Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալը, որքան էլ արտառոց էր ու ոչ տրամաբանական, այդուհանդերձ, ինչ-որ հույսեր է կարծես ձեւավորել, թե գոնե այդ կարգավիճակում այս երկիրն առավել ժողովրդավարական երեւալու փորձեր կանի: Սակայն Ադրբեջանի պարագայում իրականությունն այն է, որ հայատյացությունը ամենաբարձր մակարդակով մատուցվում է նաեւ ողջ աշխարհին, իսկ միջազգային կոչվող հանրությունը սուսուփուս սպասում է, թե երբ եվրոբնակարաններում կվառվի ադրբեջանական գազը:
Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը երեկվա իր հրապարակումներից մեկում անդրադարձել է մի փաստի. «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը թույլ չի տվել, որ ՌԴ քաղաքացի, «ԱվտոՎԱԶ» ընկերության արտահանման վարչության ղեկավար Սերգեյ Գյուրջյանը օգտվի իրՙ Մոսկվա-Բաքու չվերթի տոմսից` հասկացնելով, թե պատճառը ՌԴ քաղաքացու հայկական ազգանունն է:
Գործնական նպատակներով Բաքու մեկնելու անհրաժեշտություն ունեցող Գյուրջյանին Ադրբեջան չթողնելն, ըստ թերթի տեղեկությունների, առաջին դեպքը չէ, ավելին, ռուսաստանցի իրավապաշտպանների վկայությամբ, հայկական ազգանունով ՌԴ քաղաքացիներին Ադրբեջան չթողնելն արդեն «ոչ թե բացառություն է, այլ միտում», որ տարածվում է անգամ Բաքուն որպես տարանցիկ օդանավակայան օգտագործել պատրաստվող հայկական ազգանունով ՌԴ քաղաքացիների վրա: «Այս դեպքում միջադեպը հասել է ՌԴ նախագահի գրասենյակ, որտեղ այն, ի դեմս ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչի, բնութագրվել է որպես «ամենաթողություն»», նշում է «Կոմերսանտը»:
Գյուրջյանի` սեփական բլոգում ներկայացրած պատմությունն, ըստ թերթի, դարձել է ռուսաստանյան բլոգային միջավայրի անցած շաբաթ օրվա ամենաքննարկվող թեման: Այս պարագայում այլ կերպ, քան խտրականություն, տեղի ունեցածը չի կարելի որակել, անգամ եթե հաշվի առնենք, որ ավիաընկերություններն իրավունք ունեն, անվտանգության նկատառումներից ելնելով, ուղեւորներին չթողնել ինքնաթիռ:
Ազգանվան հիմքով նման արգելքի կիրառումը որեւէ կերպ հիմնավորված չի կարող լինել` անգամ անվտանգության ապահովման բացատրություններով: Իսկ Ադրբեջանի պարագայում հստակ է, որ արգելքը հրաման է, թեեւ կարող է չունենալ պաշտոնական կամ գրավոր տեսք:
Ռուսաստանյան այլ լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ Գյուրջյանը պատրաստվում է դատի տալ ադրբեջանական ավիաընկերությանը: Ամեն դեպքում, հենց վերջերս «դիվանագիտական հաղթանակ» տոնող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Ադրբեջանի նկատմամբ պարտավոր է վերաբերմունք արտահայտել նույն այդ կառույցի մարդու իրավունքների հանձնաժողովը, եթե, իհարկե, այդ հաստատության նպատակը մարդու իրավունքներն ու դրանց պաշտպանությունն են:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ