«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2011-11-01 | #196, 2011-11-02 | #197, 2011-11-03


ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԹՈՒՐՔԻԱ՞Ն Է ՊԱԿԱՍՈՒՄ

ԵԱՀԿ նորընտիր գլխավոր քարտուղարի «նորարարությունները»

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հակամարտությունները վարկանիշ բարձրացնելու, առավել եւս վաստակելու թեմա չեն, որ յուրաքանչյուրը հանպատրաստից կարողանա կարծիք հայտնել, ուր մնաց լուծումներ ու զարգացումների տարբերակներ նախանշել, հատկապես, երբ դեռ նոր հայտնված ինչ-որ աթոռի վրա` չիմացածի մասին սկսում են մեկնաբանություններ անել: Հերթական անտեղյակի, բայց սեփական անտեղյակության մասին անտեղյակի դերում է հայտնվել Ստամբուլում անցկացվող Աֆղանստան-Թուրքիա-Պակիստան եռակողմ գագաթաժողովին մասնակցող ԵԱՀԿ նորընտիր գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը` թուրքական «Today՛s Zaman»-ին տված բացառիկ հարցազրույցով:

«Թուրքիան կարեւոր խաղացող է տարածաշրջանում, որ կարող է քաղաքական մասնակցություն առաջարկել», խոսելով ղարաբաղյան խնդրի առկա վիճակից, թուրքական պարբերականի պնդմամբ, ասել է Լամբերտո Զանիերը: «Ես փաստում եմ, որ առաջընթաց չկա, ինչ-որ բան պակասում է», Զանիերը այսպես է արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով բանակցությունների անցկացման ընթացքին:

Իրավիճակին նման գնահատական տվող Զանիերը նշել է, թե Թուրքիայի ներգրավումն այս հարցում պարտադրաբար պաշտոնական չպետք է լինի. «Ես չեմ խոսում բանակցություններում ֆորմալ դերի, այլ իրական մասնակցության մասին»:

Թե ինչ նկատի ունի ղարաբաղյան խնդրից ու Մինսկի գործընթացից ակնհայտորեն ոչ մի տեղեկություն չունեցող ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, դժվար է գուշակել, սակայն հաջորդ միտքը նախորդից գոնե տարբերվում է այնքանով, որ ուղղակի սխալ դիտարկում է. «Թուրքիան սահմանակից է երկու երկրներին էլ, որոնք ներգրավված են հակամարտության մեջ»:

Որ բանակցային կողմերին հակամարտողներից Զանիերը չի տարբերում, հաստատ գովաբանության չէ արժանի, թեեւ Կոսովոյում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի փորձ ունեցող իտալացի դիվանագետի համար ուղղակի անհարիր է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում նոր խաղացողների ներմուծումը, երբ դրան դեմ են գրեթե բոլորը: Մյուս կողմից, ղարաբաղյան հարցին ընդհանրապես, եւ այդ առնչությամբ ամենաբարձր մակարդակով ընդունված փաստաթղթերին մասնավորապես անտեղյակ լինելու պարագայում Զանիերը բնավ էլ շահեկան վիճակում չի հայտնվում:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն իր «խիստ անձնական» կարծիքով գտնում է, թե «Թուրքիան պետք է պայմաններ ստեղծի երկու կողմերի երկխոսության խթանման համար», դրան ավելացնելով, թե ԵԱՀԿ-ն մենաշնորհ չունի հակամարտությունների կարգավորման հարցում, չմոռանալով ասվածի պոչին ավելացնել. «Ներկայումս քննարկվում է, թե պետք է հակամարտությունների հարցերը տեղափոխվեն նաեւ այլ կառույցներ, բայց ես վստահ չեմ, որ տեղափոխումը կլուծի հարցը»:

«Հարցով զբաղվող ընկերության մեջ չէ խնդիրը: Հարցը հակամարտության բուն էությունն է», ԵԱՀԿ-ին ուղղված քննադատության առնչությամբ ասել է Զանիերըՙ պաշտոնական անգիր արվող հատվածներից մի կտոր մեջբերելով, թե «կողմերի քաղաքական կամքն է պետք վերջ դնելու այդ պատմական հակամարտությանը»:

Հարցազրույցի մնացյալ հատվածը, ըստ էության, մեջբերում է «վայրի արեւմուտքում» գործածված հայտնի խոսքերից. Զանիերը, նշելով ԵԱՀԿ ջանքերը երկխոսության անհրաժեշտ պայմանների ստեղծման ուղղությամբ, հիշեցրել է հայտնի արտահայտությունը. «Մեկն էլ կարող է ձին ջրի մոտ բերել, բայց հազարն անգամ չեն կարող ստիպել ջուր խմել»: Այդուհանդերձ, 2002-2006 ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնը ղեկավարած Զանիերը թերեւս մեկ հարցում ճիշտ է գնահատել իրավիճակը. «Մենք փորձում ենք տեղում հարցը կարգավորել, բայց իրավիճակը խնդրահարույց է դառնում անվտանգության առումով»:

Կրթությամբ իրավաբան Զանիերի պարագայում քիչ տարօրինակ է, որ հակամարտության կարգավորման ներկա վիճակին հաջորդող քայլն, ըստ նրա, առավել վատթարանալու անթույլատրելիության ապահովումն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4