Այսպես թե այնպես` դրանք սկսվել են
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ազգը» բազմիցս գրել է, որ Հայաստանի երրորդ նախագահը անհրաժեշտություն ունի իրական փոփոխություններ իրականացնելու երկրում: Նաեւ նշել ենք ակնհայտ փաստը` դրա համար այլեւս ժամանակ չի մնացել, իսկ հասարակությունն այդպես էլ չբավարարված մնաց` փոփոխությունների վերաբերյալ իր ահռելի պահանջներից գոնե նվազագույնի իրականացումը չտեսնելով: Ժամանակ այլեւս չկա, քանի որ խորհրդարանական ընտրությունները քթի տակ են, իսկ մեր կյանքն այդպես էլ որակապես չի փոխվել: Արդյո՞ք սկսված պաշտոնափոխություններով նախագահը փորձում է խախտել ծանր նստած ստատուս քվոն, կամ այլ կերպ հարցնենք` պաշտոնափոխությունները ռեսուրս ունե՞ն գոնե շատ թե քիչ մեր կյանքը փոխելու: Դժվար է այդ գլխավոր հարցին պատասխանելը, բայց հարակից այլ հարցերի պատասխան կարելի է տալ. նախ որ հասարակության ուշադրությունը կուտակված խնդիրներից տեղափոխվում է պաշտոնափոխությունների եւ դրանց մերձ կատարվող այլ գործընթացների, դրանց վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումների վրա, բացի այդ` հենց թեկուզ երեկվա փոփոխությունը, երբ Ալիկ Սարգսյանին փոխարինեցին Վովա Գասպարյանով, իր մեջ լիցք ունի ընտրություններից առաջ մեջք ամրապնդելու առումով:
Համենայն դեպս` երեկ անասելի ակտիվացել էր լրատվական դաշտը, ընդ որում` բավականին տեղին, քանի որ ԶԼՄ-ներն ավելի առաջ են ընկել իրադարձություններից: Գրում ենՙ այս մեկին փոխում են` փոխում են, գրում են` Տարոնին են առաջադրում քաղաքապետի թեկնածու, առաջադրում են: Ահա եւ Ալիկ Սարգսյանին ազատեցին եւ նշանակեցին նախագահի խորհրդական (արդյոք ի՞նչ խորհուրդներ է տալու նա նախագահին):
Այժմ խոսում եւ գրում են տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտալուտ պաշտոնանկության մասին, որն, ի դեպ, երեկ խորհրդարանում այդպես էլ չմեկնաբանեց այդ լուրը` լուռ հեռանալով լրագրողական հետաքրքրասիրությունից: Ընդ որում` նշվում է նաեւ նրան փոխարինողի անունը` Գագիկ Բեգլարյան, որքան էլ դա անհավանական թվա:
Երեկ պաշտոնանկությունների մասին հարցրինք ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին , որը միշտ էլ ինչ-որ բան գտնում է ասելու, եւ հենց նրանից երեկ ցերեկն իմացանք, որ ՀՀԿ խորհրդի նիստը երեկոյան էլ պետք է շարունակվեր, քանի որ քննարկվող հարցերի շրջանակը մեկ օր առաջ չէր սպառվել: Այդ կարգի նիստեր ՀՀԿ-ում տարին երեք անգամ են լինում, քննարկվում են արածն ու անելիքը, իսկ եթե օրակարգի նոր հարց է ծագում` քննարկում ու լուծում են տալիս նաեւ այդպիսի հարցերին.«Երկրի տնտեսական զարգացումները բերում են նրան, որ հնարավորինս պաշտոնների փոփոխություն կլինի», ասաց Գ. Սահակյանը` ձեւակերպելով, որ ընդամենը դերակատարների փոփոխություն է լինելու: Իսկ երեկ դեռ պետք է քննարկվեին ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր: Հետաքրքրական է, որ նախագահ Սարգսյանը ոստիկանության ղեկավար կազմին նորանշանակ Վլադիմիր Գասպարյանին ներկայացնելիս նշել է, որ Ալիկ Սարգսյանը կատարել է իր առջեւ դրված խնդիրները, ու հենց նախագահն է ասել` նրան իր խորհրդական նշանակելու մասին: Ապա Ս. Սարգսյանը գնահատել է նոր նշանակումը, թե ոստիկանությունը կարիք ունի Վլադիմիր Գասպարյանի տիպի ղեկավարի (հավանաբար նոր ոստիկանապետը չաղերին եւ գետնին պառկողներին չի հանդուրժելու), իսկ բարեփոխումները ոստիկանությունում շարունակվելու ենՙ ըստ նախագահ Սարգսյանի, մեր ժողովուրդն էլ իրեն ավելի պաշտպանված է զգալու: Երեկ, չնայած պաշտպանության նախարարի եւ իր խոսնակի ինտենսիվ հերքումներին, այնուամենայնիվ մամուլն իր ենթադրություններով հարձակման գծում էր եւ նորից էր գրում պաշտպանության նախարարի (եւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի) հնարավոր պաշտոնանկության մասին (նրանք, իբր, կփոխարինվեն այժմ աշխատող փոխնախարարներով` Դավիթ Տոնոյան, Ալիկ Միրզաբեկյան): Երեկ Ազգային ժողովում Սեյրան Օհանյանը կրկին հերքեց այդ լուրերը: