հիշատակելով Հայաստան-ՅՈՒնԵՍԿՕ համագործակցության տարբեր ոլորտները` Նալբանդյանը շեշտել է, այդուհանդերձ, որ երբ մարդու իրավունքների պաշտպանությունը եւ խթանումը համարվում են հիմնարար սկզբունք, մշակութային կամ կրոնական արժեքների հետեւողական, պարբերական եւ միտումնավոր վնասումը կամ ոչնչացումը պետք է խստորեն դատապարտվեն` անցյալի սխալների կրկնությունը կանխելու համար:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4