«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2011-10-28 | #194, 2011-10-29 | #195, 2011-11-01


ՏԱՃԱՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Վաստակաշատ շինարար Վազգեն Պողոսյանի ամենամեծ հպարտությունը Երեւանում իր կառուցած «Ս. Գրիգոր Լուսավորիչ» մայր եկեղեցին է: Երբ մայր եկեղեցու կառուցման հայտարարված մրցույթում հայտ ներկայացրեց նաեւ Վազգեն Պողոսյանի ղեկավարած «Երեւանշին» բաց բաժնետիրական ընկերությունը, վստահությունը գալիս էր նյութատեխնիկական խոշոր բազայի առկայությամբ, նախորդ տարիներին իրականացրած կառուցապատման մեծ ծավալներով եւ` եկեղեցաշինության փորձով ու այդ նվիրական, պատասխանատու գործին հավատավոր մարդու մոտեցմամբ: Այս վերջին երկու հանգամանքը, թեպետ զուտ բարոյական հարթության վրա էին, սակայն կարեւորվում էին իր հայրենի Գեղհովիտ գյուղում կառուցված «Թուխմանուկ» եկեղեցու կառուցման փաստով ու հոգեւոր արժեքների հանդեպ ունեցած Պողոսյանի վերաբերմունքով: «Երեւանշին»-ը շահեց մրցույթը, եւ սկսվեց վիթխարի շենքի կառուցումը` «Ս. Գրիգոր Լուսավորիչ» մայր եկեղեցին այսօր Երեւանի կենտրոնում:

Նորանկախ Հայաստանում 1998 թվականին սկսված եւ 2001-ին ավարտված առաջին խոշոր կառույցն էր, որ դեռ տարիներ առաջ նախաձեռնել էր Վազգեն Ա վեհափառը, սկսվեց կառուցվել Գարեգին Ա վեհափառի եւ ավարտվեց Գարեգին Բ վեհափառի օրոք` ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյա հոբելյանի:


- Մեր սերունդը հպարտանում է իր նախնիների` հազարամյակներով թողած հուշարձաններով: Մեզ բախտ վիճակվեց այս եկեղեցու կառուցումով շարունակել նրանց գործը: Սա մեծ պատիվ էր մեզ համար:

Աշխատում էին երկհերթ: Մարդիկ հետաքրքրությամբ այցելում էին կառույց: Տեսնելով ժողովրդի այդ չդադարող հոսքը, Պողոսյանը շինհրապարակում փայտե մեծադիր խաչ տեղադրեց, տակը` մոմավառության սեղաններ, հրավիրեց հոգեւորականներ` օրհնելու այդ ձեռնարկումը: Մարդկանց մտածելակերպն էլ մի տեսակ փոխվեց` ազգայն հոգեւոր զարթոնք էր, բացօթյա այդ վայրում անգամ կնունքներ կազմակերպվեցին` տեղը տեղին, հոգեւորականների մասնակցությամբ: Դեռ չկառուցված եկեղեցին արդեն սրբավայր էր:

- Ես այս կառույցի մեջ տեսնում եմ 1700 տարվա մեր ժողովրդի հավատքի ողջ բեւեռացումը: Այս եկեղեցին մեր հոգու քարեղեն պատկերն է, մեր հավատքի անլռելի զանգակատունը:

- Հիմա մեր երկիրը դժվարություններ ունի, եւ կարծես թե, մեր ուշադրությունն ավելի շատ տնտեսական նպատակահարմարություններ ստեղծելուն պիտի ուղղված լինի:

- Այն ժամանակ ավելի շատ էին այդ դժվարությունները, բայց 1700-ամյա հոբելյանին հարկավոր էր մեր մեծ նվերը, եւ «Ս. Գրիգոր Լուսավորիչ» մայր եկեղեցու կառուցումն ես համարում եմ մեր ժողովրդի ընծան այդ մեծ հոբելյանին: Գալով մեր օրերին, ասեմ հետեւյալը. դժվարություններ, ինչ խոսք, դեռ շատ ունենք: Դրանք անկախության ճանապարհին ծառացած դժվարություններ են, որոնք հաղթահարելի են: Միայն թե միաբանություն ու գումարյալ ջանքեր են հարկավոր: Հարկավոր է, որ ոչ միայն եկեղեցի կառուցող, այլեւ եկեղեցիով կառուցվող ազգ համարվենք, համախմբվենք մեր հավատքի ու մեր անկախության գաղափարի շուրջ: Ականջալուր լինենք Եղիշեին. «Միաբանությունը բարի գործերի մայրն է»:

Աստվածահաճո գործը միշտ էլ զարդարել է մարդուն, միշտ էլ նրան ներքին ուժ է տվել, մտահղացումների առատ աղբյուր եղել, եւ բնավ էլ պատահական չէր, որ, այլեւս փորձն ու շինարարի մասնագիտական խորագիտությունը ձեռք բերած Վազգեն Պողոսյանն այդ վիթխարի աշխատանքը պատվով հասցրեց իր լրումին` գնահատանքի պսակ որպես ստանալով հայրենի երկրի պետական մրցանակը:

- Այսօրինակ գործերի մեջ, որոնք մեր հոգեւոր կյանքի սյուներն են,-ասում է Պողոսյանը,- մի տեսակ փոխվում ես էությամբ, ինչ-որ ներքին մի ուժ է պատում քեզ, լցվում ես հաշտությամբ եւ զորությամբ, հոգու, ներաշխարհի բավարարություն ապրում: Ես հիմա նոր եմ հասկանում, թե ինչ զորեղ բան է հավատքի ուժը:

Վազգեն Պողոսյանն այն շինարարն է, այն կազմակերպիչը, որին մշտապես վստահվել են շատ պատասխանատու կառույցների շինարարություն կամ վերանորոգում: Նրա ղեկավարարած «Երեւանշինը» 2004 թվականին վերանորոգեց Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը, Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի շենքը: Հիմնովին վերակառուցեց ու գեղեցիկ տեսքի բերեց Հանրապետության հրապարակը: Կառավարության պարգեւը չուշացավ` «Անանիա Շիրակացի» մեդալ:

- Շինարարության մեջ մեծ պոեզիա կա,-ասում է Վազգենն ու Չարենցից մեջբերում անում. «...Ձեր ձիրքով թողիք աշխարհում դուք անանց եւ անջինջ մի հետք, //Եվ մնացիք հավիտյան քերթության վարպետներ անմահ...»: «Ս. Գրիգոր Լուսավորիչ» մայր եկեղեցի մտնողը, կամ օպերայի ու ֆիլհարմոնիայի հանդիսատեսն ի՞նչ մտորելու բան ունի, թե ով է կառուցել կամ վերանորոգել այդ շենքերը, նրա համար կարեւոր է, որ դրանք կան, դրանք պահանջված են: Շինարարներիս մնում են ուրախությունն ու հպարտությունը:

Կառուցած շենքերով ուրախ ու հպարտ շինարար, տեխնիկական գիտությունների դոկտոր Վազգեն Պողոսյանն իր վաթսունամյա շեմին թե անցյալ օրերին անդրադարձ անի, նույն հպարտությունը պիտի ապրի. ՀՀ Գերագույն խորհրդի, ապա եւ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ շինարարաների միության պատվավոր նախագահ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, «Անանիա Շիրակացու» մեդալակիր, ուսումնական ձեռնարկների, հինգ գրքերի եւ երեսունից ավելի գիտական հոդվածների հեղինակ, «Երեւանշին» ԲԲԸ խորհրդի նախագահ, Ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, համադրաբար դասախոսական աշխատանք Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում` պարգեւատրված ՀՀ քաղաքաշինության նախարարության եւ այդ բուհի ոսկե մեդալով:

Պապենական արմատներ ունենալով Պատմական Ալաշկերտում, որտեղից, եղեռնի հետեւանքով 52 ընտանիք գաղթեց ներկայիս Մարտունու Գեղհովիտ գյուղ, Պողոսյանը հեղինակեց «Գեղհովիտ» ստվարածավալ մենագրությունը, իր ձեւակերպումով` «Ի հիշատակ մեր նախնիների եւ ի պահ նոր սերնդին»:

- Ձեր այս հարուստ կենսագրությունը հանկարծ չփոխի՞ Ձեր բնույթը:

- Ես էլի նույն մարդն եմ, գուցե ավելի հասարակ: Ամեն մարդ պարտավոր է իր ապրած տարիներին իր կյանքի գործն անել` գնահատականը թողնելով ուրիշներին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4