«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2011-10-28 | #194, 2011-10-29 | #195, 2011-11-01


ՄԵՐ ՄՇՏԱԺՊԻՏ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ

Սվետլանա Գրիգորյանըՙ մեր Ռոզը («Տաքսի, տաքսի») մշտապես գերել է իր հանդիսատեսին, վեց տասնամյակից ավելի դարձել սիրված ու Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի հիմնասյուներից մեկը: Դերասանուհին իր ուրույն խաղով դարձել է էտալոն, դարձել ուղեցույց սերունդների համար: Բեմում Սվետլանան, չնայած իր կլորիկ-թմբլիկ ծանրակշիռ մարմնի, բմբուլի պես թեթեւ է, պարում է, թռչկոտում, երգում եւ դերը այնպես մատուցում, որ երկար ժամանակ մնում է հանդիսատեսի հիշողության մեջ: Շատերը նրան ընդօրինակում են, մեջբերում, փորձում նմանվել, սակայն դա գրեթե չի հաջողվում: Սվետլանա Գրիգորյանը որքան որ պարզ ու մարդամոտ է, այնքան բարդ ու պատասխանատու է իր կերտած յուրաքանչյուր դերի հանդեպ եւ հենց դրանում է նրա դերասանական փայլուն տաղանդի բացահայտումը: Անցած դարի կեսին նա թատրոն եկավ աճեմյանական դպրոցի բովով անցած, մեծ դերասանապետի մանկավարժական տաղանդով օծված, խաղաց, հիացրեց ու մինչեւ այժմ էլ հիացնում է իր խստապահանջ հանդիսատեսին:

Շուրջ 62 տարի դերասանուհին պարոնյանական բեմում կերտեց հարյուրավոր դերեր, նոր գույն, նոր որակ ու տեսակ բերեց բեմՙ նրանով ժանրը գտավ եւս մի անզուգական մեկնաբանի, որի շնորհիվ նաեւ բարձրացավ թատրոնի հեղինակությունը: Նրան սիրեցին ու գնահատեցին բոլոր ժամանակների մեր մեծերը: Սվետլանա Գրիգորյանը նաեւ բեմական խոսքին, լեզվին մեծ կարեւորություն տվող դերասանուհի է, կերպարը խոսքի օգնությամբ բացող արվեստագետ, անկախ նրանից դերը օպերետային է, կենցաղային, բնութագրական, քնարական, թե հերոսական:

Անվերջանալի հմայքի տեր դերասանուհին հատկապես աչքի է ընկել բնավորության հատուկ գիծ ունեցող դերերովՙ Բալասան («Ծաղիկների աշխարհում»), Թագուհի («Ախ, ներվե՛ր, ներվե՛ր»), 30 տարի շարունակ բեմում իր անզուգական խաղընկեր Կարպ Խաչվանքյանի հետ առասպելական հաջողության արժանացած Ռոզ («Տաքսի, տաքսի»), Սաթենիկ («Իմ զոքանչը»), Մարթա («Ատամնաբույժն արեւելյան»), Ալիս («Ծաղրածուի որդին»), եւ այսպես շարունակ մինչեւ օրս:

Նա վայելեց նաեւ սփյուռքահայերի ու օտարազգիների մեծարանքն ու արժանացավ «Ծիծաղի թագուհի» տիտղոսին: Նրա յուրաքանչյուր բառը ժպիտով ու ջերմությամբ է ընդունվում ու դառնում սպեղանի շատերի համար: Նման ժողովրդականություն վայելող ՀՀ ժողովրդական արտիստուհին ութ տասնամյակ հետեւում թողած երազում է խաղալ ու էլի խաղալ, քանի որ, ինչպես ասաց «Ազգի» հետ զրույցում, «դերասանն առանց բեմի կյանք չունի: Իսկ ես բեմի մարդ եմ, բեմում էլ պիտի ավարտեմ իմ բեմական կյանքը: Չկարծեք թե շուտով, ոչ՛, ես դեռ շատ եմ խաղալու ու դուք էլ ներկա եք լինելու, իմ սիրելի ու պաշտելի հանդիսատես: Առանց ձեզ, ես Սվետլանա կմնայի, դո՛ւք ինձ ստիպեցիք դառնալ Ռոզ, Մարթա, Անուշ ու այսպես շարունակ...», ասում էր ու ժպտում, գրկում իրեն մոտեցող թատերասերներին, համբուրում եւ նաեւ հուզվում:

«Դե ասա, այս վերաբերմունքին, այս ապրումներին ինչպե՞ս չհուզվեմ եւ չգանահատեմՙ մի նոր դերակատարում մատուցելով: Սա է գաղտնիքը իմ բեմարվեստի հաջողության», ասաց Սվետլանա Գրիգորյանը եւ շտապեց բեմ բարձրանալ, որտեղ հոբելյանական հանձնաժողովը մեծ շուքով նշում էր սիրելի դերասանուհու հոբելյանը:

Հոդվածը պատրաստ էր, երբ նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացրին, որ դերասանուհինՙ Սվետլանա Ռուբենի Գրիգորյանը, պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4