Ֆրանսիայի Բաստիա քաղաքում անցկացված դասական շախմատի մրցաշարի ավարտից հետո տեղի ունեցան արագ շախմատի եւ կայծակնային շախմատի մրցախաղեր:
Արագ շախմատի մրցաշարում հանդես եկան 16 շախմատիստներ, որոնց թվում էին Հայաստանը ներկայացնող Ավետիք Գրիգորյանն ու Հրանտ Մելքումյանը, ինչպես նաեւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու Շահրիյար Մամեդյարովը:
Վիճակահանության քմահաճույքով 1/8 եզրափակիչում Գրիգորյանն ու Մելքումյանը մրցեցին միմյանց հետ: 1,5-0,5 հաշվով հաղթեց 2010-ի ՀՀ չեմպիոն Ավետիք Գրիգորյանը, որը քառորդ եզրափակիչում 2 պարտիա անցկացրեց Անանդի հետ: Վերջինս 2-0 հաշվով հաղթել էր Մասոնիին: Անանդի հետ մրցավեճում Գրիգորյանը պարտվեց 0,5-1,5 հաշվով ու դուրս մնաց հետագա պայքարից:
Կիսաեզրափակիչում Անանդը 3-1 հաշվով հաղթեց հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սասիկիրանին, իսկ Մամեդյարովը շահեց 2 պարտիաներն էլ Իվան Չեպարինովի հետ մրցավեճում: Եզրափակիչ մրցախաղում Անանդը շահեց Մամեդյարովի հետ անցկացրած 2 պարտիաներն էլ ու դարձավ մրցաշարի հաղթող:
Կայծակնային շախմատի մրցաշարում Հայաստանից հանդես եկան 3 շախմատիստներ: Առավել հաջողը Հրանտ Մելքումյանի ելույթն էր, որը 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, գրավեց 3-րդ տեղըՙ գործակիցներով զիջելով նույնպիսի արդյունքի հասած ադրբեջանցի Վասիֆ Դուրարբեյլիին: Իսկ հաղթող ճանաչվեց ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովը, որը վաստակեց 8 միավոր: Աղասի Ինանցն ու Վահե Բաղդասարյանը 6,5-ական միավորով գրավեցին համապատասխանաբար 12-րդ եւ 14-րդ տեղերը: