Վրաստանի արտգործնախարարությունը հերքել է լուրերը, թե Հայաստանի նախագահը «նեղացել է» Վրաստանի նախագահից եւ այդ իսկ պատճառով հետաձգել այցը Վրաստան: Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբՙ այս մասին հերթական ճեպազրույցում հայտնել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Քալանթաձեն` հանդես գալով Հայաստանի նախագահի մամլո խոսնակի «դերում»:
Նրա ներկայացմամբՙ Հայաստանի նախագահի այցը չի հետաձգվել, այլ հայտնի չի եղել վերջնական ժամկետը, ինչն էլ ներկա փուլում, ըստ Քալանթաձեի, ճշտվում է: Հատկանշական է, որ ներկայացնելով Հայաստանի նախագահի «նեղանալու» պատճառը` վրացական լրատվամիջոցները Վրաստանի նախագահի` հայկական փրկարարների դանդաղ գործելու ֆոնին վրացիների «արագաշարժության» մասին դատողությունը ներկայացրել են «իբր» հավելմամբ:
Նկատենք, որ տիկին Քալանթաձեն նախ պետք է ներողություն խնդրեր, քանի որ ինքն էլ հենց հանդիսացել է այն սխալ աղբյուրը, ըստ որի Հայաստանի նախագահը պետք է նոյեմբերի սկզբին այցելեր Վրաստան: Բացի դրանից, «Ազգի» տեղեկություններով, ժամանակին Հայաստանի նախագահի այցի մասին հայտարարող Քալանթաձեն շատ է շտապել, քանի որ անգամ այդ ժամանակ այցելության ժամկետները համաձայնեցված չեն եղել, թեեւ հստակ է, որ Վրաստանի նախագահ Սաակաշվիլու պոռոտախոսությունը անպատժելի չպետք է մնա:
Ա. Հ.