Վերջին օրերին լարվածություն է նկատվում Լիբանանի մայրաքաղաքին կից հայաշատ Բուրջ Համուդ քաղաք-թաղամասին հարող մասնավորաբար Նաբաա եւ Դոուրա շրջաններում, որտեղ անհամեմատ շատացել են քրդերն ու թյուրքմենները: Նրանց մեծ մասը Լիբանան է մտել հարեւան Սիրիայից, որտեղ շատ քրդեր մասնակցություն են ունենում հակաիշխանական խռովություններին: Բուրջ Համուդի մատույցներում գտնվող վերոհիշյալ շրջաններում, հատկապես հայկական Արագած եւ Նոր Ամանոս թաղերում, վերջին ժամանակներին ավելացել են քրդերի եւ թյուրքմենների ոտնձգությունները հայերի ու հայապատկան ինչքերի նկատմամբ, լկտի պահվածքի դրսեւորումներըՙ տեղի հայ ընտանիքների դեմ: Վերջին ուրբաթ եւ շաբաթ օրերին տեղի են ունեցել փողոցային բախումներ, դանկահարվել են մի քանի հայ երիտասարդներ: Չի ուշացել ուժգին հակահարվածը, որից հետո հնչել է Բուրջ Համուդում տիրապետող ՀՅԴաշնակցության ներկայացուցիչների պահանջը քրդերիցՙ հեռանալ հայաբնակ թաղերից:
Տեղեկացնենք, որ քրդերը Լիբանանում մինչեւ վերջին ժամանակները քաղաքական ներկայություն, հետեւաբար ազդեցություն չունեին: Միայն վերջին իրաքյան պատերազմից հետո նրանք ողջ տարածաշրջանում կարեւոր ֆակտոր են դարձել, ինչը, հավանաբար, նրանց լկտի պահվածքին թեւեր է տվել Լիբանանում:
Այնուամենայնիվ, տեղի հայությունը պետք է զգույշ լինի, որպեսզի արհեստականորեն միջէթնիկական հարթակ չտեղափոխվի լարվածությունը, որը կարող է շահարկվել 3-րդ ուժերի կողմից: